ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան ելույթը՝ ԱԺ-ում
«Քննարկվող վարկային համաձայնագրերը, ըստ էության, դարձել են առիթ նաև խոսելու Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի ընդհանրապես նշանակության, տնտեսական, աշխարհաքաղաքական նշանակության մասին:
Կարծում եմ` իսկապես ավելորդ է գերագնահատել այս նախաձեռնության աշխարհաքաղաքական նշանակությունը, դրա համար հարկավոր է ուղղակի հայացք նետել Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և իսկապես նկատել, որ Հայաստանի` որպես տարանցիկ պետության, հնարավորությունն այս ծրագրի հաջող իրականացման պարագայում կարող է նաև նշանակալի քաղաքական և աշխարհաքաղաքական գործիք ծառայել Հայաստանի` մեր որպես պետության ձեռքին:
Այստեղ իսկապես ինձ համար մտահոգիչ է մեկ այլ հանգամանք, որ, կարելի է նաև բարձրաձայնել, վրացական մեր հարգարժան գործընկերների հետ քաղաքական պայմանավորվածությունները մինչև վերջ տանելու անհրաժեշտությունն է, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանի հարավը հյուսիսին կապելու ժամանակակից ավտոմայրուղի ունենալու նպատակն արդարացված կլինի` բացի ներհանրապետական բոնուսները, մի պարագայում միայն, եթե այն իր շարունակությունն է ստանում նույնորակ ճանապարհով դեպի Սև ծովյան նավահանգիստ, որն առնվազն իրանական և Կենտրոնական Ասիայի, այսինքն` ասիական կողմից բեռնափոխադրումները կդարձնի առնվազն մրցունակ և ավել հարմարավետ:
Այստեղ, կարծում եմ, որ վրացական կողմի հետ մեր բանակցային գործընթացներում ամեն ինչ չէ, որ, իմ պատկերացմամբ, հարթ է ընթանալու: Եվ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները` Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը, նման հնարավորություն առնվազն հիմա ընձեռում է, և մենք կարող ենք, իմ պատկերացմամբ, նաև այդ հավելյալ գործընթացը օգտագործել մեզ համար կարևոր այս խնդիրը վրացական գործընկերների հետ առաջ տանելու համար:
Երկրորդ հանգամանքը, որ ցանկանում եմ անդրադառնալ հետևյալն է. մեր հանձնաժողովում քննարկումների ժամանակ մեր հարգարժան գործընկերները կառավարությունից ներկայացրել էին վարկային համաձայնագիրը: Հանձնաժողովում եղել է շատ շահագրգիռ քննարկում, թեև օրենսդրությունը պարտավորում է կառավարությանը ներկայացնելու այն, ինչ մեզ սովորաբար ներկայացվում է, բայց իմ կողմից եղել է առաջարկություն, և այդ առաջարկությունը նոր չէ, դեռևս հին կառավարության գործունեության ընթացքում համանման մի առաջարկություն մեր կողմից ներկայացվել է, որ հաշվի առնելով և´ մեր հասարակության, և´ նաև պատգամավորների, ըստ էության առանց խտրականության որևէ քաղաքական պատկանելիության առումով խիստ մտահոգություն ՀՀ-ի աճող արտաքին պարտքի վերաբերյալ` կարծում եմ, որ կառավարության լավագույն շահերից է բխում, որպեսզի յուրաքանչյուր վարկային համաձայնագիր ներկայացվի խորհրդարանին ոչ միայն վարկային համաձայնագրի տեքստը, որով ֆինանսիստները կարող են գնահատական տալ` լավ բանակցված վարկային համաձայնագիր է, տոկոսադրույքների, մարումների և այլնի առումով, այլ ընդհանուր բովանդակային պատկերացում տան այն նպատակի իրականացման մասին, որին ուղղվելու են այդ վարկային միջոցները:
Եվ այստեղ բնավ էլ պետք չէ, իմ կարծիքով, իսպառ բացառել նման վարկային միջոցների անարդյունավետ ծախսման հավանականությունը, հետևաբար` ինչքան խորհրդարանը և հասարակությունն` ի դեմս խորհրդարանի, ներգրավված լինի, տեղեկացված լինի, դրանից կարող է բուն նպատակը, վարկային համաձայնագիրը շահել: Եվ ես ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրենց խոստացված ժամկետում ուղարկվել են բոլոր մանրամասն տեղեկությունները, այլ հարց, որ առավել մանրամասն տեղեկություններ, ինչպես մենք խոսեցինք` կապված խորհրդատվական ծառայությունների համար նախատեսված ծախսերի միջոցների վերաբերյալ, առավել թափանցիկ կդարձներ ձեր ուղարկած տեղեկանքը:
Եվ կրկին, օգտվելով առիթից, ձեր միջոցով նաև ցանկանում եմ կառավարությանը հորդորել, որ հետայսու վարկային բոլոր տեսակի համաձայնագրերը ոչ դրամաշնորհային` վարկային, որոնք ավելացնում են մեր արտաքին պարտքը, ներկայացվեն համապատասխան բովանդակային փաստաթղթի հետ միասին: Դա, թեև օրենսդրության պահանջ չէ, բայց դա ընդամենն օգնում է ձեր գործին:
Եվս մեկ խնդրի ես ցանկանում եմ անդրադառնալ, քանի որ քննարկումների ժամանակ ինձ համար շատ ցավալի էր նկատել, որ մեր որոշ պատգամավոր գործընկերների` տվյալ պարագայում հանձնաժողովում քննարկումների ժամանակ իմ կողմից հնչեցված պարզ մտահոգությունները, մեր որոշ գործընկերների կողմից ընկալվել են մի այնպիսի կոնսպերոլոգիական համատեքստում, որ ոչ ավել, ոչ պակաս բախտագուշակություն են հիշեցնում կամ, այլ կերպ ասած` սուրճի բաժակ նայելու ժանրից են:
Կատարելապես հիմնազուրկ նման մտասևեռումները իրականության մեջ վերհանում են թաքնված որոշ ֆոբիաներ և որևէ կերպ չեն նպաստում սեփական քաղաքական ազդեցության և կշռի ավելացմանը, այլ ժամանակի մեջ, չկասկածեք, ճիշտ հակառակին:
Շնորհակալություն»: