Asekose .am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է գեղանկարիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը
- Երբ ես դեռ չորս տարեկան երեխա էի, մենք ապրում էինք Ագուլիսում: Հիշում եմ, մեր տունը շատ մեծ էր, կամարապատ և շատ երկար միջանցքով: Մի անգամ գիշերը ես սարսափելի վախեցա: Արթնացել էի և միայնակ դուրս եկել միջանցք: Իմ աչքին երևաց, իբր միջանցքով դեպի ինձ է գալիս սպիտակ չադրայով մի կին: Ես ուշաթափվեցի: Ինձ մեծ դժվարությամբ ուշքի բերեց մեր գյուղի հեքիմը: Հետո երկար ժամանակ աչքիս գազաններ ու սողուններ էին երևում, ես սարսափում էի մթից: Հիշում եմ` տատիկս մեր տան բոլոր մութ անկյունները ծածկում էր սպիտակ սավաններով, որ ես չվախենամ: Այդ վախը խոր հետք թողեց իմ առողջության վրա, ես ամբողջ կյանքում տառապեցի սարսափելի գլխացավերից...
- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
- Ես չեմ սիրում թշնամի բառը: Գերադասում եմ թշնամիներ չունենալ: Աստված մեզ բոլորիս հավասար է ստեղծել և պատվիրել է, որ մենք սիրենք նաև մեր թշնամիներին: Վերջապես, որևէ մեկին թշնամիների շարքը դասելուց առաջ պետք է հիշենք, որ երեկվա թշնամին վաղը կարող է բարեկամդ դառնալ և հակառակը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:
- Այդ գաղափարը ինձ շատ է տխրեցնում, ցավոք հաճախ դա այդպես է: Իմ սիրտը մղկտում է, երբ տեսնում եմ, որ այսօր շատ-շատերը կարիքից դրդված վաճառում են անգամ իրենց օջախները. այն տունը, որ իրենց ծնողները այդպիսի սիրով ու հույսով կառուցել են` մի օր զավակին թողնելու ակնկալիքով, այն տունը որտեղ անցել է իրենց մանկությունը ու որտեղ ամփոփված է իրենց ողջ պատմությունը: Դա հոգին վաճառելու նման մի բան է, և կարծում եմ` դա շատ ցավալի է:
- Ի՞նչ է փողը Ձեզ համար:
- Փողը ինձ համար ընդամենը միջոց է, ուրիշ ոչինչ: Միջոց, որով ես կարողանամ գոյությունս պահպանել, միջոց որպեսզի զբաղվեմ իմ սիրելի գործով, արարեմ: Այն մտքերը, այն ներշնչանքը որ Աստված ինձ ուղարկում է, ես կարողանում եմ նյութականացնել և դարձնել տեսանելի կտավի և ներկերի միջոցով: Իսկ կտավն ու ներկերը ես գնում եմ փողով:
- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
- Կարծում եմ ցանկացած մոր համար էլ այս հարցի պատասխանն ակնհայտ է: Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց իմ զավակների: Ես միշտ անչափ սիրել եմ իմ ամուսնուն և մտածել եմ, որ առանց նրա ես չէի կարողանա ապրել մեկ օր անգամ, սակայն երբ ծնվեցին երեխաներս, հասկացա, որ նրանց մեջ է ամփոփված իմ և իմ ամուսնու կյանքը, մեր երկուսի շարունակությունը:
- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:
- Ցավոք վատ հիշողությունները երբեք չեն ջնջվում մեր ուղեղից, սակայն կա մի հիշողություն, որ ես կցանկանայի անհետ ջնջել: 2008 թվականի դեկտեմբերի վերջն էր: Մեր տուն խուժեցին զինված և դիմակավոր մարդիկ: Նրանք սպառնում էին դանակահարել տղայիս. գումար էին պահանջում: Ես փորձում էի սեփական մարմնովս ծածկել նրան, պաշտպանել… Բարեբախտաբար դժբախտություն տեղի չունեցավ: Նրանք վերցրին տան գումարը, թանկարժեք իրեր ու հեռացան: Սակայն այն սարսափը, որի միջով ստիպված եղավ անցնել իմ ընտանիքը, խոր հետք թողեց մեր բոլորի հոգու վրա: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է հայը հայի հետ այսպես վարվել: Ես իսկապես շատ բան կտայի, որպեսզի մոռանայի այդ օրը, առհասարակ կցանկանայի, որ այդ օրը չլիներ:
- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:
- Իմ սերը… Ես երբեք չեմ ցանկանա մոռանալ այն երջանիկ պահերը, որ ես ապրել եմ իմ ամուսնու կողքին: Մեր հանդիպումը, մեր կյանքի բոլոր տարիները, մեր համատեղ աշխատանքը… Ես այնպիսի ջերմությամբ եմ հիշում, թե ինչպես էինք երկուսով շրջում մեր հայկական գյուղերում, հավաքում էինք մեր մշակույթի անգին մասունքները: Մեր այդ սիրո արդյունքում էր ծնվում մեր ներշնչանքը, և մենք օգնում էինք միմյանց արարել:
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
- Ինչպես արդեն նշեցի, ես իմ կյանքը չեն պատկերացնում առանց զավակներիս: Ես ուզում եմ, որ բոլոր ծնողները մինչև իրենց կյանքի վերջը շրջապատված լինեն իրենց զավակներով, տեսնեն միմիայն նրանց երջանկությունն ու հաջողությունը: Ծնողի համար ամենամեծ սարսափը զավակի կորուստն է:
- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
- Ես Աստծուն շնորհակալ եմ իմ ապրած կյանքի համար: Շնորհակալ եմ, որ ինձ տվեց ստեղծագործելու կարողության այդ մեծ շնորհը: Իմ հաջորդ կյանքում էլ ես կցանկանայի արվեստի մեջ լինել, հնարավորություն ունենալ տեսնելու և արտացոլոլու բնության հրաշքը: Ես արվեստագետ եմ և կրում եմ իմ մեջ տիեզերական այն մեծ սերը, որը մեր կյանքի շարժիչ ուժն է:
-Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:
- Այս երկուս որակներն էլ անչափ կարևոր են: Դրանք միմյանց լրացնում են: Առանց աշխատասիրության ընդունակությունը երբեք չէր ծառայի իր նպատակին, և առանց ընդունակությունների էլ աշխատասիրությունը թերևս ապարդյուն կլիներ: Սակայն աշխատասիրությունը հատկանիշ է, որ մարդը կարող է ինքն իր մեջ դասիարակել, իսկ ընդունակությունը բնության շնորհ է: Դրա համար կարծում են` ընդունակությունը մի փոքր առավել արժեքավոր է:
- Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
- Իհարկե կա, սակայն դա ավելի շատ գաղափար է և ոչ ասացվածք կամ խոսք: Իմ կյանքի ու գործունեության ուղեցույցը Կենաց ծառն է, այն ծառը, որից Ադամն ու Եվան համտեսեցին արգելված պտուղը և զրկվեցին դրախտից: Նախկինում ես էլ բոլորի պես համարում էի դա Աստծո պատիժը` ուղղված մեզ` մարդկանց, մեր անհնազանդության համար: Հիմա մտածում եմ, որ դա պատիժ չէր, այլ փորձություն: Իսկ փորձությունը մարդուն հնարավորություն է տալիս դրսևորվելու, որակապես փոխվելու, դառնալու ավելի ուժեղ ու բարի և հաղթելու:
- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Կբողոքեի այս մշակութային խառնաշփոթի դեմ: Կբողոքեյի այն երևույթի դեմ, որ մեր երիտասարդությունը հեռանում է իր մշակույթի ակունքներից ու չի գիտակցում, թե որքան կործանարար է դա: Գիտեք, սովորական մի բան, միացնում ես հեռուստացույցը, կամ դուրս ես գալիս փողոց, ամենուրեք կիսամերկ աղջիկներով գովազդային վահանակներ են: Ես հասկանում եմ, մեր օրերում առանց գովազդի դժվար է գոյատևել, գովազդի համար էլ գեղեցիկ աղջիներ են հարկավոր: Իսկ ի՞նչ է, աղջիկը պետք է անպայման կիսամե՞րկ լինի, որ համարվի գեղեցիկ… Ես շատ եմ կարևորում հատկապես այսօր իսկական մշակույթի և դրա հիմքում դրված ազգային արժեքների տարածումը:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Ես իրականում ուշադրություն չեմ դարձնում բամբասանքների ու շշուկների վրա: Եթե ես դրանց վրա ժամանակ ու նյարդեր վատնեի, ես այսօր պիտի չզբաղվեի իմ գործով, պիտի տարազ չհագնեի, պիտի չկարողանայի հանգիստ արտահայտել մտքերս ու զգացումներս: Ես բամբասանքների վրա ուշադրություն չեմ դարձնում, ես պարզապես ապրում եմ այնպես, ինչպես թելադրում է հոգիս…
Հեղինակ՝ Քրիստինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ