▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրինաց երկրի» ներքին հակասությունները

Հուլիսի 18-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ 2008թ. փետրվարի 29-ին «Մենք ընտրեցինք արդեն Ձեզ հայտնի ճանապարհը: Մեր թիմով միաձայն մենք ընտրեցինք մեր ծրագրերն իրականացնելու, ժողովրդի մատից փուշ հանելու, Երևանն արյան ծով չդարձնելու, արտաքին թշնամու ջրաղացին ջուր չլցնելու ճանապարհը: Ընտրեցինք, գնացինք 6 տարվա ճանապարհ»:
Սակայն քիչ անց նա շարունակում է. «Բայց, ցավոք, երկրում վճռական դերակատարում չունեցանք, չկարողացանք կյանքի կոչել մեր ծրագրերն ու երազանքները և այսօր, այս հրապարակում շարունակում ենք մեր պայքարը: Եվ ինչու «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից: Պատասխանը շատ պարզ է՝ լինելով իշխանության մեջ, մենք հնարավորություններ չենք ունեցել կյանքի կոչելու մեր ծրագրերը, էական ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում: Հաշվի առնելով վեցամյա կոալիցիոն փորձառությունը, ՕԵԿ-ի կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իրական դեպակատարության ստանձնումը: Միայն իրական դերակատարումն է, որ հնարավորություն է տալիս կյանքի կոչել այն ծրագրերը, որ ունես»:
Արդ, մի կողմից մարդը մտնում է կոալիցիա՝ իրենց ծրագրերն իրականացնելու, «ժողովրդի մատից փուշ հանելու» նպատակով: Սակայն ընդամենը վայրկյաններ անց նա հայտարարում է, որ իրենք «երկրում վճռական դերակատարում չունեցան և չկարողացան կյանքի կոչել իրենց ծրագրերն ու երազանքները»: Լավ, մտնելուց հասկանալի չէր, որ ունենալով ընդամենը 8 պատգամավոր՝ իրական դերակատարում ունենալը, մեղմ ասած, խիստ բարդանում է: Բայց նույնիսկ եթե իրենք, իրենց կարծիքով, գոնե այդ փուլում ունեին իրական դերակատարում, ապա 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հանրապետական կուսակցությունը ձեռք բերեց միանձնյա բացարձակ մեծամասնություն, ապա այդ ժամանակ մնալու իմաստը ո՞րն էր: Ինչպես և այդ կուսակցության դեմքերը հայտարարեցին կոալիցիայից դուրս գալուն նվիրված ասուլիսին՝ իրենց բանի տեղ չէին դնում: Ու դա առավել քան կանխատեսելի էր, ուստիև կարող էին դուրս գալ արդեն 2012-ին և գուցեև դա ավելի ընդունելի տարբերակ կլիներ:
Այլ կերպ ասած՝ կամ առկա է ապագա իրադարձությունները կանխատեսելու և ուղղորդելու կարողության պակաս, կամ իրական դրդապատճառներն այլ են, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնվում:
Ինչպես կասեր իրենց արդեն նախկին դաշնակիցը՝ մտնում էիք, որ ի՞նչ անեք:

 

Գոռ Սաղաթելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее