168.am-ը, հղում անելով «Ամերիկայի ձայն»-ին, նշում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում: Նրա ելույթի մեծ մասն առնչվել է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության և հետխորհրդային երկրների վրա, ներառյալ Վրաստանը, նրա ազդեցությանը: Իր ելույթում Սաակաշվիլին արել է մի շարք կանխատեսումներ՝ կապված «Կրեմլից ՊԱԿ-ի նախկին գործակալ Վլադիմիր Պուտինի մոտալուտ հեռանալու», «Ռուսական կայսրության կործանման», «Եվրասիական միություն անվանմամբ նախագծի ձախողման» վերաբերյալ: Բացի այդ, նա դատապարտել է Ռուսաստանի կողմից վրացական հողերի շարունակական օկուպացիան, բացատրել է, թե ինչու է Վրաստանը ճանաչել «չերքեզների ցեղասպանությունը», նկարագրել է իր կառավարման ժամանակ Վրաստանի ձեռքբերումները և ներողություն է խնդրել Վրաստանի այն քաղաքացիներից, որոնց կյանքը չի կարողացել դարձնել ավելի լավ: Նրա ելույթը եղել է կրքոտ ու երևակայական: Նրա ելույթի մոտավորապես կեսին ռուսական պատվիրակությունը՝ որպես բողոքի նշան, լքել է ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի դահլիճը: Սաակաշվիլին հայտարարել է. «Մի քանի տարի անց Վլադիմիր Պուտինը կհեռանա Կրեմլից, կչքանա ռուսական քաղաքականությունից: Ռուս քաղաքացիները նրան կհիշեն որպես հին ժամանակների՝ կոռուպցիայի ու ճնշման ժամանակների ուրվական: Ռուսաստանը կդադարի կայսրություն լինելուց և կդառնա նորմալ պետություն: Ռուսաստանը շարունակում է անեքսիայի ենթարկել վրացական հողերը և դրանով իսկ թուլացնել Վրաստանը: Ռուսաստանի համար շահավետ չէ ուժեղ հետխորհրդային հանրապետություններ (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան) ունենալը: Դուք կարծում եք, թե Պուտինը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանն առավելության հասնի Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ո՛չ: Դա Հայաստանը կդարձնի չափազանց ուժեղ և պոտենցիալ առումով բավական անկախ: Թե դուք կարծո՞ւմ եք, որ դրա հակառակն է ճշմարտությունը, որ Մոսկվան ցանկանում է, որ Բաքուն գերազանցության հասնի Երևանի նկատմամբ: Ո՛չ, նրանք չեն ցանկանում, որ մեկնումեկն ընդհանրապես հաղթող դուրս գա: Նրանց նպատակը հենց հակամարտությունն է, քանի որ այն ազգերին խանգարում է դառնալ անկախ և արգելափակում է ԵՄ-ին նրանց ինտեգրումը: Եվրասիական միության գաղափարը Վլադիմիր Պուտինի կողմից ձևավորվել է որպես ԵՄ-ին այլընտրանք և հանդիսանում է նրա նախագահական նոր ժամկետի հիմնական նախագիծը: Եվրասիական միությունը բազավորված է ԵՄ-ի հիմնական սկզբունքներին հակասող սկզբունքների վրա: Այն սնում է անհանդուրժողականությունը, դրա գլխավերևում կանգնած են ՊԱԿ-ի նախկին գործակալները, դրա նպատակը հին կայսրության վերածնումն է: Եվրասիական միությանը միանալը հեշտ է, չկան սոցիալական, քաղաքական կամ տնտեսական որևէ չափանիշներ: Գաղութ դառնալը շատ հեշտ է: Միակ պահանջը պասսիվությունն ու միջակությունն են: Միասնությունը պետք է լինի մեր կանոնն Արևելյան Եվրոպայում, այդ թվում նաև Կովկասում»:
Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Պուտինը չի ուզի, որ Հայաստանը դառնա չափազանց ուժեղ և պոտենցիալ առումով բավական անկախ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet