▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ հարցումների՝ 3 ուժ գրեթե հավասար ռեյտինգ ունի`ԴՕԿ, ՔՊ եւ «Հայաստան» դաշինք

«Հրապարակ»-ը  զրուցել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն է:
- Ե՞րբ եք վերջին անգամ սոցիոլոգիական հարցումներ իրականացրել: Ի՞նչ պատկեր ունենք ներքաղաքական կյանքում: Քաղաքական ուժերի վարկանիշը, տոկոսային հարաբերակցությամբ, ինչպիսի՞ն է այս պահին:

- Վերջին հարցումն իրականացրել ենք երկու ամիս առաջ: Անկեղծ ասած, այս տարի նախատեսել էինք ամեն ամիս հարցումներ իրականացնել, բայց քանի որ հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքական դաշտը տոտալ անգործության էր մատնված, բոլորը հանգստանում էին, հավանաբար, մենք հասկացանք, որ չեղած բանն անիմաստ է հետազոտելը: Այս ամսվա վերջին էլ հարցում ենք նախատեսել՝ հույս ունենալով, որ այս ամիս քաղաքական ուժերը որոշակի ակտիվություն կցուցաբերեն, եւ, ըստ այդմ, մենք կասենք, թե որ քաղաքական ուժը որքան աճ կամ անկում է ունեցել` ռեյտինգի առումով: Եթե խոսենք մեր վերջին հարցումների մասին, որոնք տեղի են ունեցել երկու ամիս առաջ, ապա կարող ենք ասել, որ քաղաքական դաշտը, ըստ էության, հոգեվարքի մեջ է, որովհետեւ ընդդիմադիր ուժերն ունեն բավականին ցածր վարկանիշ: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունն ունի մոտ 5 տոկոս վարկանիշ: Նույնքան վարկանիշ ունի ԴՕԿ կուսակցությունը` Վարդան Ղուկասյանը: Դրանից մեկուկես տոկոս ցածր վարկանիշ ունի «Պատիվ ունեմ»-ը: Մյուս կուսակցություններն ունեն ավելի քիչ ձայներ:

- Իսկ իշխող ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյա՞նը:

- ՔՊ-ն ունի 14,4 տոկոս: Բայց պետք է մի բան հաշվի առնել, որ բոլոր այն քաղաքական ուժերը` մշտապես, որոնք եղել են իշխանություն, առնվազն 8-10 տոկոս ստաբիլ ձայներ ունեն: Ոստիկանություն, բանակ, ՊԵԿ եւ այլն: Եթե այդ 8-ից 10 տոկոսն անտեսենք, ապա ստացվում է, որ ունենք երեք գրեթե հավասար ռեյտինգ ունեցող քաղաքական ուժեր` ՔՊ, «Հայաստան» դաշինք եւ ԴՕԿ: Երեքն էլ ունեն 5-7 տոկոս ձայն, դա՝ այն պարագայում, եթե «Քաղպայմանագիրը» չլինի որպես իշխանություն: Թե ինչ փոփոխություններ կլինեն հոկտեմբեր ամսին, կերեւա առաջիկայում:

- Այսինքն` Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ մյուսներից ավելի շա՞տ ձայներ ունի:

- Այո, բավականին երկար ժամանակ է՝ ԴՕԿ-ը երրորդ տեղում է գտնվում: Ի դեպ նշեմ, որ եթե մարզերի կտրվածքով դիտարկենք, ոչ թե երրորդ, այլ՝ երկրորդ տեղում է:

- Ստացվում է, որ բոլորի վարկանիշն ընկել է:

- Այո, քաղաքական դաշտը հոգեվարքի եւ փնտրտուքների մեջ է: Մեր հասարակության շուրջ 75 տոկոսը չի տեսնում այն ուժին կամ այն գաղափարները, որոնց համար արժե պայքարել եւ գնալ այդ ամենի հետեւից: Այս առումով պետք չէ մեղադրել հանրությանը, քաղաքացիներին ասել, որ նրանք պասիվ են եւ ձայն չեն տալիս այս կամ այն ուժին: Պարտադիր չէ, որ քաղաքացիներն ընտրեն այն ուժերին, որոնք կան: Խնդիրը քաղաքական ուժերինն է: Նրանք պետք է առաջարկեն այն ճիշտ ու ռեալիստիկ ծրագրերը, որոնք մարդկանց մոտ հավատ կներշնչեն: Հետեւաբար, ունենք նման իրավիճակ: Հայաստանում կա մոտ 100 կուսակցություն, բայց նրանք այնքան տկար են, որ, փաստորեն, չեն կարողանում ձեւակերպել այն պրոդուկտը, որը կարող է հետաքրքրել հանրությանը, որին կվստահեն մարդիկ: Դրա մեղավորը մեր քաղաքացիները չեն, մեղավորը կուսակցություններն են: Իհարկե, մարդիկ պետք է լինեն առավել պրոակտիվ եւ պահանջատեր, բայց եթե քաղաքական ուժերը չեն կարողանում ձեւավորել այն միտքը, գաղափարը, տեսլականը, որը հանրության տարբեր խավեր ցանկանում են տեսնել, ուրեմն խնդիրը կուսակցություններինն է: Պետք է լինեն տարբեր քաղաքական ուժեր, որոնք կունենան տարբեր գաղափարներ եւ տեսլականներ: Ռեալիստիկ ծրագրեր են պետք, որոնց ծանոթանալով՝ հանրությունը կցուցաբերի ակտիվություն:

- Բագրատ սրբազանի մասին ոչինչ չասացիք, այսօր ընդդիմության լիդերը հենց նա է:

- Բագրատ սրբազանի մասին մայիսին հարցում անցկացրինք, դա ակտիվ ժամանակաշրջան էր, եւ այդ փուլում Սրբազանի վարկանիշը բավականին բարձր էր: 50 տոկոսից ավելին դրական էր վերաբերվում շարժմանը, բայց դրանից հետո` երկու ամիս անց, նրա վարկանիշն էլ բավականին իջավ, դրական վերաբերմունքը փոխվեց, ինչը կապված էր պասիվության հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее