ՌԴ նախագահը Հայաստան կատարած այցի շրջանակներում, 102-րդ ռազմաբազայում առանձնազրույց է ունեցել ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հետ, խոսել զինծառայողների առօրյա խնդիրների, ռազմաբազայի հրամանատարության ու տեղի իշխանությունների և բնակիչների հարաբերությունների մասին:
Այն, որ ՌԴ նախագահը առանձնազրույց է ունեցել ռուսական ռազմաբազայի հրամանատարի հետ՝ բնական է, սակայն այն փոքր-ինչ այլ բնույթ է ստանում երկու ամիս առաջ ռազմաբազայի հրամանատարի կողմից ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ համարվող «Կռասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցից հետո:
Այդ հարցազրույցում Ռուզինսկին հայտարարել էր, թե «եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում»:
Այս հայտարարությունը Ադրբեջանում մեծ անհանգստություն էր առաջացրել. ադրբեջանական կողմը օր առաջ փորձում էր հերքում ստանալ այս հայտարարության առնչությամբ: Ճիշտ է՝ լուրեր տարածվեցին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նրա ռուս գործընկերը նշել է, թե դա, միգուցե, լրագրողական վրիպակ է եղել, սակայն ռուսական կողմի համար առաջնայինն այն է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատարն արդեն իսկ ռազմաբազայի մակարդակով անհրաժեշտ մեսիջը հասցեագրել էր Ադրբեջանի իշխանությանը:
Վերջիվերջո, հասկանալի է, որ ռուսական ռազմակայանի հրամանատարը, այն էլ` ՌԴ ՊՆ պաշտոնաթերթին տված հարցազրույցում, չէր կարող պատահական հայտարարություն անել: Եթե իրավիճակը սահմանագծին լիներ` պայթյունավտանգ, անշուշտ այդ հայտարարությունը կհնչեցներ ոչ թե Ռուզինսկին, այլ ինքը՝ Շոյգուն, սակայն ստեղծված իրավիճակում, Ռուզիսնկու հայտարարությունը անհրաժեշտ զգուշացման չափաբաժին ապահովեց:
Հետաքրքրական է, ՌԴ նախագահի այցից առաջ, անանուն աղբյուրներին հղումներով, լուրեր տարածվեցին, թե ռուսական ռազմակայանի հրամանատարը արձակուրդ է ուղարկվել, քանի որ «այդ հայտարարության պատճառով Պուտինը չի ցանկանում վերջինիս դեմքը տեսնել» և որ, ամենայն հավանականությամբ, Ռուզինսկին «արձակուրդից չի վերադառնա»:
Եթե Ռուզինսկին այդ հայտարարությունն իր նախաձեռնությամբ աներ՝ շեղվելով պաշտոնական գծից, ապա նրան վաղուց պաշտոնանկ արած կլինեին: Ընդ որում՝ ռուսական լրատվամիջոցները ներկայացրեցին ոչ միայն նրա ներկայությունը Պուտինի՝ ռազմաբազա կատարած այցի ընթացքում, այլև ընդգծված ձևով առանձնացրեցին նրա ու ՌԴ նախագահի առանձնազրույցն ու դրա մանրամասները:
Ռուզինսկու կողմից, այդ հայտարարության «մարսելն» ու Պուտինի հետ վերջինիս ունեցած առանձնազրույցի ընդգծումը ցույց է տալիս, որ ամեն ինչ տեղի է ունեցել ըստ նախապես հաստատված սցենարի: