«Եթե ՀՀ իրավապահ մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատական մարմինները չեն կարողանում մի անձ գտնել և դատարանի որոշումն իրականացնել, որպեսզի նա հայտնվի դատարանում և ցուցմունք տա, ապա երկու բան է նշանակում՝ կամ խիստ ապաշնորհ են, կամ գիտակցված նպաստել են և պատասխանատվություն ունեն հանցագործության մեջ կասկածվող անձին չհայտնաբերելու ուղղությամբ աշխատանք տանելու համար»,- Գալաtv.am-ի հետ զրույցում, խոսելով «Մատաղիսի» աղմկահարույց գործի մասին, ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա ի նկատի ունի ժամանակին դասակի հրամանատար Իվան Գրիգորյանին, ում նկատմամբ դատարանը գտնելու և հարցաքննության կանչելու որոշում ունի:
«Բոլոր դատական նիստերի ժամանակ է պահանջ եղել, և՛ նախորդ անգամ էլ՝ մինչև 2006 թիվը, և՛ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ»:
Սակայն իրավապահ մարմինները Իվան Գրիգորյանին չեն գտնում: Բոլորովին վերջերս էլ տեղեկություններ տարածվեցին, որ Իվան Գրիգորյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից չի բացակայում, այլև նա բարձրաստիճան պաշտոնյայի թիկնապահ է, ավելի շուտ՝ թիկնազորի պետ: Շրջանառվող տարբեր անունների թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունն է, համաձայն որի «Մատաղիսի» գործում փնտրված Իվան Գրիգորյանը նրա թիկնազորում է: «Ես լսել եմ, որ նա Քոչարյանի թիկնապահն է»,- Գալաtv.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը, ապա հավելեց. «Կապ չունի՝ Քոչարյանինն է, Ծառուկյանինն է, մեկ ուրիշ պաշտոնյայի է, թե ումն է, կարևորն այն է, որ հանցագործության մեջ կասկածվող անձը կամ քրեական գործով գնացող անձը, մեզ մոտ մտածողությունն այնպիսին է, որ նորմալ է, երբ նման մարդը կարող է դառնալ բարձրաստիճան պաշտոնյա անձի թիկնապահ: Հայաստանում թիկնապահական ինստիտուտի որակի մասին է խոսքը»,- ասել է Արթուր Սաքունցը:
Գալաtv.am-ի թղթակիցը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի մամլո խոսնակից փորձել է ճշտել՝ համապատասխանո՞ւմ են տեղեկություններն իրականությանը, արդյոք «Մատաղիսի» գործով երկար փնտրվող Իվան Գրիգորյանը իսկապե՞ս գտնվում է Ռ. Քոչարյանի թիկնազորում: Վ.Սողոմոնյանը հերքել է այս տեղեկությունը՝ ասելով.
«Առաջին անգամ եմ լսում Ձեզանից նման անուն-ազգանուն ընդհանրապես, ես չեմ լսել նման անուն-ազգանուն թիկնազորից, ինչպե՞ս ասացիք, Իվան Գրիգորյա՞ն, ես նման մարդու անուն չեմ լսել և առաջին անգամ եմ լսում»,- ասել է Վ.Սողոմոնյանը:
«Գել» մականունով Իվան Գրիգորյանի վերաբերյալ «Մատաղիսի» գործում առկա է այն ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի նամակը այն ժամանակ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որով նա խնդրում է ներողամիտ լինել դասակի հրամանատար Իվան Գրիգորյանի նկատմամբ, որովհետև «նա զղջացել է և ազգային հերոս է»: