«Երկրորդ թղթապանակն է պատրաստվում , որը կապված է ջրի հետ: Հետո կլինի լեզվի, արտագաղթի վերաբերյալ»,-ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Պատգամավորը մինչ բուն թեմային անդրադառնալը` հայտարարեց, որ կռիվ է տալու բոլոր երևույթների, կառույցների դեմ, ովքեր երկրի անկախության նկատմամաբ ոտնձգություն են անելու: Նրանց դեմ` ովեր ոտնահարելու են մեր անկախությունը, մեր պետականությունը:
«Եկեք այստեղ մեր լեզուն պահպանենք. ոչ թե նախագան, այլ` նախագահը, ոչ թե գույքերը, այլ` գույքը, ոչ թե վերաբերվում է, այլ` վերաբերում է: Ինչ վերաբերում է հայրանուններին` ապա ռուսերենով մի' ասեք»,-խնդրեց Արամ Մանուկյանը` նկատի ունենալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` «Նիկոլաևիչ»-ով դիմելու հանգամանքը:
«Ոչ թե Ռոբերտ Նիկոլաևիչ, այլ` պարոն Նազարյան»,-նշեց պատգամավորը:
Ապա անդրադառնալով ելույթի հիմնական թեմային` Որոտանի կասկադի վաճառքին, Արամ Մանուկյանը նշեց, որ պարզվում է, արդեն նոյեմբերին Կառավարության որոշմամբ 4` հատուկ պահպանության ռեժիմի ներքո գտնվող ջրամբար, որպես գույք հանձնվել են ՀԷԿ-ի համակարգին:
«Այսինքն, հիդրոէլեկտրակայանների համալիրը գույք են դարձրել ու վաճառել»:
Պատգամավորը հորդորեց Կառավարության ներկայացուցիչներին, որ գոնե պայմանավորվեն, թե ինչ պետք է ասեն, քանի որ մեկն ասում է, թե Կառավարությունն է վաճառել, մյուսն էլ, թե` ՀԷԿ-ը:
«Մեջբերում եմ Հրայր Թովմասյանի ասածը.«Կառավարությունը ոչինչ չի վաճառել.գույքը վաճառել է Որոտան ՓԲԸ-ն, որի իրավունքն ինքն ուներ»: Նույն օրը` նույն դահլիճից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց. «Որոտան կասկադն արդեն 40 տարեկան է, իսկ նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ կապիտալ ներդրումներ: սա է եղել պատճառը, որ Կառավարությունը որոշել է վաճառել Որոտանը»:
«Արմեն Մովսիսյանը ամենահին նախարարն է: Հնությունը չափանի՞շ է վաճառքի համար»,-հարցրեց Արամ Մանուկյանը: