▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նալբանդյանը չի տիրապետում այն իրավիճակին, թե ՀՀ-ԵՄ ինչ հարաբերություն կզարգանա Վիլնյուսում ու դրանից հետո

Ընդամենը հաշված օրերն են մնացել վիլնյուսյան գագաթնաժողովին, սակայն մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեռևս հստակ պատասխաններ չի տալիս, թե ինչ ձևով է Հայաստանն ունենալու մասնակցություն, ինչ փաստաթուղթ է ստորագրվելու և ով է ղեկավարելու պատվիրակությունը: Նախարարի միակ տեղեկացնող նախադասությունը լրագրողներին հետ անցկացրած ճեպազրույցի ժամանակ հետևյալն էր. «այդ մասին կիմանաք պատշաճ ժամանակներում և կարգով»: Թե որն է այդ ժամանակն ու կարգը նախարարը չի մանրամասնել, առանձնապես չէր էլ մանրամասնի, որովհետև ակնհայտ է, որ ԱԳՆ-ն դեռևս չգիտի ինչպես վարվել ստեղծված արտաքին քաղաքական վակուումում, իսկ այդ վակուումն առաջացել է հիմնականում արտաքին ստրատեգիայի բացակայության պատճառով, որովհետև Հայաստանի ԱԳՆ-ն չունի սեփական աշխարհաքաղաքական կոդը, որով կսահմանվի հարաբերությունների հստակ կոմպլեքսը թե հարևան երկրների, թե աշխարհաքաղաքական բևեռների հետ: Իսկ ինչ է հասկանում նախարարը՝ պատշաճ ժամանակ ասելով, դժվար է ենթադրել, որովհետև մնացել է ընդամենը մեկ շաբաթ, սակայն մեզ համար այդքան կարևոր արտաքին քաղաքական գործընթացի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Գուցե նախարարը «պատշաճ ժամանակի» տակ հասկանում է մեկնումից անմիջապես առաջը կամ հետոն, որպեսզի ներքին ու արտաքին (ռուսական) ճնշումներ կամ քննադատության ալիք չլինի, դա այլ հարց է և ցույց կտա ժամանակը: Ինչևէ, ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է մինչև վերջ եվրոպացիներին համոզել հնարավորինս կապեր պահպանել Հայաստանի հետ, սակայն Եվրոպայից, կարծես, հստակ արձագանքներ չկան, այդ իսկ պատճառով Նալբանդյանն էլ դեռևս չի տիրապետում այն իրավիճակին, թե ՀՀ-ԵՄ ինչ հարաբերություն կզարգանա Վիլնյուսում ու դրանից հետո: Այս փաստարկման օգտին է խոսում ԱԳ նախարարի այն միտքը, համաձայն որի՝ «ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Ինչպես երևում է, ԱԳՆ-ն սպասում է ԵՄ առաջարկած տարբերակներին՝ հույսով, որ ԵՄ-ն, այնուամենայնիվ, կպահպանի խոստումը և ՄՄ-ն չի ընկալի որպես խոչընդոտ հարաբերությունների որոշակի մակարդակ պահպանելու առումով: Իսկ «դրան ավելացնելու ոչինչ չկա» մտքով նախարարն անուղղակի փաստեց, որ հիմա ԵՄ-ի ավելացնելու ժամանակն է. Հայաստանն իր խոսքն ասել է սեպտեմբերի 3-ին: Սակայն, նույնիսկ այսպիսի անորոշ վիճակում Նալբանդյանը պետք է հանրությանն ասելու բան ունենար, որովհետև այս պարագայում մենք գործ ունենք ոչ թե պետական գաղտնիքի, այլ ընդամենը հանրությանն իրազեկելու հետ, այն խնդիրների մասին, որոնք Հայաստանի համար խիստ կարևոր են և որոնք ընդամենը մեկ շաբաթից պարզ են դառնալու: Ուստի, քանի որ լրագրողների կողմից հնչեցրած հարցերը հստակ պատասխաններ չունեն, ապա մենք գործ ունենք քաղաքական երևույթների ու գործընթացների նկատմամբ մեր արտաքին գերատեսչության անորոշության հետ, ինչը հազիվ թե օգուտ տա Վիլնյուսյան գագաթնաժողովի նման կարևորագույն գործընթացում:

 

Արման Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее