«Ժողովուրդն ասում է՝ սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում»,-իր արտահերթ ելույթում նշել է ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով հաշվիչ հանձնաժողովում նախատեսվող փոփոխությունների մասին: «Դուք հանձնաժողովի աշխատանքներին չեք ուզում մասնակցել, մեզ ժողովուրդն ընտրել է, որ գանք այստեղ՝ աշխատելու: Եթե տարբեր խմբակցություններից մեր գործընկերները որոշել են չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, դա իրենց խնդիրն է»,-նշեց նա:
Վերջինս հիշեցրեց, որ այսօր նաև ՕԵԿ-ը որոշեց չմասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է հաշվիչ հանձնաժողովի կազմ ձևավորել:
«Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ մինչև սեպտեմբեր որևէ օրենք չընդունենք հաշվիչ հանձնաժողովի միջոցով: Բոյկոտողն ու չաշխատողը դուք եք, ասում եք՝ քաղաքական մեծամասնությունը չի ուզում աշխատի, հենց նաև ձեր ոչ կառուցողական աշխատանքի արդյունքում է, որ այսօր մենք իրականացնում ենք արտահերթ նիստ, բայց դա մեզ համար չենք անում, անում ենք, որպեսզի իրականցնենք բոլորիս սուրբ պարտականությունը»:
Շարմազանովի խոսքով՝ ժողովուրդն իրենց կապրիզներ անելու ու գեղեցիկ խոսելու համար չի ընտրել: