Ջեյմս Ուորլիքը կրկին ինքնատիպ գրառում է կատարել իր Թվիթերյան միկրոբլոգում: Ի՞նչ է այս մարդը ուզում մեզանից և ադրբեջանցիներից: Թե ասա թող հանգիստ ապրենք էլի մեզ համար: Ինչքա՞ն կարելի է մեկ նախադասությամբ սադրել կողմերին և սերմանել լարվածություն երկու հասարակությունների միջև: Առանց այն էլ լարված մթնոլորտի պակաս չկա: Եկեք ի վերջո անդրադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մի քանի ժամ առաջ արած գրառմանը. «Ինձ այսօր ուղղեցին. Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Այդուհանդերձ, մենք խաղաղ կարգավորում ենք ուզում Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար»:
Շուտով կլրանա ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի մեկ տարին ինչ նա ներկայացնում է ԱՄՆ-ն հակամարտության ձևաչի շրջանակներում: Մի՞թե այսքան ժամանակ Ուորլիքը աշխատում էր առանց հասկանալու նույնիսկ, թե ում միջև է հակամարտությունը և իրեն պետք է «ինչ-որ» մեկը «հուշեր», դրա մասին: Ավելի աբսուրդային հայտարարություն անել այս մարդը չէր կարող:
Այն, որ Ուրլիքը հիմար չէ և շատ էլ լավ գիտեր և գիտի այս հակամարտության ակունքները միանշանակ է: Այստեղ կարևորը հասկանալ, թե որոնք են այս մարդու գրառման դրդապատճառները: Ինչո՞ւ ԱՄՆ-ն հանկարծ որոշում կայացրեց նման հայտարարություն անել, այն էլ այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունների կարելի է ասել, որոշ չափով հակաարևմտյան դիրքորոշում են որդեգրել Ղրիմի հարցում: Միանշանակ ինչ-որ բան ասելը բարդ է, բայց այն որ սա Ուորլիքի կողմից վերջին շրջանում տարվող սադրանքների շարքին է պատկանում փաստ է:
Ի դեպ, եթե նկատել եք, Ուորլիքը մեկ անում է այնպիսի գրառում , որը կարող է սադրել հայերին, մեկ էլ այնպիսի, որը բնավ դուր չի գալիս, կամ էլ չի գա ադրբեջանցիներին: Կարծում եմ նույնիսկ մանրամասնելու կարիք էլ չկա, քանի որ Ուորլիքի ամեն մի գրառումն այնպիսի ոգևորությամբ է տարածվում մեր զլմ-ների կողմից, որ թերևս կամա, թե ակամա մեր հասարակության մեծ մասը տեղեկանում է դրանց մասին:
Ինչևէ, դրդապատճառները դեռ մի կողմ թողնելով` հարկ է արձանագրել, որ վերջին այս գրառումը ինչքան էլ առաջին հայացքից հայանպաստ լինի, անտեղի և բոլորովին չհիմնավորված լարվածության պատճատ է դառնալու հակամարտության կողմերի միջև: Այնպես որ այս համատեքստում տվյալ հայտարարության մեջ ոչ մի հայանպաստ էլեմնտ ես չեմ տեսնում: Եթե ամերիկացիք, ի դեմս Ջեյմս Ուորլիքի, անկեղծորեն ուզում են օգնել հակամարտո կողմերին, որի հարցում ես լուրջ կասկածներ ունեմ, լավ կանեն ընդհանրապես ոչինչ չասեն:
Ես հուսով եմ, որ ներկայիս աշխարհաքաղաքական վայրիվերումների շրջանակներում ամերիկացիք չեն փորձի ի վնաս Ռուսաստանի անկայունացնել մեր տարածաշրջանը, որից առաջին հերթին կտուժի ոչ թե Ռուսաստանը կամ էլ ԱՄՆ-ն, այլ մենք և ադրբեջանցիները:
Այնպես որ կոչ եմ անում, թե´ մեզ, թե´ ադրբեջանցիներին չտրվել սադրանքների: