▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներազգային ճակատի կազմակերպման հրամայականը

1- Անշուշտ, հայաշխարհը Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը համարում է այսպէս ասած՝ նախահարթակ՝ գալիք 100-րդ տարելից-ամեակին, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայոց համընդհանուր պահանջատիրութեան վճռորոշ մի փուլ՝ աւելի հարուստ կենսափորձով յաջորդ ամեակ-հանգրւան թեւակոխելու համար:

Տասնամեակները, հարիւրամեակները օրինաչափօրէն մի-մի հանգրւաններ են (ընդորում՝ կարճ) ժողովուրդ-ազգերի պատմութեան երկայնքում ու դրանում ազատագրական-պահանջատիրական պայքարի հոլովոյթում..., որում էլ յաջորդական սերունդներ են ընկղմւել, յաղթել են ու պարտւել, վերածնւել են ու նահատակւել-մարտիրոսացել, յանուն հէնց «կռւի յարատեւութեան», առանց որի նոյնինքն կեանքը դառնում է անիմաստ...

Մտաբերենք, արդ, կատալոնացուն, շոտլանդացուն, իռլանդացուն, քրդին, պաղեստինցուն... ու դեռ մենք զմեզ...:

* * *

2- Հայոց պահանջատիրութիւն եւ ահաւասիկ 99-ամեայ ոտնահարւած իրաւունքների հատուցման ու արդարութեան վերականգնման համար մղւող պայքարի հոլովոյթը: Պայքարի դրսեւորման նոր եղանակներ՝ պետական թէ՛ ժողովրդական:

Միասնականութեան նշանաբան-գաղափարի հասունացում, «Հաւաքական ուժի» նորովի գիտակցում եւ նոր ժամանակների կենսափորձի արգասիք՝ «Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւն»..., ահա՛ եւ մեր հին ու նոր յաղթանակների գրաւականը:

* * *

3- Օբամայով թէ՛ առանց Օբամայի..., Կոնգրեսներով թէ՛ առանց Կոնգրեսների, «Հայ-թուրքական» պրոտոկոլներով թէ՛ առանց դրանց ու դեռ թուրք-ադրբեջանական համատեղ դաւերով ու ժխտողականութեամբ հանդերձ՝ «նպատակս տկարութիւն չի ճանչնար...», որտեղ եւ «մեզ տատանումներ հարկաւոր չեն լինի...»:

Ահաւասիկ, ցեղասպանաբարոյ արժեհամակարգին դէմ ենք տալու մեր՝ ազնւաբարոյ, բայց հաստատապէս ոչ պարտւողական արժեհամակարգը՝ մարդկային թէ՛ ազգային վսեմ գաղափարները երիցս կեանքի կոչելով, ի հեճուկս շահամոլ անբարոյականների:

Թող լինեն դրանք՝ քաղաքական թէ՛ դիւանագիտական, նիւթապաշտական թէ՛ քարոզչական..., ընդհուպ՝ մինչեւ Դինք ու Քեսաբ սրբապղծած՝ թուրքա-տեռորիստական բորենիների վոհմակներ...:

... Ահաւասիկ, հայաշխարհի մէկդարեայ պայքարի ու պահանջատիրութեան 99-րդ հանգրւանը թող լինի նաեւ ու մանաւանդ ներազգային (պետական թէ՛ ժողովրդական, հայրենական թէ՛ սփիւռքեան) վիթխարի ճակատում տարատեսակ ուժերի կուտակման, համախմբման եւ որ կարեւոր է՝ կազմակերպման կենսափորձով առաջնորդւելու հրամայականը, որով էլ ազգովի երաշխաւորած կը լինենք մեր համազգային ու համահայկական նպատակների իրականացումը՝ 100-րդ հանգրւանին ընդառաջ:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее