Հայաստանը Հավաքական Անվտանգության Պայմանագիր Կազմակերպության՝ ՀԱՊԿ, անդամ է, որն՝ ինչպես հայտնի է, գործում է ռուսական հովանու ներքո։
Մեր իշխանությունները հաճախ հպարտանում են, որ Հայաստանի անվտանգությունը հուսալիորեն ապահովված է՝ հղում անելով ՀԱՊԿ–ին անդամակցությանը։
Ֆորմալ առումով՝ ամեն բան ճիշտ է, որովհետև դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածում կարդում ենք.
«Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը), ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը), մյուս բոլոր անդամ-պետությունները՝ այդ անդամ-պետության խնդրանքով, անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»:
Իսկ հիմա գանք իրականություն։
Օրեր շարունակ Հայաստանի սահմաններն ենթարկվում են ոտնձգության, սակայն պարզվում է՝ ՀԱՊԿ–ում այդ մասին… չգիտեն։
Սրան երեք բացատրություն կարելի է տալ։
Հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները հարկ չեն համարել ՀԱՊԿ ղեկավարությանը տեղյակ պահել ադրբեջանական դիվերսիաների մասին։ Եթե այդպես է, ուրեմն՝ մեր դիվանագիտությունը լավ չի աշխատում ու բնական հարց է նաև առաջանում, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ ենք մեզ կաշկանդում ՀԱՊԿ–ով։
Մյուս վակածը՝ եթե ՀԱՊԿ–ում իսկապես տեղյակ չեն իրենց անդամ–երկրի դեմ կատարվող ոտնձգության մասին, ապա այդ կազմակերպությունը սոսկ թղթի վրա է, ֆիկցիա, որին անլուրջ է վստահել մեր երկրի անվտանգությունը։
Եվ վերջապես՝ սարսափելի մի վարկած. հնարավոր է ադրբեջանական հարձակումները համաձայնեցված են Կրեմլի հետ, ինչով էլ պայմանավորված է ՀԱՊԿ ղեկավարության «անտեղյակությունը»։
Այս դեպքում՝ անհապաղ պետք է քննարկել ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը։