ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած բախումների մասին: Հարավկաովկասյան հակամարտող երկու պետությունների Սոչիում ՌԴ նախագահի պատրոնաժի ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ այն առավել կարևորություն է ձեռք բերում, սակայն նույնիսկ եթե լիներ հերթական «շարքային» հարցազրույց այնուհանդերձ երկու կողմերի վերլուծական շրջանակներին էլ կհետաքրքրեր, քանի որ ունի մի շարք ուշագրավ կողմեր ու բավականին լուրջ ուղերձներ է իր մեջ պարունակում:
Առաջին հետաքրքրական նորույթը, որ իր խոսքում ձևակերպել է ամերիկացի համանախագահը, կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն կարգավիճակի հետ: Ամերիկյան դիվանագետը մասնավորապես ասել է. «Ցավոք, բախումները տարածաշրջանում ցույց են տալիս, որ հակամարտությունը դեռևս սառեցված չէ: Փորձեք բացատրել տուժած կամ զոհված զինվորի ընտանիքին, որ հակամարտությունը դեռևս սառեցված չէ»: Սա լուրջ հարց է ու կարող է գլխիվայր շրջել հակամարտության լուծման ողջ բանակցային գործընթացը: Այն, նախ համակարտության խաղաղ կարգավորման մեջ միանշանակ կերպով արձանագրում է վիթխարի հետընթաց, անկախ հենց իր ու իր երկրի, ինչպես նաև Մինսկի խմբի մյուս համանախագահների ու համանախագահող երկրների ներդրած ջանքերից:
Այսինքին` այս պահից սկսած այն պետք է դիտել որպես թեժ հակամարտություն ապա արդեն` նախ պետք է թեժ հակամարտությունը վերստին բերել սառեցվածի կարգավիճակի, ապա նոր անցնել հետագա քայլերին, այսինքն թե կրկնել այն, ինչ արվեց իննսունչորսին: Արդյոք սա ի նկատի ունի պարոն Ուորլիքը, արդյոք արդեն ստորագրված զինադադարն այսպիսով կորցնում է իր ուժը խախտումների ֆոնի վրա ու կարիք կա նոր զինանդադարի ստորագրման: Սրանք հարցերի միայն մեկ մասն է, որ առաջանում են ամերիկացի համանախագահի խոսքի հետևանքով:
Մյուս կողմից պարոն Ուորլիքի խոսքի այս հատվածը եթե բերենք ու դնենք իրադարձությունների զարգացման բազմամայա ֆոնի վրա, ապա արդեն կարելի է հստակորեն հասկանալ, որ իր պատերազմական հռետորաբանությամբ ու ռազմատենչ հայտարարություններով, իր սահմանային լարվածության ավելացումով ու խախտումներով Բաքուն հենց այս նպատակն էր հետապնդում որի արդեն հեռահար շահը ժամանակի ձգումն է անհասկանալի կերպով, քանի որ այս հետընթացից մինչև ասենք նախալարվածային վիճակի գալը ժամանակ է պահանջում ու առաջացնում ընդհանուր գործընթացի մեջ ժամանակային ու գործողութենական խղանում ու վակուում:
Այս վիճակը բնականաբար, արդեն անկախ յուրաքանչյուր համանախագահող երկրի ու հակամարտող կողմ երկրների` միմյանց միջև ունեցած առանձին երկկողմ հարաբերությունների բնույթից կամ մակարդակից, չի կարող մտահոգիչ չլինել ինչպես յուրաքանչյուր համանախագահող երկրի, այնպես էլ ողջ միջազգային հանրության համար, քանի որ ներկայիս թույլ-կայնությամբ աչքի ընկնող աշխարհում ավելացնում է ապակայունացման հեռանկարի տեսակարար կշիռը: Եվ ինչպես հենց պարոն Ուորլիքն է ձևակերպել «Ամերիկայի ձայնի» հետ զրույցի ժամանակ. «Իհարկե, ներկա իրավիճակը մեզ շատ է մտահոգում, և, անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել մեղմելու իրավիճակը:
Առաջին քայլը պետք է լինի Սոչիում հնարավոր հանդիպումը երկու երկրների նախագահների միջև և ես հուսով եմ, որ այս հանդիպումը կօգնի կանխարգելել բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հուսով ենք նաև, որ այս հանդիպումը վերջ կդնի ադրբեջանական սադրիչ հայտարարություններին, որոնք չեն կարող հանգեցնել դրական առաջընթացի»: Այստեղ արդեն բացահայտվում է մի այլ նրբերանգ, որը դիվանագիտական բառապաշարից եթե փոխադրենք սովորական բառապաշարի, ապա կհնչի այսպես` ԱՄՆ համաձայն է Սոչիում նախագահ Պուտինի պատրոնաժի ներքո հակամարտ կողմերի ղեկավարների հանդիպմանը անկախ ձևաչափից ու հույսեր է կապում այդ հանդիպման հետ որպես միջոց եղած լարվածության թուլացման:
Հետաքրքրական է, որ Ռուսաստան Արևմուտք ու առաջին հեևթին Ռուսաստան ԱՄՆ ներկայիս առճակատման համատեքստում, այս մասով երկու գերտերությունները կարծես թե գործում են փոխադարձ համաձայնության կառուցողական մթնոլորտում, որը արդեն իսկ դրական տեղաշարժ կարող է նկատվել գլոբալ աշխարհաքաղաքական առումով, եթե իհարկե բացառենք այն ենթադրությունը, որ այս պահին իրավիճակի թելադրողը ամեն դեպքում մնում է Մոսկվան Հարավկովկասյան տարածաշրջանում և ԱՄՆ-ն Մինսկի խմբի իր համանախագահի բերանով այս համաձայնությունը հայտնում է զուտ միայն «դեմքը փրկելու» նպատակով:
Այստեղ հիշատակության արժանի է ընդամենն օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծննդյան տարեդարձին Իլհամ Ալիևի շնորհավորականի մեջ առկա այն հատվածը, թե բաքուն հույսեր է կապում ԱՄՆ հետ: Այստեղ արդեն կարելի է հասկանալ, որ պաշտոնական Վաշինգթոնը ուղերձ է հզում Բաքվին, որ այն, ինչ կորոշվի Սոչիում, անկախ այն հանգամանքից, թե ԱՄՆ հետ Բաքվի հույսերն արդարացել են կամ ոչ, պաշտոնական Վաշինգթոնը համակարծիք է ու սատարող, քանի որ ամերիկյան շահերի համար նախ և առաջ կարևոր է խաղաղությունը անկախ այն հանգամանքից, նաև, թե խնդրի անարյուն լուծման ժամանակ ինչ զիջումներ կլինեն կամ ով իրեն պարտվող կհամարի, ով հաղթող, հատկապես որ արդեն բազմիցս է ասվել, որ թե ինքը Ալիևը, թե նախագահ Սարգսյանը կողմ են խնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանը: Թերևս այսպես պետք է հասկանալ Ուորլիքի պատասխանն այն հարցին, թե որ կողմերը պատրաստ են արդյոք խաղաղ բանակցությունների.«Ես կարող եմ հավաստիացնել, որ երկու երկրների նախագահները ցանկանում խաղաղ բանակցային գործընթաց և խաղաղ լուծում տան այս հարցին, իսկ մենք պետք է խրախուսենք խաղաղ բանակցությունների հաջող առաջընթացը:
Այսպիսով, մենք ունենք մեծ ակնկալիքներ առաջիկա հանդիպումից: Իհարկե, կողմերից և ոչ մեկը չի ցանկանում պարտվողի աչքերով ներկայանալ աշխարհին, բայց մենք, միևնույն է, կողմնակից ենք խաղաղ բանակցությունների և ոչ պատերազմի»: Ինչ որ տեղ վերլուծաբանների համար կարող է զարմանալի թվալ համանախագահ Ուորլիքի պատասխանը այն հարցի առնչությամբ, թե ինչպես կբացատրի Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին ներկա խնդիրների պայմաններում: Դեսպան համանախագահողը պատասխանել է, որ Ռուսաստանն իրավունք ունի հաստատելու առևտրային հարաբերություններ ցանկացած պետության հետ: «Սա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի արդյունավետ ներգրավվածությանը խաղաղ բանակցություններում:
Խաղաղության վերաբերյալ որոշումը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռքերում և խնդրի լուծումը մեծ ջանքեր է պահանջում»: Սա կարելի է համարել չլսված ու չտեսնված, պարզ ասած` աննախադեպ: Դեռ երբեք ԱՄՆ-ն անկախ հայտարարության վայրից ձևաչափից, պայմաններից ու այլ հանգամանքից, նման ձևով չէր արձագանքել Ռուսաստանի զենքի առևտրի բնագավորում ունեցած անկախ կեցվածքի, որոշումների ինքնուրույնության ու ազատ զենքի բիզնես ծավալելու օգտին, հատկապես, որ միջազգային կառույցների գնահատմամբ զենքի բիզնեսի համաշխարհային շուկայում ԱՄՆ-ի հիմնական մրցակիցը Ռուսաստանն է շուկայում ունեցած գրեթե երեսուն տոկոս չափաբաժնով: Խնդիրն ուրեմն մեկ այլ հարցի հետ է կապված ու այնքան խորն է, որ ԱՄՆ-ն թեև մտահոգված է տիրող իրավիճակով, բայց դա պատճառ չի հանդիսանա, որ թուլացնի ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանն առաջնային լուծում տալ:
Ինչ-որ իմաստով ԱՄՆ-ի այդ ցանկությունը կարելի է հասկանալ դեսպան Ուրոլիքի վերջին պատասխանով առ այն, թե` «Մեր նպատակն այն է, որ Եվրոպային տեսնենք ամբողջական, խաղաղ և ազատ: Ղարաբաղյան հարցը մի խնդիր է Եվրոպայի և ԱՄՆ-ի համար, որոնք ուզում լուծում տալ այս հարցին»: Սակայն սրանից բացի գուցե և խնդիրը նաև այն պարզ իրողության մեջ է, որ և Ռուսաստանը և ԱՄՆ-ն արդեն չափազանց ներգրավված են ամենատարբեր հակամարտությունների մեջ ու ևս մեկի սրումը այն էլ, երբ մեջտեղում կա կրոնական հարց ու մի քանի անգամ արդեն փորձ արվել է ղարաբաղյան հակամարտությանը կրոնական էթնիկ երանգ տալուն, անիմաստ է ու որքան շուտ հարթիվ այն, այնքան ավելի լավ բոլորի համար` թեկուզ պարտադրված խաղաղության ճանապարհով: Չէ որ ղարաբաղյան հակամարտությունն ինչ որ իմաստով բավականին յուրօրինակ է ու կարող է ապակայունացնել իրավիճակը առհասարակ ու ծնել նոր ավելի գլոբալ խնդիրներ: