Երևի նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ներքաղաքական զարգացումներին չէի անդրադառնում:
Պատճառը շատ ակնհայտ էր:
Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես, թե որպես բժիշկ, թե որպես քաղաքական գործիչ, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իր քաղաքական հայտարարությունները:
Քաղցած և ստրես տանող մարդը չի կարող ադեկվատ ընկալել շրջակա միջավայրը, ունակ չէ լիարժեք վերլուծությունների և համարժեք քայլերի: Նա կորցնում է մարդկանց առաջնորդելու համար անհրաժեշտ կենսաբանական հիմքերը:
Սա արդեն քաղաքականություն չէ, սա մարդու ֆիզիոլագիա է:
Սակայն Զարուհի Փոստանջյանի այսօրվա պահվածքը ԱԺ-ում և Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆուն ուղղված «նամակը» մերկացրեցին մի նոր խնդիր:
Պարզվում է, որ ոչ ադեկվատ կարող է լինել ոչ միայն «քաղցած», այլ նաև «կանոնավոր սնվող» ժառանգականները:
Մարդկային ֆանտազիաների մասին բազում գրքեր են գրված, լուրջ ուսումնասիրություններ կան արված:
Սակայն ֆանտազիայի այս տեսակը նոր մարտահրավեր է համաշխարհային հոգեվերլուծաբանների համար:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գրառումը
Ֆեյսբուք
Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պատրաստած նամակը` ստորև
«Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
18 մարտի 2013թ., Երեւան:Սիրելի´ Րաֆֆի,
Փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ և սխալ որոշումը քաղաքականության մեջ և առօրյա կյանքում:
Կա հին Սոկրատյան սկզբունք՝ «Ավելի լավ է անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն»:
Ես հասկացել եմ՝ մենք պարտվել ենք, երբ բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ:
Իրականում ես բարու եւ չարի մասին մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ բարոյականության հետ:
Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝ անտեսելով անհրաժեշտ համերաշխության սկզբունքի հարգումը:
Ամեն օր հետևում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ ինչպես ես կրում անարդարությունը:
Տեսնում և զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են և դու էլ ես սիրում:
Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը:
Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես և հավաքական:
Սերելի´ Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական և միասնական հաղթանակը:
Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին և օրակարգը:
Անկեղծ և անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլևս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում խուսափել պատասխանատվությունից:
Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ՝ ներում շնորհել ինձ և բոլորիս»: