Հրամայվեց՝ չեզոք չմնալ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել: Ղրիմի հանրաքվեի արդյունքների դեմ բանաձևին կողմ է քվեարկել 100 պետություն, 58-ը ձեռնպահ է մնացել, իսկ դեմ է քվեարկել 11 պետություն, որոնց թվում` Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:
Փաստաթղթում նշվում է, որ «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական ուժ չունի և չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սևաստոպոլի կարգավիճակի փոփոխման համար»:
Այս պատկերը տարօրինակ չէր լինի, եթե երեկ մեր ԱԳՆ–ն չհայտարարեր, թե ձեռնպահ է քվեարկելու ուկրաինական նախաձեռնությանը։
Ձեռնպահ քվեարկությունը ենթադրել կտար, որ մերոնք գոնե արտաքին քաղաքական մի մազաչափ ինքնուրույնություն ունեն։
Բայց, ըստ ամենայնի, Կրեմլում որոշել են մինչև վերջ «փչացնել» Հայաստանին, ցույց տալ, որ Երևանում ոչինչ չի որոշվում։
ԱՊՀ–ում անգամ Ռուսաստանը մեկուսացվում է՝ դաշնակից ունենալով աշխարհից «քշված» Բատկային ու մի գիշերվա մեջ կարծիք փոխող Հայաստանին։
Հարցն այն չէ՝ Ուկրաինայի նախաձեռնությունը լավն էր, թե՞ ոչ, Հայաստանի քվեարկությունը ճիշտ է, թե՞ սխալ։
Հարցն այն է, որ Երևանում այլ բան էր որոշվել, ՄԱԿ–ում Հայաստանի դեսպանն այլ կերպ քվեարկեց։
Հարցն այն է, որ մենք այնքան ենք կորցրել մեր դեմքը, որ շարքային մի դիվանագետ կատարում է ոչ թե իր նախարարի, այլ՝ Լավրովի ցուցումը։
Հարցն այն է, որ սա առաջին դեպքը չէ ու վերջինն էլ չի լինելու։
Սերժ Սարգսյանն էլ որոշել էր եվրաինտեգրվել, բայց Տիզբոնում ստիպեցին «հավատափոխ» լինել։
Արմեն Մովսիսյանն էլ ուզում է նախարար լինել, բայց հասկանում է, որ իր իշխանությունը տարածվում է միայն վարորդի ու քարտուղարուհու վրա ու դե յուրե նախարար լիելով՝ բախտագուշակի, լավամարդ բաժակ նայողի ֆունկցիա է կատարում՝ հույս հայտնելով, որ ռուսները գազի գինը նորից չեն թանկացնի։
Ու այսպես էլ ապրում ենք մեր երազած Հայաստանում, որի ինքնարժեքն ավելի ցածր է ռուսական գուբերնայի վերածված Ղրիմից…