▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը երկրորդեց իր հրավերը` ուղղված գործարարներին

Չգիտես ինչու ՀՀ նախագահի` Ավստրիա կատարած այցի շուրջ հայկական վերլուծական շրջանակները պատշաճ ուշադրություն չդարձրեցին այն իրողությանը, որ Հայ- Ավստրիական տնտեսական համաժողովի բացման ընթացքում ՀՀ նախագահ Սարգսյանը երկրորդեց դեռևս այս տարվա հունվարին Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում իր իսկ հնչեցրած հրավերը: Մինչդեռ սա շատ կարևոր քայլ է ինչպես միջազգային քաղաքական այնպես էլ միջազգային տնտեսական հարաբերությունների մասով: Սակայն մինչ հարցին անդրադառնալը նախ հետհայացքով հիշենք ՀՀ նախագահի պետական այցը Չեխիայի Հանրապետություն: ՀՀ նախագահի Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում, ի շարս քաղաքական հանդիպումների ու բանակցությունների, Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում կայացավ Հայ-Չեխական գործարար համաժողովը, որին ներկա էին Հայաստանի եւ Չեխիայի նախագահները։

Բնականաբար, նմանատիպ հանդիպումները պետական այցերի օրակարգում բնական են, սակայն այս անգամ այս հանդիպումը կարելի է համարել կարևոր, քանի որ առաջին անգամ թերևս Մաքսային Միությանն անդամակցելու ճանապարհին գտնվող Հայաստանը նմանատիպ հանդիպման էր մասնակցում իր նախագահի այցի շրջանակներում ԵՄ ամենաերիտասարդ ու ամենաակտիվ անդամ պետության մեջ:

Այս համատեքստի մեջ ուշագրավ էր ՀՀ նախագահի ելույթը:Այն ժամանակ իր ելույթում նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծել գործարարության համար՝ նկատի ունենալով Մաքսային Միությանն Հայաստանի անդամակցությունը: Ս. Սարգսյանի կարծիքով՝ ռուսական դաշինքին միանալով Հայաստանը միանում է 200 միլիոնանոց շուկային:

<<Այսինքն՝ մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների, Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առեւտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ>>,- ասել է նա։ Այսպիսով, Հայաստանը Եվրոպային ներդրումներ անելու կոչ արեց՝ վստահեցնելով, որ ԱՊՀ երկրների հետ համագործակցելու ամենադյուրին ճանապարհը հենց Հայաստանով է անցնում։ Եթե փորձենք բացել դիվանագիտական բառապաշարը, ապա պարզ կերևա Հայաստանի դերն ու նշանակությունը Մաքսային Միության մեջ, որը ամենևին էլ աննպաստ չէ ինչպես միջազգային քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով:

Իսկ հիմա գանք արդեն Ավստրիա կատարած այցի շրջանակներում Հայ-Ավստրիական տնտեսական համաժողովի ընթացքում ՀՀ նախագահի հնչեցրած խոսքին:

Մասնավորապես հետևյալ մեջբերվող հատվածին. "Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին: Դա որևէ կերպ չի նվազեցնում Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու մեր ձգտումը: Եվրոպական հանձնաժողովի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար. օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքը՝ դուք կարող եք ավելի հեշտացված կարգով դուրս գալ 170 միլիոն սպառող ունեցող Եվրասիական շուկա:

Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով": Պարզ խոսքով ասած, անցնող ամիսների ընթացքում Հայաստանը հստակորեն գնահատելով իր դիրքը ինչպես Հարավկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ԵՏՄ-ում, որի անդամակցությանը հաշված շաբաթներ են մնացել, հայտարարում է, որ ինքը այս պահին ըստ էության Մաքսային միության, ողջ ԱՊՀ տարածքի համար կարող է ստանձնել ՛՛դեպի Եվրոպա պատուհանի՛՛ դերը , քանի որ ամենաշատ ինտեգրվածն է եվրոպական կառույցներին, և ժողովրդավարության առումով առավել բարձր ցուցանիշներ ունի, հատկապես, եթե հաշվի ենք առնում: Հայաստանը կարող է և պարտավոր է օգտագործել այս ռեսուրսը ի շահ իրեն և իր տնտեսության, քանի որ և Ռուսաստանը, և ԵՄ-ն չի կարող շրջանցել Հայաստանին: Բացի այս, հատկապես Ֆրանսիայի նախագահ Ֆր. Օլանդի Հայաստան կատարած այցից հետո առավել առարկայական է այն իրողությունը, որ Եվրոպան հեշտ չի հանձնվի Հայաստանը ՛՛կորցնելու՛՛ փաստի հետ ու ամեն ջանք ի գործ կդնի թեկուզև տնտեսական մասով Հայաստանն իր տեսադաշտում պահելու համար: Բացի այդ, երկու հարյուր միլիոնանոց շուկան ձեռքից բաց թողնելը ծերուկ Եվրապայի համար ոչ միայն շահավետ չէ այլև անմտություն է:

Ուստի այստեղ ամեն բան շատ բնական կերպով շրջադարձ է կատարելու նախագահ Սարգսյանի հնչեցրած հրավերի տրամաբանությամբ` երկու խոշոր աշխարհաքաղաքական բլոկների շահերի յուրատեսակ համընկնման իրավիճակում: Ու պատահական չէ, որ ՀՀ նախագահը կրկին եվրոպական բարձր ամբիոնից կրկնեց իր հրավերը:

 

Նարեկ Գաբրիելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее