Պետք է չեզոքացնել Յարոշին և մնացած պարագլուխներին, այլապես անարխիան անխուսափելի է
Ուկրաինայի նոր իշխանությունները փորձում են կարգուկանոն հաստատել երկրում: Երկրի վերաձևավորված ներքին գործերի նախարարությունը սկսել է ազատվել այն զինված խմբավորումներից, որոնց միջոցով փաստացի իրականացվեց հերթական գունավոր (ես կասեի սև) հեղափոխությունը Ուկրաինայում: Ինչպես գիտեք նախօրեին սպանվեց «Աջ սեկտոր» կուսակցության ակտիվ անդամ Ալեքսանդր Մուզիչկոն իրավապահների հետ բախման արդյունքում:
Սրան ի պատասխան «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը ներՔին գործերի նախարար Ավակովին մեղադրեց սպանության մեջ, պահանջեց վերջինիս անհապաՂ հրաժարականը և սպառնաց վրեժխնդիր լինել: Ավակովի պատասխանը իրեն սպասեցնել չտևվեց: Նախարարը սրան պատասխանեց հետևյալ կերպ` «Եթե ինչ-որ ավազակներ սպառնում են նախարարին, ապա ես այդ մարտահրավերն ընդունում եմ և պատրաստ եմ ընդունել ցանկացած մարտահրավեր, քանի որ այդպիսին է իմ պարտականությունը:»: Ավելի ուշ ՆԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրվեց շատ հստակ բովանդակություն ունեցող մի հայտարարություն, որն ըստ էության հաստատեց Ավակովի հանձնարարությունը:
«Ես պնդում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց մոտ պահում են չգրանցված զենք հանցագործ են, անկախ իրենց կուսակցության դրոշի գույներից և կարգախոսներից: Բոլոր հանցագործները պետք է զինաթափվեն և ենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ լինեն դրանք «Աջ սեկտորից», թե «Մայդանի ինքնապաշտպանական ջոկատներից»: Այլապես մենք չեն կարողանա կարգուկանոն հաստատել փողոցներում»,-ասված է պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Փաստորեն Ալեքսանդր Մուզիչկոն եղավ առաջինը, բայց բնավ ոչ վերջինը: Սա շատ լուրջ քայլ է, որին դիմել են երկրի իշխանությունները: Բանն այն է, որ այս «Աջ սեկտոր» ծայրահեղական կուսակցությունը այսօրվա դրությամբ իր հայեցողության ներքո ունի մի քանի հազար զինված մարդ ամբողջ երկրի տարածքում, որոնց մեծ մասն ի դեպ գտնվում է մայրաքաղաք Կիևում: Այնպես որ զինաթափել բոլորին և անել դա օպերատիվ և կազմակերպված, շատ լուրջ մարտահրավեր է, որին այլևս առերեսվել են ուկրաինական իշխանությունները: Բայց դե այնպես էլ չէ, որ երկրի ՆԳՆ-ն առանց նախնական հաշվարկներ անելու կդիմեր նման արկածախնդրության, այն էլ ստեղծված իրավիճակում, երբ Ուկրաինան կանգնած է պատերազմի և մասնատման պոտենցիալ վտանգի առջև:
Անկախ ամեն ինչից, սակայն, կարծում եմ, որ կարգուկանոն հաստատելն իրոք հրամայական է ներկայիս իշխանությունների համար, եթե նրանք իրոք մտածում են երկրի ապագայի և անվտանգության մասին: Այսպես կոչված «Աջ սեկտորի» հեղինակաությունն ու ազդեցությունը հեղփախոխությունից ի վեր գնալով մեծանում էր (և դեռ շարունակում է մեծանալ): Դրան զուգահեռ անհամաձայնության և տարակարծության ճեղքը ներկայիս իշխանությունների հետ ևս գնալով խորանում էր: Այս ծայրահեղական կուսակցության առաջնորդը նույնիսկ առաջադրել է իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին և հավակնում է դառնալ երկրի ղեկավար: Մի պահ պատկերացրեք, այն ընտրապայքարը, որի ժամանակ ընտրատեղամասերում կանգնած կլինեն ինքնաձիգերով մարդիկ և կհսկեն ամբողջ գործընթացը մինչդեռ երկրի ՆԳՆ-ն, լինելով անկազմակերպված և փաստացի առանց լուրջ իշխանության, չի կարողանա վերահսկել իրավիճակը:
Վերընշված իրադրությունը փոխաբերական իմաստով այն է, ինչ կատարվում է այսօր Ուկրաինայում: Իսկ որպեսզի թույլ չտալ անարխիային գերիշխել Ուկրաինայում, ներկայիս իշխանությունները այլ ելք չունեն քան ձեռնարկել համապատասխան քայլեր: Համապատասխան քայլերն են նրանք են, որոնց միջոցով հնարավոր կլինի արմատախիլ անել հենց այն անարխիան, որն այսօր տիրում է Ուկրաինայում. պետք է չեզոքացնել Յարոշին և մնացած պարագլուխներին: