Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ` ՀՀԿ ԳՄ նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել: Էդուարդ Շարմազանովի խոսքով վարչապետը դեռ մեկ ամիս առաջ որոշում էր կայացրել հրաժարականի դիմում ներկայացրել, սակայն հարցը հետաձգվել էր Մաքսային Միության հետ բանակցությունների բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով:
Մեկնաբանելով իր որոշումը` Տիգրան Սարգսյանն ասել էր, որ այն հասունացած էր և խորը գիտակցված:
Տիգրան Սարգսյանի հրաժարականի, դրա` Մաքսային միության կամ նրա մերձակա տարածքում երեք կառավարությունների փոփոխության զուգադիպության, վարչապետի պաշտոնի հավականորդների և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
Վարչապետի հրաժարականը պատահականությո՞ւն էր, արդյոք այն կապ ունի՞ ՍԴ վերջին որոշման հետ:
-Իրականում ես կարծում եմ, որ բավականին երկար ժամանակ երևում էր, որ վարչապետը խնդիրներ ուներ պաշտոնը երկար ժամանակ զբաղեցնելու հետ կապված: ՍԴ վերջին որոշումն ավելի շատ առիթ էր, քան պատճառ:
Վերջին մեկ ամսվա ընթացքում հրաժարական են տվել Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետերը: Արդյոք սա զուգադիպությո՞ւն է:
Սա իսկապես զուգադիպություն է: Այս խնդիրն ավելի շատ կապված է Հայաստանի ներքաղաքական, սոցիալական խնդիրների, այլ ոչ թե արտաքին գործոնների հետ:
Այսինքն, կառավարության փոփոխությունը Հայաստանում արտաքին քաղաքական գործընթացի հետևանք չէ:
Ոչ…տնտեսական զարգացման էֆեկտիվության հետ կապված խնդիրներ են:
Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ նախագահը շախմատային քայլով կանխեց քառյակի ծրագրած «շախ» հայտարարելու ծրագիրը:
Չեմ կարծում, որ դա դրա հետ կապված խնդիր էր: Սոցիալական և քաղաքական լարվածությունը դա ոչ թե ընդդիմադիր կուսակցությունների գործունեության պատճառն է, այլ դա օբյեկտիվ իրականություն է, որը կապված է և’ տարածաշրջանային դժվար համատեքստով և տնտեսական լարվածությամբ ու խնդիրներով, որոնք կան մեր երկրում: Բայց, մյուս կողմից, հասկանալի է, որ կատարվածը որոշ չափով կլիցքաթափի սոցիալական և քաղաքական լարվածությունը երկրում, մինչ նոր վարչապետի նշանակվելը:
Արդեն շրջանառվում են վարչապետի պաշտոնի հավակնորդների անունները. Ռոբերտ Քոչարյան, Կարեն Կարապետյան, Ռալֆ Յիրիկյան: Հնարավոր համարո՞ ւմ եք:
Ոչ, ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել վարչապետ: Սերժ Սարգսյանին կարելի է շատ բաների մեջ մեղադրել, բայց ոչ թե նրանում, որ պատրաստվում է քաղաքական ինքնասպանություն գործել: Ինչ-ինչ , ինքը շատ լավ հիշում է, թե ինչով են վերջանում բոլոր փորձերը, երբ որ Քոչարյանին նշանակում են վարչապետ:
Ճիշտ պատասխանը գիտի միայն մեկ հոգի: Նախագահը կարող է նշանակել վարչապետ` ելնելով իր սեփական, քաղաքական նպատակահարմարությունից: Դա կարող է լինել կուսակացական, ընդդիմադիր դաշտից: Նայած, թե ինչպես է պատկերացնում նոր վարչապետին, նրա պարտականությունները:
Անի Կարապետյան