ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում թվարկել է այն պատճառները, որոնցով առաջնորդվելով քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել առաջիկա նախագահական ընտրություններին:
- Պարոն Քոչարյան, հանրության շրջանում Ձեր` նախագահական ընտրություններին մասնակցելու առումով որոշակի սպասումներ կային, սակայն դա տեղի չունեցավ: Որո՞նք էին Ձեր որոշման դրդապատճառները եւ ինչպե՞ս եք գնահատում ընթացիկ քաղաքական իրավիճակը:
- Քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է, որ այս հարցազրույցով հանդես գալու միակ պատճառը հարցազրույցի խոստումս է: Բնականաբար, գիտեմ, որ գալիք ընտրություններին իմ հնարավոր մասնակցության որոշակի սպասումներ կային: Թեեւ ես երբեք չեմ հայտարարել մասնակցելու մտադրության մասին, այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում որոշ բացատրություններ տալ գործողություններիս վերաբերյալ: Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:
Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:
Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը:
Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս:
Սրանք, իհարկե, հիմնարար գործոններ չեն, բայց ես համարեցի, որ դրանք էմոցիոնալ եւ էթիկական տեսանկյունից բավականաչափ ծանրակշիռ են: Այդ պատճառով էլ սահմանափակվում էի կարճ հարցազրույցներով, այն էլ միայն այն դեպքերում, երբ իրավիճակին չարձագանքելն ուղղակի անհասկանալի կլիներ:
- Իսկ ի՞նչ կասեք հիմնարար գործոնների մասին: Ձեր նախորդ հարցազրույցներում Դուք խոսում էիք արտագաղթի, տնտեսական իրավիճակի եւ քաղաքական մրցակցության գործոնների մասին: Ինչպիսի՞ն է Ձեր այսօրվա գնահատականն այդ առումով:
- Հիմնարար գործոնները, ցավոք, այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում: Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, եւ սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության եւ ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է: Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամմա է համարվում:
Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում, եւ որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ: Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (98%), հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ` պարտքի կառուցվածքի վատթարացմամբ): Ի դեպ, տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:
Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին եւ անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեեւ հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում:
Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք: Այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի եւ կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները: