▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական դաշտն ապրում է իր աշունը՝ օրվա հետ խամրող գույներով…

Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց սեզոնային է: Դա վաղուց բոլորին հայտնի է: Օրինակ, իշխանությունը ժողովրդին սիրում է խոստումներ շռայլել բյուջետային քննարկումների ժամանակ, հետո՝ տարեվերջին, արդարանում է, թե ինչու ինֆլյացիայի տեմպերը գերազանցեցին մարդկանց եկամուտները կամ, թե ինչու հնարավոր չեղավ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները:

Ընդդիմության սեզոնայնությունն այլ բնույթ ունի:

Երրորդ Հանրապետության գոյության 22 տարիներին ընդդիմության կարգավիճակով հանդես են եկել տարբեր քաղաքական ուժեր, սակայն նրանց բառապաշարը, վարքագիծը գրեթե անփոփոխ են մնացել: Տարիներն անցել են, բայց ընտրությունների որակը չի լավացել, մարդիկ պարբերաբար դժգոհել են իշխանության ուզուրպացիայից ու նույն պարբերականությամբ էլ խոստացել են «թեժ գարուն» կամ «թեժ աշուն»:

Իհարկե, գարուններն ու աշուններն անցել են, թեժացումները եւ դրանց սպասումները, հույզերն ու հուսահատությունը՝ նույնպես, սակայն քաղաքական կյանքի որակը չի փոխվել:

Երեկվա ընդդիմադիրը իշխանության մաս է դարձել, իշխանություն ունեցողը հայտնվել է հրապարակում, սակայն փոխվել են դերակատարները՝ անփոփոխ դարձնելով իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների անտագոնիզմը, քաղաքական մշակույթի որակը պահելով ամենացածր նշաձողի վրա:

Այս աշունը, քաղաքական որակի իմաստով, հազիվ թե նոր բան տա երկրին: Բայց քաղաքական համակարգի ռեուրսն է սպառվում, մեկ էլ՝ ժամանակն է ափսոս, որ մեր քաղաքական ալարկոտության հավեսը չունի:

Թվում էր՝ ընդդիմությունը իրականություն պետք է դարձներ «թեժ աշնան» իր խոստումը, մանավանդ որ՝ իշխանությունը հրաժարվել էր եվրաինտեգրման քաղաքականությունից, կտրուկ շրջադարձ էր արձանագրել արտաքին քաղաքականության մեջ՝ ճգնաժամ առաջացնելով Եվրամիության հետ հարաբերություններում:

Ուզածդ երկրում ընդդիմությունը կօգտվեր այդ պատեհությունից, մանավանդ որ՝ արտաքին քաղաքականության վայրիվերումներին գումարվում են սոցիալական խնդիրները, ոչ արդյունավետ կառավարումը…

Սակայն մեր ընդդիմությունն իր որակով, մտածողությամբ, առանձնապես չի տարբերվում իշխանությունից, ավելին՝ նրա պատկերացրած աշնանային թեժացումը պետք է թելադրվեր հենց Մոսկվայից, որը պատրաստվում էր օգտվել Հայաստանի ընդդիմության ծառայություններից, եթե պաշտոնական Երեւանը առարկայացներ մեր երկրի եվրաինտեգրման ձգտումները:

Սակայն սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան ընդդիմությունը Մոսկվայի համար կորցրեց իր արժեքը՝ կրեատիվ ռեսուրս չունենալու պատճառով թաղելով «թեժ աշուն» նախագիծը:

Դա էր պատճառը, որ առաջին նախագահը շտապեց իր կողմնակիցներին հետ պահել Ռուսաստանին եւ Պուտինին հանդիմանալուց:

ԲՀԿ-ն այս հարցում դեռ չի կողմնորոշվել, կողմնորոշվելու դեպքում էլ այլընտրանքային լինել չի կարող իշխանության եվրասիական ինտեգրումներին, որովհետեւ հենց այդ հարցում նրանց եւ իշխանության հոգեհարազատությունն ակնհայտ է:

ՀՅԴ-ն մեղրամիսի մեջ է, իշխանությունից դեսպանի պաշտոն է ուզում՝ իր դեմքի «հեղափոխականությունը» «պետականամետությամբ»փոխարինելու համար: Հետեւաբար, ընկերների բառ ու բանն էլ փոխվել է, եւ նրանց հրապարակային խոսքի հիմքում մեղրամիսային երաշխավորված հանգիստն է՝ անհեռանկար թեժացման փոխարեն:

«Ժառանգությունն» ընդդիմացել է իշխանության եվրասիական նկրտումներին, բայց այս կուսակցության «ատամները հաշված են». Րաֆֆիի ու նրա կողմնակիցների «թեժացումն» ավարտվում է կոլեկտիվ աղոթքով՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում…

Քաղաքական ուժերի խոստացած «թեժ աշունը» չկայացավ, փոխարենը քաղաքական դաշտն ապրում է իր աշունը՝ օրվա հետ խամրող գույներով…

 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее