«Բնականաբար, հավաք-երթին ներկա էին խմբակցություններ, որ ներկայացնում էին քաղաքական ուժ, պետք է չշփոթենք դա շարժումը քաղաքականացնելու հետ: Շարժումը մի պարզ պատճառով չի կարող քաղաքականանալ. մենք չենք ձգտում իշխանության, ընդամենն ուզում ենք պաշտպանել մեր իրավունքները ցանկացած իշխանության պարագայում: Համամիտ եմ` քաղաքական ուժերը կցանկանան այն ուղղորդել, բայց մենք դա թույլ չենք տա: Այս հավաքի իմաստը հանրային պահանջի փոխանցումն էր մինչև ՍԴ որոշումը: Շարժումը մերն է, այն առաջնորդողը մենք ենք, և մենք էլ լինելու ենք»,–ասել է «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը։
Այս տողերն ուղղակի արձագանք են երեկ Ազատության հրապարակում հնչած քաղաքական ելույթների։
Պարտադիրի բաղկացուցիչի դեմ պայքարող երիտասարդների օրակարգում՝ արդեն մեռած ընդդիմությանը վերակենդանացնելու խնդիր չկա. դա էր պատճառը, որ նրանք երեկ Լևոն Զուրաբյանին բաց տեքստով հասկացնում էին, որ «Պայքար, պայքար մինչև վերջ»–ի գնացքը գնացել է։
Քաղաքացիական ակտիվիստները խնդիր չեն դրել նաև՝ օգնել, որ խորհրդարանական «այլընտրանքը» հաստատվի նաև հրապարակում։
Րաֆֆի Հովհաննիսյանն ևս պետք է հույս չունենա, որ իր քաղաքական ֆիասկոն կարող է փոխհատուցել այս շարժումով։
ՀՅԴ–ում էլ թերևս զուր հույսեր ունեն, որ Ազատության հրապարակում իրենց ակտիվությունը կարող է թույլ տալ, որպեսզի ավելի «արդյունավետ» դառնա իշխանության հետ «դիվանագիտական» բազարը։
Դավիթ Մանուկյանն ասում է՝ հույսեր մի ունեցեք։
Մյուս կողմից՝ հրապարակում հավաքված ժողովրդի մեծ մասին հետաքրքրում էր ոչ թե կենսաթոշակային համակարգի, այլ՝ իշխանության խնդիրը. մարդիկ մեծ եռանդով վանկարկում էին՝ «Սերժիկ, հեռացի՛ր»։
Այս առումով՝ հավաքված ժողովրդին ավելի հոգեհարազատ է նույն Զուրաբյան Լյովիկի ելույթը։
Այլ խնդիր է, որ հասարակությունը չի վստահում խորհրդարանական ընդդիմությանը, «այլընտրանքի» խոսքի և գործի ընդհանրությանն առայժմ կասկածում է։
Իշխանությունը հազիվ թե ընդառաջ գնա «Դեմ եմ» շարժման պահանջներին։
Այդ ժամանակ՝ շարժումը հայտնվելու է փակուղում կամ քաղաքականցվելու է։
Քաղաքականցման պարագայում՝ որակապես նոր ընդդիմության ձևավորման հնարավորություն կա, եթե, իհարկե, քաղաքացիականների կողմից «ցտեսության» արժանանա ոչ միայն գործող իշխանությունը, այլև՝ նրանից որակապես չտարբերվող այսօրվա ընդդիմությունը։
Քաղաքական ուժերը կցանկանան շարժումը ուղղորդել, բայց մենք դա թույլ չենք տա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet