2014թ.-ն մոտենում է իր ավարտին,իսկ Շալանդ-Մինասյան համեմատությունն ակնհայտորեն վերջինիս կողմն է
Այս տարի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնեց Բեռնար Շալանդը: Նրան մեր ֆուտբոլային հանրությունը պատվով դեմավորեց և նրանից արդարացիորեն պահանջեց նաև մեր ընտրանու եզրափակիչ փուլում հանդես գալու խնդրի լուծումը: Այս հարցում, կարծես ինքը` Շալանդը նույնպես որևէ առարկություն չուներ: Սակայն արդեն ոչ պաշտոնական խաղերը ցույց տվեցին, որ նրա ֆուտբոլային փիլիսոփայությունը շատ առումներով չի համապատասխանում մեր հավաքականի խաղային որակների արդյունավետ դրսևորմանը: Բնավ, ոչ մեկ չի վիճարկում Շալանդի ֆուտբոլային «գրագիտությունը», դեռ ավելին շատերը կփաստեն, որ նա լավ է հասկանում «միլիոնների» խաղի նրբությունները և կարողանում է կոնկրետ խաղերի համար ճշգրիտ մարտավարություններ մշակել (հարձակման առաջատարների բացակայության պայմաններում «հինգ պաշտպանի» տակտիկան կիռառելը, հագեցվածության «հենակետային կենտրոնի» փորձարկում և այլն):
Այս ամենով հանդերձ, որո՞նք են նրա գլխավորությամբ մեր ազգային ընտրանու համեստ արդյունքներ արձանագրելու հիմնական պատճառները: Այստեղ կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Փորձենք թվարկել առավել նշանակալիները: Առաջինը` անշուշտ, մեր հավաքականի առաջատարների խաղացողների վնասվածքների պատճառով բացակայության հանգամանքն է: Այս մրցաշրջանում բացառությամբ Ալժիրի հետ ընկերական խաղի, մեր ընտրանին խաղադաշտ դուրս չի եկել իր մարտական կազմով, մշտապես բացակայել են առանցքային 3-4 ֆուտբոլիստներ: Ցավոք, նրանց արժանի փոխարինողներ Հայաստանի ընտրանու կազմում, պարզապես` չգտնվեցին: Սա նաև ոչ այնքան արդյունավետ սելեկցիոն աշխատանքների հետևանք էր: Այն ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել էին` իրենց որակներով կամ չէին համապատասխանում հավաքականի մակարդակին, կամ անհրաժեշտ մոտիվացիա չունեին:
Արդյունքում` որոշ վերապահումներով` Ռումյան Հովսեփյանից բացի, մյուսներին կարելի է միանշանակ "գրանցել" մեր ընտրանու պասիվում: Աչք է զարնում նաև այն, որ Շալանդը չի կարողանում կոնկրետ խաղին լավ տրամադրել մեր խաղացողներին: Դա նկատվեց թե Ֆրանսիայի հետ ստուգողական, և թե Պորտուգալիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի ընթացքում: Մեր թիմը այս խաղերում մի տեսակ «երկչոտ» ու անատամ թիմի տպավորություն թողեց, և մոտավորապես խաղում էր այն ֆուտբոլը, որն ավելի բնորոշ էր «Քարամյաննների ժամանակաշրջանին»: Այս ֆոնի վրա քիչ թե շատ հաջողված կարելի էր համարել Դանիայի և Սերբիայի հավաքականների հետ մեր ընտրանու մրցելույթները, որոնցում, ցավոք, հնարավոր եղավ վաստակել ընդամենը 1 միավոր:
Ինչպես հիշում ենք, արդյունքները անհամեմատ ավելի լավն են եղել Վարդան Մինասյանի գլավորությամբ: