Վրաստանի համառությունը նմանվում է քաղաքական անգրագիտության և անհեռատեսության
Հայտնի է, որ աշխարհում գոյություն ունեն համառ ժողովուրդներ, սակայն այդ համառությունը մի կողմից լավ է, մյուս կողմից` ոչ այնքան, իսկ երբեմն պարզապես` կործանարար: Համենայն դեպս ինքս կարծում եմ, որ մեծ քաղաքականության մեջ այդ համառությանը հիմնականում ասոցացվում է քաղաքական անգրագիտությամբ և անհեռատեսությամբ, առավել ևս, երբ այդ համառություն կոչվածը զուգորդված դրսևորվում է առանց պատմության ընթացքում տեղի ունեցած, ինչպես նաև ներկայում կատարվող իրադարձություններից սխալներ քաղելու անկարողությամբ:
Օրինակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրելու, որի ժամանակ քննարկվելու են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի հնարավոր լինի դրանցից դասեր քաղել: Վերջինիս խոսքերով միայն հիմարը եզրակացություններ չի անի շուրջը տեղի ունեցող իրադարձություններից։
Բանն այն է, որ ինձ մեծ հաշվով չի հետաքրքրում, թե Լուկաշենկոն ինչ է քննարկելու այդ անվտանգության խորհրդի ժամանակ, բայց այն որ այդ մարդը փորձում է վերլուծել շուրջը կատարվող իրադարձությունները, որպեսզի պայմանականորեն ասած «ավելի լավ քաղաքականություն մշակի» իր երկրի համար, արդեն իսկ գովելի է և խոսում է այդ մարդու խոհեմության մասին: Հիմա վերջապես արդեն անցնենք նրան, թե ինչին էի նախապատրաստում Ձեզ այս երկար նախաբանով: Ես բնավ չեմ ուզում որևէ երկրի առավել ևս ժողովրդի վիրավորել, սակայն, չասել, որ մեր հարևան Վրաստանը պատմությունից և իր շուրջ կատարվող իրադարձությունների ոչ մի «դաս» չի քաղում պարզապես չեմ կարող:
Այսպիսով պարզ է դարձել, որ Վիլնյուսում ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների կոնֆերանսի շրջանակներում, «Արեւելյան գործընկերության» երկրների միջխորհրդարանական համագործակցության նստաշրջանի ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին իր ելույթում ասել է, որ առանց ՆԱՏՕ-ի, հնարավոր է, Վրաստանը կրկին անհետանա աշխարհի քարտեզի վրայից, և դա կարող է տեղի ունենալ շուտով:
Թույլ տվեք ներկայացնել այդ ելույթի հիմնական մասը. «2008-ի ապրիլին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Դաշինքի անդամ երկրները կոնսենսուսի եկան, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն խոսք չեղավ, ո´չ մեխանիզմների, ո´չ գործիքների, ո´չ էլ ժամկետների մասին: Վստահ եմ, որ դա նույն թվականի օգոսոտոսի ռուսական ագրեսիայի պատճառներից մեկն էր: Այսօր մենք գտնվում ենք էլ ավելի բարդ վիճակում: Հասկանում ենք, որ եթե Վրաստանը քայլ անի դեպի ՆԱՏՕ, դա հերթական ագրեսիան կառաջացնի Ռուսաստանի կողմից: Այնպես որ մենք ռիսկի ենք գնում, ուստի հիմա մեզ պատասխան է պետք, թե ինչ կարվի, եթե Վրաստանը հերթական անգամ Ռուսաստանի թիրախում հայտնվի»:
Ախր ի՞նչպես կարելի է այսքան չհասկանալ քաղաքականությունից և լինել երկրի ղեկավարության ամենբարձ էշելոններում: Ի՞նչպես կարելի է չտեսնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպե՞ս կարելի է չհասկանալ, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի այս ճգնաժամի ակունքում կանգնած է հենց այդ նույն ՆԱՏՕ-ին անդամակցել չանդամակցելու հարցը: Ինչպե՞ս կարելի է չհասկանալ... լավ հասկանալը դեռ մի կողմ: Ի՞նչպես կարելի է չտեսնել Ռուսաստանի և Արևմուտքի գործողությունները: Ինչպե՞ս կարելի է չհասկանալ այն պահանջները, որ Ռուսաստանն այսօրվա դրությամբ ներկայացնում է Արևմուտքին, որի առանցը հանդիսանում է այն միտքը, որ Ուկրաինան պետք է լինի չեզոք պետություն, ասել է թե չպետք է անդամակցի որևէ դաշինքի, քանի որ դա ուղղակիորեն կհանդիսանա սպառնալիք Ռուսաստանի համար:
Հիմա ինձ կարող են մեղադրել ստրկամտության մեջ, թե իբր ինչ կապ ունի Ռուսաստանի շահերը, եթե Վրաստանն էլ իր շահերը ունի: Աստված սիրեք, թսղ ունենա, բայց պետք է աշխարհին ռեալ նայել: Ի՞նչպես կարող է Վրաստանի «անմեղ» ցանկությունը, կամ էլ կապրիզը և Արևմուտքի ոչ այնքան առանցքային շահը գերադասվի Ռուսաստանի անմիջական և առանցքային շահին և այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստանի դերն ու կշիռը միջազգային հարաբերություններում ոչ մի համեմատություն չի կարող ունենալ Վրաստանի դերի և կշռի հետ: Ինչ խոսք, Արևմուտքին էլ է ձեռնտու սեղմել Ռուսաստանին և ընդարձակվել դեպի արևելք, բայց առաջացած հանգամանքներում այս հարցն ի տարբերություն Արևմուտքի Ռուսաստանի համար «կարմիր գիծ» է:
Կարճ ասած, եթե Վրաստանին թվում է, որ իրենց նեղ պետական շահը Արևմուտքում ավելի վեր կդասեն քան Ռուսաստանինը, դրանով իսկ էլ ավելի խորացնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա ճգնաժամաը` միևնույն ժամանակ վտանգելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ապա Վրաստանի ղեկավարները ոչ թե քաղաքական, պետական խոհեմ գործիչներ են, այլ միամիտ կինտոներ:
Ես պարզապես խոսքեր չեմ գտնում այս իրավիճակում ինչ-որ ավել բան ասել: Վրաստանը պարզապես կրակի հետ է խաղում` ուղղակիորեն սադրելով Ռուսաստանին: Ես անկեղծորեն չէի ուզենա, որ մեր հարևան ժողովուրդը կրկին ստիպված լիներ հայտնվել քաղաքական, տնտեսական, հումանիտար աղետի առջև, ինչպես որ դա եղավ ոչ վաղ անցյալում: Դա իրոք կլինի աղետ և աղետը կլինի նաև տարածաշրջանի համար:
Հ.Գ. Վրաստանի խորհրդարանի նախագահը հարց է բարձրացնում իր եվրոպացի գործընկերների մոտ այն մասին, թե ինչ կարվի, եթե Վրաստանը հերթական անգամ Ռուսաստանի թիրախում հայտնվի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Փորձեմ ես պատասխանել` հարցին հարց տալով: Իսկ ի՞նչ արվեց, երբ Ղրիմը հայտնվեց Ռուսաստանի «թիրախում», իսկ մնացյալ Ուկրաինայի ճակատագիրը մնաց օդում կախված: