▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որո՞նք էին Բենյամին Նեթանյահուի անակնկալ հաղթանակի պատճառները

Իսրայելում մարտի 17-ին կայացած ընտրություններում վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած աջակողմյան «Լիքուդ» կուսակցության հաղթանակը (վերջնարդյունքում՝ 30 տեղ խորհրդարանում) մեծ չափով անակնկալ էր, քանի որ նախընտրական վերջին օրերին անցկացված բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում էին եթե ոչ ձախակողմյան «Սիոնիստական ճամբար» դաշինքի (24 մանդատ) հաղթանակի, ապա գոնե՝ երկու առաջատար ուժերի հավասար արդյունքների մասին. ի դեպ հավասար ցուցանիշներ էին խոստանում նաև ընտրություններից անմիջապես հետո հրապարակված «էքզիթ-փոլերի» արդյունքները: Ավելին, ընդդիմության առաջնորդ Իցհակ Հերցոգի խոստովանությամբ, «Էքզիթ-փոլի» առաջին տվյալներին տեղեկանալուց հետո, որևէ կասկած չունենալով սեփական հաղթանակի հարցում, գնացել է տուն և քնել մինչ վաղ առավոտ: Մինչդեռ, քվեների հաշվարկման նախնական արդյունքներն արդեն հավաստել են «Լիքուդի» վստահ հաղթանակն ընտրություններում: 
Իսկ ո՞րն էր հաղթանակի պատճառն, ինչպե՞ս Նեթանյահուին հաջողվեց ընդամենը 2 օրվա ընթացքում ազդել հասարակության կարծիքի վրա: Հարցերին ի պատասխան՝ առնվազն մի քանի հանգամանք կարելի է մատնանշել: Նախ և առաջ պետք է մեջբերել իսրայելական փորձագիտական շրջանակների վերլուծություններն առ այն, որ արձանագրված հաղթանակը պետք է վերագրել անձամբ Նեթանյահուին, ով նաև «քաղաքական հրշագործի» համբավ է ձեռք բերել երկրում՝ նման անակնկալ հաղթանակ տոնելով նաև դեռևս 1996թ. ժամանակի քաղաքական ծանրաքարշ, նախկին նախագահ Շիմոն Պերեսի նկատմամբ: 

Եվ այսպես, ըստ վիճակագրության, այն ժամանակ, երբ նախընտրական քարոզարշավի վերջին 2 օրերին ընտրական գործընթացի բոլոր ուժերը համեմատաբար թուլացրել էին իրենց գործողությունները, Հրեական պետության գործող վարչապետն անցնում է վճռորոշ գրոհի՝ այդ օրերին ավելի շատ հարցազրույցներ տալով իսրայելական տարբեր լրատվամիջոցների, քան իր վարչապետության վերջին 2 ժամկետների ընթացքում: Ընդ որում, լրագրողների հետ աշխատանքի ընթացքում Նեթանյահուն ոչ միայն շոշափում էր երկրի առջև կանգնած անվտանգային լրջագույն խնդիրներն, այլև դրանց կարգավորման բացառիկ կարողությունը վերագրում իրեն և իր ղեկավարած թիմին: 

Մյուս կարևոր պատճառը, որը նաև նպաստեց ընտրողների մասնակցության բավականաչափ բարձր ցուցանիշին (72,3%, որն ամենաբարձրն է 1999թ. ի վեր տեղի ունեցած բոլոր 6 ընտրական գործընթացների համեմատ), ինչպես և «Լիքուդի» հաղթանակին, այդ կուսակցության կենտրոնական գրասենյակի կողմից բոլոր իսրայելցիներին ուղարկված բջջային հաղորդագրությունն էր, որը բառացի թարգմանությամբ հետևյալ բովանդակությունն ուներ՝ ««Լիքուդի» իշխանությունը վտանգված է, եթե դուք չներկայանաք ընտրատեղամասեր և չքվեարկեք, ապա իշխանության կգան ձախերն ու արաբները»: 

Թեպետ նման բովանդակությամբ հաղորդագրության տարածումը և առհասարակ Նեթանյահուի իրականացրած քարոզարշավն անգամ Հրեական պետության թիվ 1 դաշնակից Միացյալ Նահանգների իշխող շրջանակներում որակվեց որպես հակաժողովրդավարական, այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ «քաղաքականության մեջ բոլոր միջոցներն են ընդունելի», հատկապես այն դեպքում, երբ հաղորդագրության «ահազանգն» այնքան էլ հեռու չէր իրականությունից. արաբներն ու ձախերը, քվեների հաշվարկման վերջնարդյունքի համաձայն, զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը (ի դեպ «Արաբական միացյալ ցուցակի» ցուցանիշները ևս աննախադեպ էին՝ 13 մանդատ):

Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее