Հայաստանյան իրականությունում քաղաքականության և կնոջ համատեղելիության, գեղեցիկ սեռի՝ քաղաքականության մեջ ունեցած դերի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը մայրության և գեղեցկության տոնի առիթվ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննսիյանի հետ.
-Վաղուց անցել են ժամանակները, երբ գերիշխող էր կնոջ և քաղաքականության անհամատեղելիության կարծրատիպը, սակայն այսօր էլ՝ թեև հազվադեպ, բայց նման գնահատականներ դեռ հնչում են: Ըստ Ձեզ՝ այնուամենայնիվ, որքանո՞վ են համատեղելի կինը և քաղաքականությունն՝այսօրվա հայաստանյան իրականության մեջ:
-Կարծում եմ՝ այդ կարծրատիպը որոշակի վերափոխման է ենթարկվել: Թերևս որոշակի փուլում կին և քաղաքականություն բառերը դիտարկվում էին նույնքան ոչ բնական, որքան օրինակ «քարից երկաթ» արտահայտությունը: Ժամանակի ընթացքում, իհարկե, շատ կարծրատիպեր են կոտրվել, և դա այլևս այնքան անբնական և «սխալ» չի համարվում, սակայն ասել նաև, որ հայաստանյան իրականության մեջ այն նույնքան ընկալելի երևույթ է, ինչպես որոշ արևմտյան երկրներում, ճիշտ չի լինի: Համոզված եմ՝ դեռ շատ անելիքներ կան քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժևորման, դրա հանրային ընկալման, կնոջ ակտիվ դերի և նրա՝ որպես ընտանիքի հենասյունի ոչ թե հակադրման, այլ համադրման առումով: Այս առումով յուրաքանչյուր կին պետք է պատասխանատվություն ստանձնի և նպաստի ճիշտ կերպարի կերտմանը:
-Հայաստանում կին քաղաքական գործիչները փոքրամասնություն են կազմում: Գեղեցիկ սեռը քաղաքականության մեջ կարողանու՞մ է ինքն իրեն լիովին դրսևորել: Եթե ոչ, որո՞նք են հիմնական խոչընդոտները:
-Կարծում եմ`հարկ է հետադարձ հայացք գցել և տեսնել այն մեկնակետը, որտեղից Ձեր մատնանշած փոքրամասնությունը եկել է: Յուրաքանչյուր հաջորդ փուլում տարբեր ոլորտներում կանանց թիվն ավելի մեծանում է: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ այս հարցում հաջողելու հիմնական գրավականն այդ աճի բնական ու պահանջված լինելն է: Իսկ ինչ վերաբերում է լիովին դրսևորվելուն, ապա դա արդեն անհատական է՝ կախված նրանից, թե յուրաքանչյուրն իր ոլորտում, իր աշխատանքում իրեն ինչպես է պատկերացնում, իր հիմնական խնդիրը համարում է աշխատելը, թե որևէ այլ բան….Աշխատելու առումով որևէ խոչընդոտ չկա:
-Քաղաքական գործիչ դառնալը մանկությա՞ն երազանք էր, թե՞ այլ բանի մասին էիք երազում… ինչպե՞ս մուտք գործեցիք քաղաքականություն:
-Չեմ կարծում, որ քաղաքականություն մտնելը կամ քաղաքական գործիչ դառնալը այն է, ինչի մասին երազում են մանուկ ժամանակ: Քաղաքականություն մուտք գործելու մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ, կարելի է ասել, որ ինչ-որ առումով այն իմ աշխատանքային գործունեության օրինաչափ շարունակությունն էր:
-2012-ից Խորհրդարանում եք: Եթե փորձենք ամփոփել՝ի՞նչ տվեցին և ի՞նչ խլեցին անցած 2 տարիները:
-Տվեցին փորձառություն, բնավորության ամրություն և այլն, իսկ թե ինչ տարան, այս պահին դժվար է միանշանակ գնահատական տալ:
-Ի՞նչ կցանկանայիք փոխել Ազգային ժողովում:
Այդ հարցի պատասխանը, թերևս ոչ թե առանձին հարցազրույցի, այլ մենագրության նյութ է..
-Արփինե Հովհաննիսյանը Խորհրդարանում և Խորհրդարանից դուրս. «տարբե՞ր» մարդիկ են:
Այս հարցին ավելի ճշգրիտ կարող են պատասխանել այն մարդիկ, ովքեր Արփինե Հովհաննիսյանին ճանաչում են և՛խորհրդարանում և՛ խորհրդարանից դուրս: Իմ գնահատմամբ, թերևս, շատ չեն տարբերվում:
-Կինը քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար կամային ի՞նչ որակներով պետք է օժտված լինի: Ի՞նչ դեր ունի ընտանիքն այս հարցում:
-Աջակցության, սատարելու առումով ընտանիքի դերը միշտ էլ մեծ է յուրաքանչյուր անձի ձեռնարկներում: Իսկ կամային որակների առումով, արդեն Ձեր հարցի մեջ կար պատասխանը. ուժեղ կամք, նպատակասլացություն, ազնվություն, հաստատակամություն և այլ:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը և որը՝բացթողումն ու ձախողումը:
-Ամենամեծ ձեռքբերումը ցանկացած իրավիճակում ներքին խաղաղության զգացումը պահպանելն է, որն ինձ օգնում է կատարել իմ առջև դրված խնդիրները, իսկ բացթողումներ բոլորն էլ ունենում են: Հատուկ չէի ցանկանա առանձնացնել որևէ բացթողում, դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է մի բան սովորելու, սխալը ուղղելու և առաջ շարժվելու:
-Որպես երիտասարդ քաղաքական գործիչ՝ այս ոլորտում ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել:
-Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բոլոր երիտասարդները ցանկացած ոլորտում հիմնական խնդիրը որին բախվում են դա ավագների կողմից թերահավատությունն է՝ այդտեղից բխող մի շարք հետևանքներով: Բայց կարծում եմ՝ շատ կարճ ժամականում այս խնդիրը լուծվում է, եթե իհարկե կա աշխատելու ցանկություն և նվիրում:
-Որքանո՞վ է կինը պաշտպանված հասարակությունում և համացանցում:
-Առհասարակ, կարծում եմ, որ մարդը իրեն մինչև վերջ պաշտպանված չի կարող զգալ որևէ տեղ, թերևս, բացառություն կարող է լինել միայն ընտանիքը՝ որպես հարազատ և բնական միջավայր: Իսկ կինը շատ ավելի խոցելի կարող է լինել հենց նաև Ձեր մատնանշած կարծրատիպերի պատճառով: Սակայն, կարծում եմ՝ սրանք բոլորը լուծելի խնդիրներ են, որոնք իրենց աստիճանական և օրինաչափ զարգացումը պետք է ունենան:
-Ի՞նչ կմաղթեիք կանանց՝ գեղեցկության և մայրության տոնի առթիվ:
-Բազում երջանիկ պահեր, գնահատված լինելու զգացում, սեփական ուժերի վրա հավատ և երբեք չմարող լավատեսություն:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան