Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարություններից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին երկրորդ նախագահը իր տեսակետները կներկայացնի տեղի ունեցածի վերաբերյալ:
Օրերն անցնում են, սակայն Քոչարյանի արձագանքն ուշանում է, ինչը, թերեւս, մի փոքր տարակուսելի է:
Նախ, հենց երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին դրվեցին հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների փիլիսոփայության հիմքերը, ինչը, թերեւս, որոշակիորեն կանխորոշեց Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը:
Տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ նախագահի համար միանգամայն ընդունելի պետք է լինի Մաքսային միությանն անդամագրվելու մասին արված հայտարարությունը:
Եթե խնդրին նայենք իշխանությունների քաղաքականության ժառանգականության տեսանկյունից, դա այդպես է:
Սակայն քաղաքական տրամաբանությունը՝ այնքան էլ Քոչարյանի համար չէ: Նա բազմիցս է հայտարարել, թե չի պատրաստվում ՙերիտասարդ թոշակառու՚ դառնալ, ըստ այդմ՝ մնում է քաղաքականության մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Ու որպեսզի հասարակությունը ու քաղաքական էլիտա կոչվածը դույզն ինչ չկասկածեն երկրորդ նախագահի հայտարարությունների իսկությանը, նա պարբերաբար հիշեցնում է իր գոյության մասին՝ պարբերաբար հանդես գալով հարցազրույցներով, որոնցում քննադատության հիմնական թիրախ է դառնում կառավարության գործունեությունը, նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը , որն արտագաղթի հիմնական պատճառ է հանդիսանում:
Չնայած առանց այս հարցազրուցների էլ՝ պարզ էր, որ Սեդրակիչը քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի, որովհետեւ նա Հայաստանում բիզնես հետաքրքրություններ ունի, ավելին՝ տեղական եւ ռուսական մամուլը բազմիցս թվարկել է բիզնես այն ոլորտները, որոնցում երկրորդ նախագահը բավականին պատկառելի ներկայություն ունի: Հայաստանի տիպի երկրներում, որտեղ սեփականության անձեռմխելիությունը երաշխավորված չէ՝ հենց քաղաքական գործընթացներում(թեկուզ՝ անդրկուլիսյան) մասնակցությունն է երաշխավորում կարգավիճակի, բիզնեսի պաշտպանությունը:
Ահա այս համատեքստում՝ զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի լռությունը՝ մանավանդ որ, ինչպես արդեն նշեցի, Մաքսային միությանը մեր երկրի ինտեգրումը նաեւ երկրորդ նախագահի քաղաքականության հետեւանք է ու նաեւ՝ համաձայնեք, որ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածը շարքային իրադարձություն չէր եւ, ասենք, հանարապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրան արձագանքեց բավականին օպերատիվ՝ ծավալուն հրապարակային ելույթով:
Ուրեմն, ո?րն է Քոչարյանի տեւական լռության իրական պատճառը:
Գուցե ամեն ինչ թաքնված է ՙերիտասարդ թոշակառու՚ չդառնալու նրա երբեմնի հայտարարության տողատակերում:
Բանն այն է, որ պարբերաբար շրջանառվում են լուրեր, որ երկրորդ նախագահն ակտիվ քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունի, մասնավորապես ասվում է, որ նա հավակնում է վարչապետի պաշտոնին:
Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ եթե Սերժ Սարգսյանը Վիլյուսում նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը՝ հարուցելով Մոսկվայի դժգոհությունը, ապա հենց Քոչարյանն էր դառնալու այն գործիչը, որի վրա հենվելու էր մեր ռազմավարական գործընկերը:
Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ապա Սարգսյանի մոսկովյան հայտարությունները հարված էին Քոչարյանի անձնական քաղաքական պլաններին եւ, թերեւս, սա է նրա լռության պատճառը:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը Մոսկվայում փակել է իր նախորդի՝ իշխանություն վերադառնալու մտադրությունների ճանապարհը: