Այսօր նախատեսվում է Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել իրավիճակը երկրում: Սակայն մինչ նիստի մեկնարկը նախատեսվում է երկու տարբեր, պայմանականորեն ասած, ճամբարների հանրահավաք խորհրդարանի դիմաց:
Այսպիսով, մի մասը պետք է կոչ անի Ղրիմի խորհրդարանին չճանաչել Կիևի նոր իշխանության լեգիտիմությունը, և վերականգնել հանրապետության 1992թ-ի սահմանադրությունը, ըստ որի թերակղզու իշխանություններին ընձեռվում է շատ ավելի լայն ինքնավարություն, գրեթե լիակատար անկախություն Կիևից, մինչդեռ մյուս մասը, որը հիմնականում կազմված է թաթարներից, կոչ է անելու պարզապես ընդունել իշխանափոխությունը: Թեմայի շրջանակներում նշեմ, որ ընդամենը օրերս Սևոստոպոլի քաղաքայանի խորհրդում վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ձևավորվել է գործադիր մարմին և ընտրվել քաղաքապետ, որը պետք է զբաղվի «քաղաքի կենսունակության ապահովմամբ»:
Մեջբերեմ ընդամենը մի քանի ուշագրավ փաստ թերակղզու մասին: Այսպիսով, ինքնավար հանրապետության բնակչության ավելի քան 60%-ը ռուսներ են, 24%-ը ուկրաինացիներ և ընդամենը 10-12%-ը թաթարներ, և դեռ ցարական, հետո սովետական ժամանակաշրջանից առայսօր Ղրիմի թերակղզում է գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմը:
Կարծում եմ` սա չափազանց լուրջ իրավիճակ է, և Ղրիմի իշխանությունների որոշումից շատ բան է կախված: Եթե Ղրիմը հանկարծ ըմբոստանա, թերևս դա ոչ միայն կարող է հանգեցնել երկրի մի քանի մասի պառակտման գործընթացի սկզբին, այլև վտանգել ներկայիս իշխանությունների, առանց այն էլ խարխուլ դիրքերը և կրկին իշխանության ղեկին կանգնեցնել այսպես ասած ռուսամետներին, որոնք կրկին կշրջեն ամբողջ Ուկրաինայի աշխարհաքաղաքական կուրսը հօգուտ Ռուսաստանի: Սակայն ավելի հավանական է, որ սա կարող է հանգեցնել շղթայական արձագանքի մի շարք այլ արևելյան շրջաններում ևս, որտեղ առկա է հիմնականում ռուսախոս բնակչությունը և իրավիճակը հասցնել մինչև քաղաքացիական պատերազմի:
Իմիջիայլոց նշեմ, որ Ռուսաստանում Պետդումայի պատգամավորները նախաատեսում են օրենք ընդունել ըստ որի առաջիկա վեց ամսվա համար կհեշտացվի ռուսական արմատներ ունեցող ուկրաինացիների համար քաղաքացիության շնորհման գործընթացը: Բնավ չեմ ուզում ժամանակից առաջ անցնել, բայց ինչպես հիշում եք Ռուսաստանը նմանատիպ արդյունավետ քաղաքականության արդեն իսկ վարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում, և եթե հիշում եք Ռուսաստանի ռազմական ներգրավվածության մի շարք փաստարկներից մեկը հանդիսանում էր «սեփական քաղաքացիների անվտանգության ապահովումը»:
Այնպես որ եթե կրքերը առնվազն Ղրիմում թեժանան և լայնամասշտաբ բախումների վտանգ առաջանա, չի բացառվում, որ Ռուսաստանն ուղղակիորեն ներքաշվի այդ առայժմ աղոտ, բայց պոտենցիալ հակամարտության մեջ: