«Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ քննչական մարմինները, քննչական համակարգը ինչ փոփոխությունների ասես չի ենթարկվում: Գլխավոր դատախազությունը, ընդհանրապես դատախազությունը զրկվել է նախաքննություն իրականացնելու հնարավորությունից: Ոստիկանական քննչական բաժինները դուրս են բերվել ոստիկանության բաժինների ուղիղ ենթակայությունից: Բայց, արդյո՞ք այդ կառուցվածքային փոփոխությունները որակական փոփոխություններ են բերել ՀՀ-ում»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` հարցին պատասխանելու համար մի քանի փաստ մատնանշելով.
«Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը մինչև օրս բացահայըված չէ: Բացահայտված չեն Մարտի մեկի տասը սպանությունները, Ավետիք Բուդաղյանի սպանությունը, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած հարձակումները: Իսկ, երբ կարդում ես ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության մասին հրապարակումները, զարմանում ես, որ 21-րդ դարում աշխարհում կա ևս մեկ երկիր, որտեղ նախաքննությունը տեղի է ունենում ցինիզմի աննկարագրելի աստիճանով: Եվ հարց է ծագում, թե ինչու նախկին կառուցվածքային փոփոխությունները որակական փոփոխություններ չեն բերել մեր նախաքննությանը: Պատասխանը պարզ է. Դրանք որպես կանոն ունեցել են ձև, բայց չեն ունեցել բովանդակություն: Իսկ, եթե ունեցել են բովանդակություն, ապա այն եղել է ոչ թե իրավական, այլ ներիշխանական ինտրիգային»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ նման օրենք են քննարկում այսօր, չնայած որ օրենքի նախագիծը գրված է ՀՀ քննչական կոմիտեի մասին:
«Սա իրականում օրենք է` նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին: Եվ, այսօր ԱԺ-ն ոչ թե օրենսդիր, իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ: Այս պատմությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում: Չառաջադրեց ոչ թե այն բանի պատճառով, որ Աղվան Հովսեփյանն արժանի էր պաշտոնանկ արվելու գլխավոր դատախազի պաշտոնից` որպես քաղաքական հետապնդումներ իրականացնող, կոռումպացված, սպանությունների բացահայտմանը խոչընդոտող անձնավորություն, այլ, նրա համար, որ 15 տարի գլխավոր դատախազ էր աշխատել և իշխանության ներսում ուներ բավականին լուրջ ազդեցության լծակներ: Հիմա տեղավորում է, որովհետև չի ուզում, որ Աղվան Հովսեփյանն իր ստվերային ու այլ կապերով համալրի Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհողների բանակը: Նման մի կոմբինացի էլ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հետ իրականացրեց` 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ նրան պաշտոնանկ անելով և ընտրություններից հետո նույն պաշտոնի բերելով»-ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ նախագծին դեմ է քվեարկելու:
«Եթե մենք բոլորս դեմ քվեարկենք` Աղվան Հովսեփյանն աշխատանք չի ունենա, կմնա գործազուրկ ու կդառնա բավական երիտասարդ թոշակառու, և երբ որ դառնա բավականին երիտասարդ թոշակառու, մի քանի ամսից կնկատի, թե ինչպիսի հրեշավոր ու կոռումպացված համակարգ է Հայաստանի դատական համակարգը, ինչ հրեշավոր մեթոդներով են վարում նախաքննությունը, ու նա միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել հանուն իշխանափոխության: Դեմ եմ քվեարկում, որպեսզի Աղվան Հոսվեփյանն,ի վերջո, միանա հանուն ազատության, արդարության, պայծառ ապագայի մղվող պայքարին, ի վերջո ո՞ւմից է պակաս ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանը»,-եզրափակեց պատգամավորը:
Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դիտարկումները անտեղի և անհիմն են:
«Ինձ ոչ ոք չի պարտադրել պաշտոնից դուրս գալ»,-ասաց ԱԺ նախագահը: