Մոսկվան հիմնավորել է Ղրիմի որոշումը միանալ Ռուսաստանին. Պուտինի ցինիզմն անգերազանցելի է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը շատ ուշագրավ հայտարարություն է արել ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Նա ասել է, որ այլևս հնարավոր չէ «տարածքներ հավաքագրել» այնպես ինչպես դա արվում էր նախորդ հարյուրամյակներում: Վերջինիս պարզաբանելով այդ միտքը` ասել է, որ տարածքներն այժմ ոչ թե «հավաքագրվում և համախմբվում են» մեկ պետության նախաձեռնությամբ, այլ միանում են մագնիսի սզբունքով: Պեսկովի խոսքերով հենց ինչ-որ պետություն դառնում է բավական ուժեղ ու կայուն, և ակնհայտ է դառնում այդ երկրի զարգացման հեռանկարը, շրջակայքում բոլորը սկսում են մագնիսի պես ձգվել դեպի այդ պետությունը: Ըստ Պուտինի խոսնակի առաջին հերթին այդ պետությանը (նկատի ունենալով Ռուսաստանին) ձգվում են իրենց հայրենակցիները: Այս կապացությամբ համեմատական տանելով Ղրիմի հետ`պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանին միանալու գաղափարը ոչ թե Կրեմլի նախաձեռնությունն է, այլ իրենց հայրենակիցների բնական ցանկությունը միավորվել իրենց կնտրոնի` պատմական հայրենիքի շուրջ:
Սա իսկական ամբսուրդ է: Նախ ի՞նչ ասել է, թե բնական գործընթաց է, որ բոլորը ձգտում են զարգացած և կայուն երկրների մաս կազմել: Այս տրամաբանությամբ աշխարհի կեսը կլիներ ԱՄՆ-ի կազմում, Եվրոպան կկիսվեր սկանդինավյան պետությունների և Գերմանիայի միջև, իսկ ասենք Ասիական աշխարհամասը կկլանեին Չինաստանն ու Ճապոնիան: Մնացած տարածաշրջանների մասին չեմ էլ խոսում, քանի որ դա իրականությունից կտրված մոտեցում է: Սրանից ավելի լկտի, ցինիկ միտք ես չէի լսել: Բայց եթե մի կողմ թողնենք էմոցիաները, սա իրական սպառնալիք է Ռուսաստանի կողմից, առնվազն ուղղված իր անմիջական հարևաններին:
Չի բացառվում, որ վաղը ենթադրենք «Բելառուսում», ևս որոշեն միանալ «կենտրոնին»: Կամ մնացած այլ սլավոնական ծագում ունեցող ազգերը քնեն արթնանան և նման որոշում «կայացնեն»: Չնայած բոլոր սլավոնական ծագում ունեցողներին դեռ մի կողմ թողնենք: Ինչու՞ ենք հեռուն գնում: Ի՞նչ կլինի, եթե վաղը Ռուսաստանը որոշի, որ Հայաստանն էլ է ցանկանում միանալ կենտրոնին: Ճիշտ է մենք իրենց «հայրենակիցները» չենք, բայց «եղբայրական ժողովուրդ» ենք, որը լիովին կարող է Պուտինի տրամաբանության շրջանակներում ձգտել դեպի «կենտրոն»:
Գիտեք ինչ, Ղրիմի հարցով ես միշտ էլ կարծել եմ, որ Ռուսաստանը այդ թերակղզին իրեն վերադարձնելու, թե´ պատմական, թե´ բարոյական, իրավունք ունի: Բայց դրա պաշտոնական մակարդակով հիմնավորումը, որ մենք այսօր լսում ենք Ռուսաստանի կողմից, ամենաթողության զգացումի տպավորություն է թողնում: Ռուսաստանն իր ցինիկությամբ սկսում է գերազանցել անգամ Արևմուտքին:
Պուտինի ցինիզմն անգերազանցելի է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet