Այնքան էլ լավ գաղափար չէ դռնփակ նիստ հրավիրել հանրության համար ամենակարևոր խնդիրներից մեկի վերաբերյալ, այն էլ հանրության ամենաներկայացուցչական մարմնում, որը ոչ միայն իշխանության երկու ճյուղի բանավեճի կամ քննարկումների հարթակ է, այլև հասարակության համար հրատապ հարցերի հրապարակայնություն և հաշվետվություն ներկայացնելու ինստիտուտ: Կառավարությունը միշտ իր կատարած քայլերի համար պետք է ոչ միայն քաղաքական, հասարակական պատասխան ունենա, այլ այդ պատասխանի հստակ մեխանիզմի կիրառման կուլտուրալ վարք դրսևորի:
Ինչպես բրիտանիայում են ասում, կարևոր է ոչ թե այն, թե որքան էֆեկտիվ է աշխատում կառավարությունը, այլ` թե ինչպես է դա ներկայացվում հանրությանը: Քաղաքացուն միշտ հուզում է իր երկրի արտաքին ու ներքին քաղաքական շարժերի դինամիկան ու դրա հնարավորինս թափանցիկությունն ու իր հետ որոշակիորեն քննարկված լինելու իրողությունը: Արտգործնախարարը կարող է փակ հանդիպումներ ունենալ այն մարդկանց հետ, ում կկամենա, բայց ոչ՝ իր պատասխանատվության ներքո գտնվող քաղաքական հարցերի առնչությամբ, որոնք առնչվում են հասարակական կենսական շահերին, և որոնք կարող են երկրի համար բախտորոշ նշանակություն ունենալ:
Համենայնդեպս, գաղտնի, փակ հանդիպումները գոնե պետք է կազմակերպվեն առաջին հերթին սեփական քաղաքացուն ինչ-որ բացատրություն տալուց հետո: Բոլորին էլ հուզում է այն հարցը, թե, ի վերջո, իր երկիրն ինչպիսի՞ արտաքին քաղաքական վեկտոր է որդեգրել, կամ ի՞նչ կտա մեզ Մաքսային միությունը, կա՞, արդյոք, կառավարության կատարած ռեալ քաղաքական, տնտեսական, ինչու չէ, նաև արժեքային այն դրական կամ բացասական ցուցիչների հաշվարկը, որ կլինի այդ միությանը միանալուց հետո: Կամ կա՞ հիմնավորում, թե ինչու՝ ոչ, կամ ինչու՝ այո Ասոցացման համաձայնագրին: Եվ ամենակարևոր հարցը, թերևս. ինչպես ենք պատկերացնելու Արցախի կարգավիճակը Մաքսային միությանը միանալուց հետո, մաքսային սահամնը պետք է փակվի՞, թե՝ ոչ:
Սրանք հարցեր են, որ պահանջում են հրատապ պատասխաններ, էլ չեմ ասում լուծումներ: Վերջին հաշվով դրանցից ստացած օգուտներից ավելի շատ օգտվելու են հայտնի է, թե ովքեր, բայց վնասներից, հաստատապես, առավել շատ տուժելու է հասարակ քաղաքացին: Գուցե պատգամավորական ինտերպելյացիան մեղմելու և ժողովրդի ականջը հեռու պահելու հաշվարկով է այսպիսի քաղաքական համրությունը պայմանավորված, բայց դրանից խորանում է այդ նույն կառավարության պրոբլեմը: Մեզ մոտ դեմոկրատական կառավարման քաղաքական կուլտուրայի կարևորագույն հատկանիշներն այդպես էլ մնում են սաղմնային վիճակում: Լատենտային պառլամենտարիզմ, լատենտային կոնֆլիկտ, լատենտային պայմանավորվածություն... այս շարքը կարելի է երկար թվարկել, բայց այսպիսի փակությամբ մենք փակում ենք նաև մեր քաղաքական համակարգի զարգացման կարողությունների աճը:
Ֆեյսբուք