Կոճակ սեղմող քաղաքական մեծամասնություն և սև քառակուսու մեջ հայտնվող քաղաքական փոքրամասնություն, «հայհոյող» խորհրդարան, մտավորականները, լրագրողները և քաղաքականությունը, ՄՄ հնարավոր մարտահրավերները, մշակութային քաղաքականության բացեր ու թերություններ…այս և այլ հրատապ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի հետ:
-Խնդրում եմ խոսենք մեր Խորհրդարանի որակի մասին: Ի վերջո, որքանո՞վ է այն հավատարիմ իր առաքելությանը: Տպավորությունն այնպիսին է, որ մեր «ազգընտիրները», հեռանալով բուն նպատակից, զբաղված են միմյանց վրա ցեխ նետելով, միմյանց վիրավորելով: Հիշենք թեկուզ նախորդ գումարման ժամանակ Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան «փոխհրաձգությունը»:
- Խորհրդարանում ունենալով նախկին գործընկերներ՝ մի փոքր կաշկանդվելով պետք է գնահատականներ հնչեցնեմ, բայց ճշմարտությունն առավել է…: Խորհրդարանը և ոչ միայն այս, նախորդները ևս, չեն ներկայացրել Հայաստանի քաղաքական նկրտումների, հանրության քաղաքական սպասումների իրական քարտեզը: Եվ դրա գլխավոր պատճառն, անշուշտ, այն խեղված ընտրություններն են, որով ուղեկցվում է մեր իրականությունը բոլոր ընտրական հարթություններում՝ համապետական, թե համայնքային: Հայաստանում, ըստ էության, ընտրությունը իշխանության ձևավորման հիմնական գործիքը չէ, և արդյունքում՝ ունենում ենք մեկ կոճակի մեծամասնություն և քաղաքական փոքրմասնություն, որը շարունակ հայտնվում է սև քառակուսու մեջ, ուր կորչում է ճշմարտութունը, փոշիանում ժողովդրի սպասումը, ժողովդրի շահերի սպասարկումը և այլն: Եվ քանի որ «ձայն բազմացի» խորհրդարան չունենք, շարունակ անհանգիստ փողոց ենք ունենում, ժողովուրդն իր խնդիրների մեծ մասի լուծումը փորձում է փողոցում գտնել՝ հուսահետվելով, մաշվել-հեռանալով: Եթե նույնիկ քաղաքական փոքրամասնությունը 16 ձայնին գումարենք այլընտրանք ներկայացող ԲՀԿ-ին, միևնույն է՝ մեծամասնության կոճակը մյուս կողմում է, և ճշմարտության և «ինչ անելու» փնտրտուքները բախվում են այդ սև պատին և փշրվում:
Մեր հասարկության ամենախոցելի, մեր իրականությունն անպտղության, իռացիոնալության հասցնող ամենացավալի իրողությունն ատելությունն է: Այն երբեք չի կարող արգասաբեր լինել, չի կարող դրական հունով ուղղորդել երկիրը: Բայց նաև հասկանում եմ. երբ իշխանության հետ բոլոր հնարավոր երկխոսությունները սև քառակուսու են բախվում, իշխանության հետ խոսելու միակ ռեսուրսը մնում է ատելությունը և հայհոյանքը: Արդյունքում՝ խորհրդարանում նույնիսկ պարկեշտագույն մարդկանց շուրթերից հանկարծ հայհոյանք է սպրդում, որովհետև հասկացնելու, երկխոսելու այլ ռեսուրս չեն թողել: Իրենք կարող են «տաղանդավոր» հայացքով քեզ ապացուցել, որ 2+2 բոլորովին էլ 4 չէ: Հուսահատությունը, հոռետեսությունը, անտերությունն ու անելն են հանգեցնում ատելության: Ատելությունից արյուն կամ ինքնաոչնչացում շատ կարճ է ճանապարհը: Ուկրաինական դեպքերի հետ զուգահեռներ եմ անցկացնում ու աղոթում, որ հանկարծ մեր պրկված հասարակությանը չդրդեն անցնել ատելությունից արյուն այս թափանցիկ սահմանը: Քաղաքական խոհեմության պատասխանատվության բեռը իշխանությանն է: Չի կարելի ժողովրդի օդն այդքան փակել: Նույնիսկ թթվածնի նման կենսական տարրն է պայթյունի ընդունակ է, երբ շատ ես կարծրացնում, ճնշում, սեղմում: Մի՞թե չի գիտակցվում….:
-Այսօր ականատեսն ենք մի երևույթի, երբ լրագրողները, մտավորականներն ու արվեստագետներն են սկսում քաղաքականությամբ զբաղվել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին:
-Ճիշտ բառ օգտագործեցիք՝ զբաղվել. Քաղաքականությունը պարապությունից թթի ծառի տակ նարդի խաղալ չէ, քաղաքականությունը լրջագույն պատասխանատվության և իմացության ոլորտ է, գաղափարական, քաղաքացիական համոզումների ու արժեքների անդրդվելի բեռով։ Չի կարելի ինչ-որ գրասենյակում ռեժիսոր, դերասան ու երգիչ աշխատել, հետո ժամը 12-ից 6-ը դառնալ քաղաքական գործիչ: Այդպես չի լինում: Պատգամավորի մանդատ նվեր ստանալը դեռ քաղաքական գործիչ լինել չի նշանակում: Խորհրդարանում ֆիզիկապես լինելը ևս քաղաքական գործչի ցուցիչ չէ։: Սրանք երկրի դեգրադացման և արժեզրկման ընդհանուր սցենարի մեջ մեկ մեխ ավելացնողներ են ու սրանց ամեն մի հիմար, քծնախառն (իրենց կարծիքով՝ հավատարմությունն այդպես է լինում) արտահայտության հետևից քաղաքական թիմը սկսում է խարխափել, թե ինչ պատասխան տա ու ոնց տակից դուրս գա: Այդպես չի լինում։ Այս գիտակցումը նախ պետք է երկրի տերերը ունենան, որ ամեն թափթփուկի չնստեցնեն իրենց վագոնն, և մեր ազգային գնացքը դեպի վերջին կայարան չտանեն: Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը հենց պատասխանատվության բացակայությունն է: «Զնաչոկակիր» քաղաքական «գործիչների» մի համր, ագրեսիվ ու կեղծ հավատարիմ բանակ կա, որ իր կենսակերպով իմ հայրենքի կենսագրության մեջ անխմբագրելի խազեր է թողնում։ Սրանք քաղաքական ֆեյքեր են: Պայքարում են ֆեյսբուքյան ֆեյքերի դեմ, իսկ քաղաքական ֆեյքերի դեմ ո՞վ պետք է պայքարի: Երկարատև խաբված մնալ չի լինում: Այո, թթվածինն ամենակեսնական տարրն է, բայց ճնշումի տակ կարող է կործանարար լինել, ինչպես և ջուրը, ինչպես և կրակը: Ինչու՞ են ստիպում, որ դառնանք կործանարար, եթե կարող ենք արարող լինել …Բայց մեր երկրում այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր այդ խաղերի կանոններին չեն ենթարկվում: Այդ տեսակն է ինձ ուժ տալիս, օդ տալիս: Այդ օդը չլինի, կարելի է այս իրականության մեջ մեռնել, խեղդվել: Մի կողմում հոգևոր- մշակութային ակնածանքի ու երկրպագության արժանի վիթխարի ժառանգութուն ու տրոփող զարկերակ, մի կողվում Հայաստան երկրիս հեռանկարը խաթարող քաղաքական ձախորդների ու գավառամիտների մի անկշտում բանակ, որ մեզ համար ճակատագիր է որոշում: Բայց մենք բոլորս նույն գնացքի մեջ ենք՝ մտավորական ռեսուրսն ու քաղաքական ամուլ ինտելեկտը: Արդյո՞ք սա է եղել մեր գոյության, կոդի բանաձևը: Մեր քաղաքական ու հոգևոր ինտելեկտը երբեք միմյանց լրացնող ու համարժեք չեն եղել:
-ՄՄ մարտահրավերների մասին բազմիցս բարձրաձայնել եք: Կխնդրեի խոսել հատկապես մեր մշակութային արժեքներին ու լեզվին սպառնացող վտանգի մասին:
- Մաքսային միությունն իմ մտածումների, անհագստությունների մեջ է: Ցավոք, մեզ շատ դաժան ընտրության առաջ կանգնեցրին՝ թե Եվրոպան, թե Ռուսաստանը: Երկուսն էլ «Կամ-կամ»-ի ընտրանք պարտադրեցին: Օրերս կարդում էի Գերմանիայի նախկին կանցլերի՝ ուկրաինական դեպքերի արձագանքը: Քաղաքական անեղծությամբ և սթափությամբ նա մեղադրում էր նաև Եվրոպական կառույցներին՝ նշելով, որ Ուկրաինային ցնցումի տարավ նաև ԵՄ կողմից խիստ կողմնորոշման, «կամ-կամ»-ի մարտահրավերը: Նույնը արեց նաև Ռուսաստանը: Պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան երկուսի համար էլ դառնալու է դաժան գլուխկոտրուկ, որը երկար ժամանակ ու ջուր է խլելու: Արդեն ձեռնոցը նետված է, և գործընթացը հետ չես բերի: Հայաստանի հետ էլ լավ չվարվեցին (չանդրադառնամ մեր մեղքի բաժնին, ներքին գործոններին ու անվտանգության խնդիրներին)։ Շատ կտրուկ դրվեց այդ «կամ-կամը»: Հիմա ունենք այն, ինչ ունենք, թեև ուկրաինական դեպքերը հնարավոր է, որ նոր խմբագրումներ մտցնեն: Այս պահին որևէ կտրուկ քայլ անելու շռայլությունը մեզ թույլ տալու իրավունքը չունենք: Բայց դա չի նշանակում, որ չպետք է զգոն լինենք մեր հոգևոր անվտանգության հարցում: Միջազգային կառույցներին անդամակցումը սուվերենության կոսրտի ռեսուրս է իր մեջ պարունակում: Բայց սուվերենության առաջին գծում հոգևոր անկախությունն է, որը ես տեսնում եմ լայն իմաստով մշակույթի՝ լեզվի, գրականության, ինքնությունը սնող բոլոր բաղադրիչների մեջ: Ամերիկացիները երբ ցանկանում են իրենց ճշմարտությունները հաստատել, սկսում են ամերիկյան համալսարաններից, կրթական համակարգից: Ամենամեծ արժեքների ինկուբատորը մշակույթն է: Մեր ներքին խոհեմության, ազգային, քաղաքացիական քաղաքական առաջնահերթությունների, ռազմավարության, գիտակցումի խնդիրն է, թե որքանով ենք մեր քաղաքական արժեքների հիերարխայում կարևորում կրթության, լեզվի հոգևոր բաղադրիչի դերը: Ես այս իմաստով շատ լավատես չեմ, որովհետև Հայստանում վարվող պետական քաղքականության մակարդակով ես շեշտադրումներ չեմ տեսնում: Մեր ինքնության և գոյի անօտարելի միջուկը մեր մշակույթն է: Սակայն միշտ չէ, որ այդ գիտակցումը ունենք: Իսկ դա մեր արժանապատվությունը սնող ամենամեծ զարկերակն է: Նախևառաջ իշխանությունը իրականացնող քաղաքական այրերի արժեքային համակարգում պիտի լինի հոգևոր մշակութայինի կոդը: Արժեքների մասին պիտի շատ խոսվի, քարոզվի, որ հայ մարդը հասկանա, որ իր համար չափանիշը քրեաօլիգարխիկ պատգամավորի բրաբուսը չէ և մեր հոգու կոթողները «մոլերն ու սիթիները» չեն:
-Մեր մշակութային արժեքները, ցավոք, մենք ինքներս ենք անխնա ոչնչացնում ու պղծում: Ո՞րն է մեր երկրում իրականացվող մշակութային քաղաքականության հիմնական բացը, եթե մշակութային քաղաքականություն առհասարակ գոյություն ունի:
-Ես այս ամենը կդիտեմ արժեքների նահանջի և չափանիշների կորստի համատեքստում: Մշակույթը հասարակություն ամենամեծ ուղերձ բերող գանձարանն է, չափանիշ և տեսակ սահմանողը: Դեգրադացիաների, նահանջների, սպառողական և նյութականացված մեր իրականության մեջ, ցավոք, մշակույթը լուսանցքվեց: Բյուջեից սկսած, ներառյալ քաղաքական էլիտային կենսական բանաձևերը, մշակույթը հինգերորդական նշանակության շարասյուն է: Մշակութային էլիտան էլ միշտ բարձունքում չեղավ, տեր չմնաց, ողնաշար չճշտեց (չնչին բացառություններով): Շատերին կարողացան օգտագործել ընտրությունների ժամանակ: Ուրիշներին՝ իբրև կրծքազարդ, տարան ավագանի կամ խորհրդարան: Որոշներին էլ գնեցին կոչումներով և մեդալներով: Ընդհանուր երկրի փիլիսոփայության մեջ մշակույթը նահանջեց: Պետական ամբողջ հիերարխիան «անկարող» գտնվեց պաշտպանել Ծածկած շուկան: Այստեղ վերջանում է մշակութային մարդու արժանապատվությունը: Այստեղ բոլորս պարտվեցինք:
Մշակութային քաղաքականությունն այն բարոյական, կենսական ու քաղաքական հենքն է, որի վրա պետք է երկիր կառուցել: Չկա առողջ մշակութային քաղաքականություն, չկա երկիր: Շատ պիտի ուզենայի, որ այդ գիտակցումը լիներ մեր մեջ. մշակույթի պետականաստեղծության գիտացումը: Մշակույթ չունեցողը քոչվոր է դառնում և իր վրանը որ անապատում էլ խփի, կապող բան չունի: Երբ քեզ ոչինչ չի կապում, տարածքը դառնում է աշխարհագրություն: Երկրի նախագահը պետք է նաև հոգևոր առաջնորդ լինի: Այն պահին, երբ հոգևոր-մշակութայինը բաժանում ենք իշխանական բուրգի միասեռությունից, դառնում ենք խոցելի:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան