▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր հարկատեսակը շատերին կստիպի անցնել «ստվերի» կամ լքել երկիրը

2013 թվականի սկիզբը տհաճ անակնկալներ մատուցեց հանրապետության ատամնաբուժական կլինիկաներին և անհատ ատամնաբույժներին: Մի քանի այլ հարկերից բացի, այժմ ատամնաբույժները ստիպված են վճարել 80000-100000 դրամ` յուրաքանչյուր ատամնաբուժական բոր-մեքենայի համար: Նոր օրենքը լուրջ դժգոհություն է առաջացրել ատամնաբույժների և մասնավոր կլինիկաների սեփականատերերի շրջանում, որոնք հունվարի 26-ին հանրապետական հանրահավաք և ստորագրահավաք էին կազմակերպել ընդդեմ նոր օրինագծի: Հանրապետության ավելի քան 2000 ստոմատոլոգներ դժգոհում էին օրենսդրական փոփոխությունից, որն իրենց խոսքով մասնագետների մեծ մասին կստիպի կամ լքել երկիը, կամ հրաժարվել մասնագիտական աշխատանքից, կամ անցնել ստվեր:

Ստոմատոլոգներն արդեն պատրաստ ունեն և ներկայացնում են մասնագիտական համապարփակ վերլուծական փաստաթուղթ, որը վերաբերում է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում ժամանակավոր փոփոխություններին և ստոմատոլոգիական բուժօգնության բնականոն աշխատանքը կազմակերպելուն:

Ըստ այդմ` ստոմատոլոգներն առաջարկում են օրենքի անհապաղ մեղմացումների փաթեթ, մասնավորապես. վերանայել արտոնագրային վճարի հարկադրույքը և սահմանել 30000 ՀՀ դրամ առաջին գոտում` կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար: Չհարկել կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայությունը, որը հիմնավորված չի հանդիսանում առանձին ծառայության ոլորտ` դրամական անկախ հոսքերով: Կլինիկաներին կից գործող ատամնատեխնիկական լաբորատորիաները չհարկել, եթե այն չի հանդիսանում հիմնավորված առանձին ծառայություն` դրամական անկախ հոսքերով: Մասնագիտացված ատամնատեխնիկական լաբորատորիաներին հարկել ըստ հրամանագրված մասնագետների (ատամնատեխնիկների): Կլինիկաներում նախատեսել առաջնային զննման բազկաթոռ: Առաջնային զննման համար նախատեսված բազկաթոռը չհարկել: Եթե կլինիկան հանդիսանում է ուսումնապրակտիկ բազա` համապատասխան պայմանագրային հիմքով, ուսումնապրակտիկ գործունեության համար նախատեսել բազկաթոռներ, որոնք ենթակա չեն հարկման:

Բժիշկ-ստոմատոլոգ Արսեն Կարախանյանի խոսքով` այս պահին պետք է ընդհանրապես վերացվի «բազկաթոռի հարկ» հասկացությունը. «Սրա փոխարեն պետք է մտցնել «բժշկի դրույքաչափ» հասկացությունը և հարկել բժշկի դրույքաչափը: հարկելով անշունչ ստոմատոլոգիական բազկաթոռը` ստիպված ենք կլինիկաներում զմռսել «ավելորդ» բազկաթոռները: Նոր առաջարկված տարբերակի դեպքում վերանում է դրա անհրաժեշտությունը: Տարբեր բազկաթոռներ ունեն տարբեր հագեցվածություն, և դա բժիշկներին թույլ կտա տարբեր բազկաթոռների վրա անկաշկանդ կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ ըստ հայտարարագրված դրույքաչափի և մասնագիտության պահանջների»,- ասում է ստոմատոլոգը:

Կլինիկաներից մեկի ղեկավար, բժիշկ-ստոմատոլոգ Կարեն Գրիգորյանը, անդրադառնալով ատամնաբուժարաններում ռենտգեն սարքի վրա դրված նույն բազկաթոռի հարկին, նշում է, որ ռենտգենը հանդիսանում է օժանդակ դիագնոստիկ գործիք, որն ընդամենը բժշկին օգնում է ախտորոշել: «Եթե այս սկզբունքով ենք առաջնորդվում, կարող են նույն հարկը դնել հիվանդանոցների ԿՏ-ի և «յամեր» սարքերի վրա, որոնք ժամում երկու հիվանդ են հետազոտում, իսկ մեկ հոտազոտության արժեքը մինչև 100 հազար դրամ է, այնինչ ռենտգենն արժե 1000 դրամ»,- ասում է ստոմատոլոգը:

Հանրապետության ատամնաբույժներն առաջարկում են նաև մասնագետներին հրամանագրել ըստ դրույքաչափերի, որտեղ 0,5 դրույքը հավասարեցնել 3 աշխատանքային ժամին: Պայմանագրի մեջ նշել կոնկրետ աշխատաժամերը, մասնագիտությունը, ենթադրվող մասնագիտական գործունեությունը (մանկական, թերապևտիկ, օրթոպետիկ, վիրաբուժական, օրթոդոնտիկ, իմպլանտոլոգիական, ընդհանուր ստոմատոլոգիական ընդունելություններ): Այնուհետ միայն հարկել ատամնատեխնիկական լաբորատորիաները` ըստ հրամանագրված ատամնատեխնիկների դրույքաչափերի. 3 աշխատանքային ժամն ընդունել 0,5 դրույք, որի համար նշանակել 10000 ՀՀ դրամ հարկադրույք: Այս դրույթը, ըստ ստոմատոլոգների, իրապես կխրախուսի ստոմատոլոգիական բուժման որակի բարձրացմանը և գործունեության տարածքային համամասնական զարգացմանը:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արտոնագրային վճարին` ստոմատոլոգներն առաջարկում են այն հաշվարկել ըստ օրերի` հրամանագրված բժշկի, ատամնատեխնիկի հիվանդության, արձակուրդի դեպքերում` համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պարագայում:

Իսկ այսօրվա պայմաններում օրենքից դժգոհող ստոմատոլոգները նշում էին, որ եթե նույնիսկ ոմանք ելք գտնեն ու չփակեն իրենց գործը, ապա այս փոփոխությունը կհանգեցնի ատամնաբուժական ծառայությունների գների բարձարցմանը, և դա տեղի կունենա արդեն այսօրվանից:

«Ինձ և մի շարք ատամնաբույժների արդեն պարտադրվել է վճարել հունվար-փետրվար ամիսների աթոռի վարձը: Սա աբսուրդ է, նման գրոհ մեր նկատմամբ ուղղակի չէինք պատկերացնում: Սրանով ստիպում են, որպեսզի մեծ կլինիկաները փոքրանան, գործունեության 80 տոկոսը ստվերային է դառնալու: Սա իհարկե չի ազդելու այն կլինիկաների վրա, որոնք աշխատում են աստղաբաշխական թվերով:

Օրինակի համար, մեկ պլոմբանյութը դնում են 50 հազար դրամով, բայց մենք չենք կարող նման կերպ աշխատել: Ստոմատոլոգիական ծառայություններն առանց այն էլ թանկ են, եթե մի քիչ էլ բարձրացնենք, մեր բնակչությունը ուղղակի ատամնաբուժարան չի գա»,- ասում է բժիշկ-ստոմատոլոգ Իվետա Ղամբարյանը:

Ատամնաբույժները հիշեցնում են, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խոստացել էր գարնանը անդրադառնալ առողջապահության մասին նոր օրենքի լրացումներին, սակայն այն, որ ատամնաբույժների մասով օրենքը գործում է արդեն հիմա, վկայում է այն մասին, որ ճնշում է գործադրվում փոքր կլինիկաների վրա, իսկ նպատակն է ստիպել նրանց դուրս գալ շուկայից:

Բժիշկները նաև դժգոհում են այն փաստից, որ ատամնաբուժարանները, իրենց խոսքով, արհեստականորեն բաժանում են այլ առողջապահական հաստատություններից, նրանց համար ստեղծում են ակնհայտ վատ պայմաններ:

«Ասում են չդժգոհենք, քանի որ վարսավիրանոցներում կամ կազինոներում աշխատողները ևս աթոռի համար հարկ են տալիս: Բայց սա հո մազ կտրել չէ, սա առողջապահություն է»,- ասում է փոքր կլինիկաներից մեկի բժիշկ Սամվել Ղազարյանը` հավելելով, որ ատամնաբույժների նկատմամբ ճնշումները սկսվել էին դեռևս նախորդ տարվա երկրորդ կեսից, երբ աննախադեպ խիստ ստուգումների արդյունքում փակվեցին մի շարք մասնավոր կլինիկաներ:

Աղբյուրը` «Հայացք» օրաթերթ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее