ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնում է տարածաշրջանային պատերազմով
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բավական ուշագրավ և որոշ չափով անսպասելի երկու հայտարարություն արեց Թվիթերյան իր էջում: Առաջինն այդքան էլ մտահոգիչ չէր, բայց չասել, որ այն տարբերվող և ուշագրավ էր չի լինի: Այսպիսով առաջին գրառումը հետևյալն էր. «Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են լուծում տալ խաղաղության հաստատման նման բարդ հարցերին»: Հիշեցնեմ, որ ընդամենը սրանից մեկ օր առաջ տեղի էր ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև հանդիպումը Փարիզում: Առաջին գրառումուից որոշ ժամանակ անց Ուորլիքը արեց մեկ այլ գրառում հետևյալ բովանդակությամբ. «Մտահոգություններ եմ լսել, որ մինչ կենտրոնացած ենք Ուկրաինայի իրադարձությունների վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունը կարող է մեծանալ: Պե՞տք է, արդյոք, մտահոգվենք»:
Կարծում եմ Ամերիկացիք փորձում են արհեստականորեն լարվածություն առաջացնել, իսկ ավելի ճիշտ ոչ թե փորձում են առաջացնել, այլև սպառնում են առաջացնել, որպեսզի փորձեն զսպել Ռուսաստանին Ղրիմն իրենով անելու քայլերից:
Նախ այդ ի՞նչպես պատահեց, որ ամերիկացի համանախագահը հենց նոր միայն հասկացավ, որ էական առաջընթաց Արցախի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է արձանագրել բացառապես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ: Պաշտոնյայի խոսքերից ինչ-որ տեղ պարզ է դառնում, որ արտգործնախարարների հետ հանդիպումներն այդքան էլ արդյունավետ չեն և արդյունքում հնարավոր չի լինում առաջընթաց ապահովել, իսկ որպեսզի բանակցությունները չլճանան անհրաժեշտ է ներգրավել նախագահներին, այլապես իրավիճակն այսօր այնպիսին է, որ կարող է վտանգվել տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունը: Կարծում եմ, որ սա ընդամենը փորձ է բացասական տրամադրություններ բորբոքել կողմերի համապատասխան հասարակություններում և ինչպես քիչ առաջ նշեցի արհեստականորևեն լարել իրավիճակը:
Երկրորդ գրառումը կարծես այդ միտման տրամաբանական շարունակությունը լինի: Ի՞նչ ասել է թե մտահոգություններ եմ լսել: Հետաքրքիր է իմանալ այդ ո՞րտեղից ամերիկացի դիվանագետին այդպիսի տեղեկատվություն: Կարծես տարածաշրջանում այնպիսի ուժային հավասարակշռված իրավիճակը է, որը թույլ չի տալիս ինչ-որ կողմի դիմել արկածախնդրության: Հետո այդ արկածախնդրության պոտենցիալ դիմողին միջազգային հանրությունը մշտապես սպառնացել է դատապարտմամբ և մեկուսացմամբ, իսկ այժմ ամերիկացիք խոսում են մտահոգությունների մասին: Եթե Ուորլիքն ինչ-որ բան գիտի, ապա թող բարի լինի մինչև վերջ խոսել և համապատասխան գնահատական տալ դրան, այլ ոչ թե երկու նախադասություն գրի՝ ստեծելով ինտրիգներ թե՛ մեր, թե՛ ադրբեջանական հասարակությանը շրջանում:
Վախենամ այստեղ շատ ավելի վտանգավոր գործընթաց է գնում: Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին փորձի սադրել, իսկ ավելի կոնկրետ կանաչ լույս վառել Ալիևի համար, որպեսզի վերջինս վերսկսի պատերազմը:
Ես կարծում եմ, որ ամերիկացիք այժմ ռուսներին սպառնում են ներքաշել միանգամից մի քանի հակամարտության մեջ, եթե վերջինս չհրաժարվի Ղրիմից: Մի կողմից, Եթե ամերիկացիներին դա հաջողվի, ապա անկասկած Ռուսաստանը կարող է կանգնել լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի առջև, բայց մյուս կողմից ռուսներն այլ ելք չունեն քան արդեն գնալ մինչև վերջ Ղրիմի հարցով, այլապես Ռուսաստանը կհեղինակազրկվի ու ցույց կտա իր թուլությունը, իսկ դա կհանգեցնի շղթայական ռեակցիայի, և ռուսները կսկսեն զիջել, թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային հարցերում, էլ չեմ ասում թե ինչ կլինի արդեն դրանից հետո: Ռուսաստանի թերևս միակ զիջումը կարող է լինել այն, որ ոչ թե Ղրիմը միացնի իրեն, այլ ճանաչի այդ երկրամասը որպես անկախ պետություն: Ավելին Ռուսաստանից ես չեմ սպասում:
Վերադառնալով Արցախյան հակամարտության շուրջ Ուորլիքի մտահոգություններին՝ հուսանք, որ Ալիևը կցուցաբերի ողջախոհություն և չի տրվի ամերիկյան սադրանքներին, քանի որ հակամարտության վերսկսման դեպքում կտուժենք, և՛ մենք, և՛ իրենք: Կարճ ասաց կողմերից ոչ մեկն այսօր պատրաստ չէ պատերազմել: