▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև հոգու խորքը վիրավորելով ստիպում են ազատման դիմում գրել 20 տարի հայրենիքին ծառայած սպաներին

Մինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համերգներ կազմակերպելով մեծարանքով ճանապարհ է դնում իր փոխոստիկանապետերին, օրը 24 ժամ էլ եղած ու չեղած տեղից ձգտում բարձրացնել ոստիկանների պատիվը, Պաշտպանության նախարարությունում բնավորված որոշ առանձնյակներ նեղացնում ու մինչև հոգու խորքը վիրավորելով ստիպում են ազատման դիմումներ գրել 20 տարի հայրենիքի ծառայությանը ցերեկներն ու գիշերները նվիրած սպաներին:

«Չալյանը կյանքում չէր թողնի, որ իր սպայի պատվի հետ էս ձևով խաղային»,- վրդովված պատմում է զինվորականը: ՀՀ N զինկոմիսարիատներից մեկն արդեն տևական ժամանակ անգլուխ է: Բնականաբար, չկա զինվոր, որ չուզի գեներալ դառնալ. բաժնի պետերը թեկնածություն են առաջադրում և էլ ավելի եռանդով կպնում գործին՝ արժանանալու համար զինկոմի պաշտոնին: Զինկոմի աթոռը սակայն այդպես էլ մնում է անտեր, նոր թեկնածուներ էլ հորիզոնում դեռ չեն նշմարվում, երբ օրերից մի օր ՀՀ զինվորական կոմիսար դարձած բասարցի Հենդոն Երևան է կանչում շրջանում հեղինակություն վայելող և զինկոմ դառնալու առավել մեծ արժանիքներ ունեցող մեր զինվորականին, դիմացը դնում 1937թվականի և, ըստ երևույթին, նաև զինկոմի ոգուն խիստ հարազատ «անանիմկա», թե՝ «գինա՞ս, հանա՝ գրել են, թե դու վայենի բիլետի համար փող ես վեկալում»: «Ո՞վ ա գրել, թող քննություն նշանակեն, եթե մեղավոր եմ, թող դատեն, ո՞նց կարան իմ մասին էդ կարգի բան ասեն»: «Դե, յեսիմ, անուն չկա, բայց, դե, ի՞նչ անենք, արի՝ ավելի լավ ա, մեկ ա՝ երկու ամսից արդեն 50 ես, 20 տարվա ստաժդ էլ լրացել ա, դիմում գրի, գնա թոշակի»:

Նշանակված քննությունն այդպես էլ ոչ մի բան չի կարողանում պարզել, քանի որ պարզելու բան չկար ու չէր էլ կարող լինել: Զինկոմ դառնալու ցանկություն ունեցող մայորն իր հերթին է քննություն կազմակերպում ու պարզում, որ «անանիմկա» կոչվածի հետևում ՀՀ զինկոմի մատնանշած մարդիկ իրականում գաղափար չունեն, թե ով կամ ինչի համար է օգտագործել իրենց անունը (ի դեպ, զինկոմ Հենդոյի շնորհիվ երկրապահներն աստիճանաբար երևի թե կվերածվեն անանիմկա գրողների):

«Լավ, ո՞նց կարելի է էս ձևով մարդու հետ վարվել, չէ՞ին կարա՝ գոնե 2 ամիս համբերեին, հանգիստ գնայի թոշակի, ո՞նց կարելի ա 20 տարվա ծառայությունը ըսենց ջուրը քցել ու շնորհակալության փոխարեն գլխիդ փորձեն չգիտես ինչ սարքեն, մենակ թե իրանց մարդուն բերեն-նստացնեն»: Զինկոմի պաշտոնի մյուս հավակնորդներն, ի տարբերություն հիշյալ մայորի, ավելի դաժան պատասխանի են արժանանում իրենց հավակնության համար՝ նկատողություն ստանալով և աշխատանքից հեռացվելով:

Հետաքրքիր է՝ Ազգային Անվտանգության Ծառայությունում հաշվարկե՞լ են, թե պետության գաղտնի փաստաթղթերին առնչվելու թույլտվություն ունեցած ու ունեցող քանի՞ հոգու են նեղացրել ու մինչև սրտի խորքը վիրավորված դուրս շպրտել համակարգից, իսկ որ ավելի կարևոր է՝ արդյո՞ք ՊՆ-ում բնագռված մի քանիսի կողմից նման մարդկանց հետ նման կերպ վարվելն այդքան անվտանգ ու իրեն արդարացրած զբաղմունք է և արդյո՞ք կարելի է հարյուր տոկոսանոց վստահություն ունենալ, որ նման վերաբերմունքի արժանացած մարդը, ում վրա հայրենիքը կարող է «թքել» և շնորհակալության փոխարեն ստորություն հրամցնել, չի շրջվի ու ինքն էլ չի «թքի» նման հայրենիքի վրա: Իսկ եթե հանկարծ ու, Աստված մի արասցե, մի բան պատահի, նույն այդ հայրենիքը ի՞նչ երեսով է այս մարդկանց կանչելու օգնության:

 

Գրառումը` Լուսինե Կեսոյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее