▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովկասյան պարը ռուսական քաղաքական «պոխմելին» օգուտ չտվեց

Կովկասյան պարը ռուսական քաղաքական պոխմելին օգուտ չտվեց, և Պուտինը Բաքվում փորձեց գտնել կովկասյան դռների բանալին: Հայաստանում, կարծես, պատրաստվում են ստորագրել ասոցացման պայմանագիրը, Վրաստանը, թեև հայտարարում է, որ պատրաստ է հարաբերությունները կկարգավորել Ռուսաստանի հետ, սակայն վերջերս Իվանիշվիլին շատ ուղղակի հայտարարեց, որ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ի հետ և լեգիտիմացրեց այդ քաղաքական դիրքորոշումը վրացի ժողովրդի ցանկության վկայակոչմամբ: Ադրբեջանը, թվում է, թե ինչ-որ առումով դուրս էր մնացել վեստերնիզացիոն գործընթացներից, որի վրա էլ կենտրոնացավ Մոսկվան: Բոլորովին պետք չէ բացառել նաև Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները, քանի որ Մոսկվան դեմ չէ այդ երկրի պրոռուսական ալիևացման: Երևում է` Բաքվի հետ Կրեմլի հարաբերությունների խորացման անթաքույց ցանկություններն աննկատ չեն մնացել Ալիևի վարչակազմի կողմից, և նա իրեն թույլ տվեց ուժեղ երկրի լիդերի կերպարի մեջ մտնել ու Պուտինին դիմավորել փոխվարչապետի մակարդակով՝ ձեռքի հետ էլ «աղավաղելով» Լավրովի անունը, իսկ քաղաքական հաշվարկով՝ հնարավորինս երկկողմանի օգուտներ քաղել: Հնարավոր է ՌԴ նախագահի ադրբեջանական հաշվարկը հիմնված է եղել գալիք ընտրությունների կոնտեքստի վրա, սակայն ադրբեջանական այդպիսի դիմավորումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանն ամենևին էլ ավագ եղբոր կարգավիճակում չէ, և ընտրությունների արտաքին լեգիտիմացումն այնքան ել կախված չէ ռուսական բարեհաճությունից: Ալիևի համար ավելի կարևոր էր Ղարաբաղյան հարցի առնչությամբ ռուսական ակցենտը, քան տնտեսական համագործակցության ու բարեկամության ներբողը, սակայն Պուտինը ցույց տվեց, որ Բաքու է ժամանել ոչ այդ հարցով, և իր համար առաջնայինը տնտեսական կապերն են և քաղաքական փոխըմբռնողականությունը՝ իհարկե քաղաքական զինանոցում ունենալով նաև Երևանի վրա ճնշում գործադրելու մեսիջները: Գաղտնիք չէ, որ ռեգիոնալ ազդեցության իրականացման մեխանիզմի մեջ մեծ նշանակություն ունի էներգակիրների նկատմամբ վերահսկողություն ունենալը: Դրա համար Ռուսաստանը Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարի պայմանագրով փորձեց լուծել այդ հարցը: Բայց խնդիրն այստեղ միայն Կասպիական ավազանի էներգակիրներն ու Կովկասի վրա ազդեցության աշխարհաքաղաքական նկրտումները չեն: Հավանաբար Եվրոպայի ընդլայնման դեմ իրականացվող կասպիական էներգետիկ արշավ էլ է սկսել Կրեմլը: Ադրբեջանը ներգրավված է մի շարք ծրագրերում, որոնք Բաքվի և, եթե հաջողվի, նաև՝ Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները Եվրոպա են հասցնում: Ուստի ռուսական կողմը փորձում է եվրոպական էներգետիկ դեֆիցիտն ավելի խորացնել և ստիպել վերջինիս չինտեգրել այն երկրները, որոնք գտնվում են իր հետաքրքրությունների ոլորտում՝ միաժամանակ ցույց տալով նաև, որ ստրատեգիական կարևորություն ունեցող կասպիական ավազանում դերակատարը հենց ինքն է: Այսպիսով, եվրոպական և ռուսական աշխարհաքաղաքական կոնստրուկցիան հնարավոր է որոշակի քաղաքական դասավորություններ փոխեն մեր տարածաշրջանում: Պետք է պատրաստվել գործընթացային փոփոխությունների:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее