▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը

Այսօր տեղի ունեցավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց Վանաձոր ժամանած լրագրողների հարցերին:

 

-Պարոն Հայրապետյան, նախ շնորհավորում ենք Վանաձորի ակադեմիայի բացման կապակցությամբ: Ի՞նչ հետագա պլաններ կան. Ո՞ր քաղաքներում և մարզերում է նախատեսվում կառուցել ակադեմիաներ և մարզադաշտեր: (Արմենպրես) 

-Շնորհակալություն: Հիմա Սևան քաղաքում կառուցվում է արհեստական խոտածածկով մարզադաշտ, այնուհետև կառուցելու ենք Սիսիան և Գորիս քաղաքներում: Ֆուտբոլի ակադեմիա ենք կառուցում Էջմիածին քաղաքում, որի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Կարծում եմ՝ այն շահագործման կհանձնենք եկող տարի՝ այս ժամանակ: Չարենցավանում արդեն ավարտել ենք արհեստական խոտածածկով մարզադաշտի շինարարությունը: Նպատակ ունենք Հայաստանի բոլոր մարզերում կառուցել արհեստական խոտածածկով խաղադաշտեր: Բացի դրանից, ՀՀ նախագահը հանձնարարել է նաև կառուցել Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտը: Հաջորդ գարնանը կսկսենք նաև այդ կառույցի շինարարությունը:

-Ի՞նչ օգուտ կարող է տալ ակադեմիաների շինարարությունը մեր ֆուտբոլին  (Արմենիա TV)

-Ֆուտբոլն այն մարզաձևն է, որտեղ չես կարող գումարներ ներդնել և միանգամից արդյունք ստանալ: Ֆուտբոլը ժամանակատար մարզաձև է: Ֆուտբոլով սկսում են մարզվել 6 տարեկանից և պրոֆեսիոնալ են դառնում 18-20 տարեկանում: Հենց այդ պատճառով մեզ հարկավոր է ժամանակ: Որքան շատ լինեն այսպիսի ակադեմիաները և մարզադաշտերը, մենք հետագայում քանակից կստանանք որակ: Հենց այսպիսի մարզադաշտերում են ծնվելու նոր Հենրիխ Մխիթարյաններ:

- Ովքե՞ր են լինելու Արթուր Պետրոսյանի օգնականները Հայաստանի ազգային հավաքականում: (Արմենիա TV)

- 2-3 օրից, երբ ես կներկայացնեմ Արթուր Պետրոսյանին, նա կներկայացնի իր մարզչական շտաբը: Ես նշանակում եմ միայն գլխավոր մարզչին, իսկ ինքը որոշում է իր օգնականներին: Նույնիսկ երիտասարդական հավաքականի մարզչին և օգնականներին է նշանակում: Միշտ է այդպես եղել:

-Պարոն  Հայրապետյան, ինչո՞ւ է ընտրությունը կանգնել հենց Արթուր Պետրոսյանի վրա: (Արմենպրես)

- Արթուր Պետրոսյանն արդեն 10 տարի է՝ զբաղվում է մարզչական գործով, բացի այդ այս տարի ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր: Պետրոսյանը ժամանակին եղել է մեր հավաքականի առաջատարներից մեկը, և ես գտնում եմ, որ արդեն ժամանակն է, որ Արթուր Պետրոսյանը գլխավորի մեր հավաքականը:

-Կարո՞ղ եք հրապարակել մանրամասներ մարզչի պայմանագրի հետ կապված, թե՞ դա գաղտնի տեղեկատվություն է: (Արմենիա TV)

-Ոչ մի գաղտնի բան չկա: Մարզչի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Եթե լինի հաջողություն, հետագայում կերկարաձգենք պայմանագիրը:

- Դուք միշտ նշել եք, որ հավաքականի մարզիչն ինքն է որոշում թիմի կազմը: Այս դեպքում  արտոնությունը տրվա՞ծ է Արթուր Պետրոսյանին: (Արմենիա TV)

-Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ ես գտնում եմ, որ ֆուտբոլիստը կարող է խախտել հավաքականի կարգապահությունը և վնաս բերել հավաքականին: Օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը չեն կարող լինել հավաքականում: Որքան էլ որ մարզիչն ուզի, իմ իրավունքն է թույլ չտալ հրավիրել նման ֆուտբոլիստների:

-Պարոն Հայրապետյան, ի՞նչ սպասելիքներ ունեք հավաքականի առաջիկա խաղից:(Արմենպրես)

-Փայլուն խաղ, հաջող խաղ, ցանկանալու եմ, որ հավաքականը լավ ելույթ ունենա, իսկ թե ինչպես կլինի չեմ կարող ասել, որովհետև գուշակություններով երբեք չեմ զբաղվել: Սրտանց ուզում եմ, որ հաղթենք:

-Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը շատ վատ հանդես եկավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Մենք անընդհատ կառուցում ենք ակադեմիաներ և մարզադաշտեր, բայց երիտասարդական ֆուտբոլի արդյունքների վրա դա դեռևս ազդեցություն չի թողնում: Դա Ձեզ մտահոգո՞ւմ է: (Արմենիա TV)

- Մեր երիտասարդական հավաքականն իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ: Երբ գլխավոր մարզիչը գա, մենք կքննարկենք նաև երիտասարդական հավաքականի հետ կապված հարցերը: Մենք ունենք պոտենցիալ, ունենք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող էին խաղալ նույնիսկ ազգային հավաքականում, ունեինք 4-5 ֆուտբոլիստներ, որոնք չէին հրավիրվում հավաքական: Եթե ուշադրություն դարձնենք, Հայաստանի առաջնությունում ունեինք բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք չէին հրավիրվում հավաքական, կամ հրավիրվում և չէին ընդգրկվում հիմնական կազմում: Իրոք, ձախողվել ենք, բայց ոչ թե ֆուտբոլիստ չունենալու պատճառով, այլ բազմաթիվ խնդիրների պատճառով:

- Ի՞նչ ազդեցություն կուևենա ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Չեֆերինի ընտրվելը: (Արմենիա TV)

-Ես կարծում եմ, որ լուրջ և դրական փոփոխություևններ կլինեն: Նա ունի շատ լավ ծրագրեր, որոնք կփորձի իրականացնել ապագայում:

-Պարոն Հայրապետյան, տեղական իշխանությունների հետ քննարկե՞լ եք Վանաձորում նրանց կողմից թիմ ստեղծելու հարցը: («Լոռու մարզ»)

-Իմ կարծիքով, շատ վատ է, երբ պետական մարմինը պահում է սեփական թիմ: Ռուսաստանի առաջնությունում 16 թիմերից չորսն է սեփական թիմ, մնացածը ֆինանսավորվում են պետական միջոցներով: Նույն պատկերն է Ղազախստանում կամ Ադրբեջանում, բայց արդյունք չկա: Դրա փոխարեն լավ կլիներ, եթե Լոռու մարզի գործարարներից մեկին բոլորով խնդրեինք թիմ պահել:

Ես կուզեի կրկին անդրադառնալ հավաքականի մարզչի հարցին: Շատ վատ է, որ երկրպագուներն անհամբեր են և խաղը դեռ չսկսած՝ գոռում են «Սուքիասյան, հեռացիր», կամ մեկ այլ մարզչի անուն են վանկարկում: Այնպես են անելու, որ ոչ մի մարզիչ չուզի գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես որ դա, օրինակ, Վարդան Մինասյանի պարագայում է, որը չի ուզում լսել հավաքականի անունը, մարզչի անունը: Այսինքն, ոչ ոք հաշվի չի առնում, թե ինչու է հավաքականը վատ խաղում, որ 5-6 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, առաջատար ֆուտբոլիստից սկսած վնասվածքներ ունեն և խաղը չսկսած՝ սկսում են վանկարկել «Սուքիասյան, հեռացիր» : Ո՞վ է ասել, որ Հայաստանի հավաքականը պետք է հաղթի բոլոր խաղերում: Ցանկալի կլիներ, բայց դա հնարավոր չի: Մեր երկրպագուները դարձել են փորձանք հավաքականի գլխին: Երբ հավաքականը հաղթում է, երկրպագուները դա վերագրում են իրենց, իսկ երբ պարտվում է, մեղավոր է մարզիչը և ֆեդերացիայի նախագահը: Ես չեմ հասկանում նաև, թե ինչի համար են երկրպագուները կեղտոտ հայհոյանքներ մարզչին և ֆեդերացիայի նախագահին սոց. ցանցերում:  Մենք էլ ընտանիքներ ունենք և ոչ մեկի համար էլ հաճելի չէ կարդալ նման հայհոյանքներ: Հավաքականի համար հենց սկզբից ամեն ինչ վատ դասավորվեց, երկրորդ րոպեին մնացինք 10 ֆուտբոլիստներով: Բայց ոչ ոք չի մտածում դրա մասին և միանգամից սկսում ենք քարկոծել մարզչին:

-Պարոն Հայրապետյան, ի՞նչ եք խորհուրդ տալիս երկրպագուներին նման իրավիճակում (Արմենիա TV)

-Հորդորում եմ միանգամից չհարձակվել մարզչի վրա, այլ լսել նրան: Եթե չլինի պատճառ, կամ մարզիչը սխալ բաներ արած լինի, ես կհասկանամ նրանց, բայց մարզիչն ի՞նչ անի, եթե այդքան ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Կային ֆուտբոլիստներ, որոնք ընդհանրապես հավաքականի մարզաշապիկը կրելու իրավունք չունեին, բայց մարզիչն ստիպված էր նրանց հրավիրել, որովհետև ֆուտբոլիստների պակաս կար և պետք էր լրացնել հայտացուցակը: Ես դեռ չեմ խոսում այն ֆուտբոլիստների մասին, որոնք նա ցանկանում էր հրավիրել, բայց խաղին 1-2 օր մնացած վնասվածք էին ստանում, կամ հենց խաղից առաջ՝ մարզման ժամանակ էին վնասվածք ստանում: Եվ փոխանակ այսպիսի պայմաններում երկրպագուները թիմի կողքին լինեն, ավելի են հոգեբանորեն ճնշում թիմին և ֆուտբոլիստներին: Առաջին խաղակեսի 10-րդ րոպեից գոռում են «Սուքիասյան, հեռացիր», կամ գոռում են «ֆուտբոլ ենք ուզում»: Հոկե՞յ էին խաղում այդ ֆուտբոլիստները: Այդքանից հետո ինչպե՞ս պետք է խաղան ֆուտբոլիստները: Բնական է, որ ես կարող եմ դիմանալ, կամ նույնիսկ մարզիչը, բայց երիտասարդ ֆուտբոլիստներն ինչպե՞ս դիմանան այդպիսի ճնշմանը:

-Պարոն Հայրապետյան, Արթուր Պետրոսյանը շանս կստանա՞ երկար աշխատել հավաքականի հետ: (Արմենիա TV)

-Իհարկե: Ես նրան առաջարկեցի 4 տարով պայմանագիր կնքել, բայց նա ինքը խնդրեց ինձ պայմանագիր կնքել մինչև այս ընտրական փուլի ավարտը՝ նշելով, որ հաջողության դեպքում կմնա և կշարունակի աշխատանքը, իսկ անհաջող ելույթների դեպքում՝ ոչ:

Մենք անընդհատ փոխում ենք մարզիչներին, չկա՞ օտարերկրացի մարզիչ հրավիրելու միտք: (Արմենիա TV)

-Օտարերկրացի մարզիչ կունենանք, երբ կունենանք ֆեդերացիայի օտարերկրացի նախագահ: Ցանկություն չունեմ այլազգի մարզչի վստահել հավաքականի գլխավոր մարզչի ղեկը: Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ օտարազգի մարզիչները միայն վնաս են տվել հավաքականին: Արթուր Պետրոսյանը երկար տարիներ խաղացել և աշխատել է արտերկրում և փայլուն որակներ է դրսևորել: Չնշանակե՞նք նրան, որովհետև հայ է:

-Ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի խնդրի մասին:

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև չգիտեմ, թե ինչ է կատարվում Մոուրինյոյի գլխում: Ես խոսել եմ Մխիթարյանի հետ, և նա ինքն էլ չգիտի պատճառը: Նա նորմալ մարզվում է, լավ մարզավիճակում է, բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչու նա չի խաղում: («Լոռու մարզ»)

-Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ երկրպագուները փորձել էին ցեղասպանության նվիրված պաստառ մտցնել խաղադաշտ, սակայն նրանց թույլ չէին տվել: Հնարավոր չէ՞ր թույլ տալ մտցնել այդ պաստառը: (www.armsport.am)

Իհարկե ոչ: Հնարավոր էր միայն մի դեպքում, եթե ֆեդերացիան վճարեր տուգանքներ, կամ մենք պատրաստ լինեինք, որ Հայաստանի՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից թույլատրված միակ մարզադաշտը պետք է որակազրկվի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее