▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. Հաջորդն ովքե՞ր են SMS ստանալու

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու: Թիրախում այլ պաշտոնյաներ են, մեզ հասած տեղեկություններով՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մկրտչյանի մասով, ի դեպ, դեռ անցած տարի էին կառավարական շրջանակներում խոսում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ արցախցիների բռնի տեղահանումը եւ դրանով պայմանավորված սոցիալական բլոկի ծանրաբեռնվածությունը, նաեւ այդ բլոկը նոր փորձությունների չենթարկելու անհրաժեշտությունը «փրկել» է Մկրտչյանին` հետաձգելով նրա պաշտոնանկությունը։ Փաշինյանը դժգոհ է նրանից, քանի որ փարաքարցի Նարեկ Մկրտչյանն իր հարազատ գյուղում չի կարողանում ազդեցություն ունենալ եւ իրավիճակը կառավարելի դարձնել:

Փարաքար համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն վերջին ընտրություններում մեծամասնության քվեն չստացավ, միայն գործարքի շնորհիվ 2 տարով համայնքի ղեկավարի պաշտոնը զիջեց ամենաքիչ ձայներ ստացած ուժին, ապա քրեական հետապնդումներով մի կերպ պոկեց այդ պաշտոնը Մինասյան դաշինքից, բայց մայիսին իր նշանակած համայնքապետն օրերս մի փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց եւ հրաժարական տվեց՝ քրեական աղմկահարույց պատմության կիզակետում հայտնվելուց հետո։

Իսկ Անահիտ Ավանեսյանի մասով մեր աղբյուրներն ասում են՝ համակարգը վատ վիճակում է` գոնե այն մասով, որը վերաբերում է պետական կառավարմանը, եւ ձախողված է առողջապահական ապահովագրության ներդրման հարցը։ Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաեւ մարզպետաց դասին»:

***

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իրավապահ բլոկի մասնակցությամբ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական լսումները ճակատագրական դարձան ուժային պաշտոնյաների եւ կոնկրետ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համար. Հովիկ Աղազարյանը դեռ դիմադրում է:

Կհարցնեք՝ ի՞նչ կապ ուներ Անդրանիկ Քոչարյանի բեմադրած պառլամենտական քննարկումը «ուժայիններին գլխատելու» պրոցեսի հետ. բացատրենք: Ճակատագրական նոյեմբերի 17-ի գիշերը` կիրակի, երբ Նիկոլ Փաշինյանը հարսանիքից հետո հրահանգել էր իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տեղեկացնել 6 պաշտոնյաներին, որ պետք է առավոտյան ազատման դիմումներ գրեն, իշխանական, իսկ ավելի կոնկրետ՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխկապակցված Radar Armenia-ն հայտնեց, որ ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը։ Այսինքն՝ կուսակցությունում արդեն գիտեին, որ ուժայիններին պատժելուն զուգահեռ նաեւ խորհրդարանականները պետք է պատժվեն:

Իսկ ինչ էր արել Նարեկ Զեյնալյանը. նա ամբիոնից կշտամբել էր Արգիշտի Քյարամյանին թե՝ Ձեր աշխատասենյակում չեք, որ նման ժեստիկուլյացիայով եք խոսում պատգամավորների հետ: Բացի այդ, նա ոչ խոսափողի մոտ, բայց օգտագործել էր նաեւ «սեւ շորերով պատգամավորի», իսկ իրականում ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնականի բառապաշարը՝ «կուռաժիտ լինելու» մասին, ինչը չներվեց Զեյնալյանին:

ՔՊ-ն համարում է, որ Զեյնալյանը խախտել է պատգամավորի վարքականոնի մասին ՀՀ օրենքը եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ նա պետք է հեռանա: Նարեկ Զեյնալյանը, իհարկե, չի դիմադրել եւ անմիջապես ենթարկվել է Փաշինյանի պահանջին՝ ներկայացնելով մանդատից հրաժարվելու դիմում. բայց եւ նեղ շրջապատում դժգոհել է, թե ՔՊ պատգամավորներ կան՝ այնպիսի արարքներ են թույլ տվել ու անպատիժ մնացել, որ տարակուսելի է, թե ինչու հենց ինքը պետք է պատիժ կրեր: Նա հերթով հիշել է թե՝ Արթուր Հովհաննիսյանը խայտառակ վարքագիծ դրսեւորեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստում, չպատժվեց, Հակոբ Ասլանյանը հայհոյեց Եռաբլուրում, չպատժվեց, Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, չպատժվեց եւ այլն:

Նա հարցը քննարկել է նաեւ իրեն ՔՊ թիմ բերած ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ, ով եւս տարակուսել է, որ ՔՊ-ականներին այնպիսի աններելի բաներ են ներվել, որ Զեյնալյանին հեռանալ պարտադրելը անարդար է: Բայց ահա այդպիսի զգացումներով՝ Զեյնալյանը հեռացել է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее