Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Զվարճացրել է այն, որ մի անգամ ռադիոյի գովազդ էինք տեղադրել տաքսիներից մեկի վրա, հաջորդ օրը ես իմացա, որ այդ տաքսի ծառայությունն իմն է:
- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
- Զարմանալի է, բայց փոքր ժամանակ ես վախենում էի մահվանից, գիշերներն արթնանում էի և լսում մայրիկիս շնչառությունը, և այդպես ամեն գիշեր:
- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
- Ես կարողանում եմ ներել, բայց ոչ մոռանալ: Եթե թշնամիները կարողանային ներել իրար, ապա ընկերներ կդառնային:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:
- Նման մարդկանց ընդհանրապես չեմ վերաբերվում:
- Ի՞նչ է Ձեզ համար փողը:
- Փողն ինձ համար գիտելիք ստանալու միջոց է, ճանապարհորդելու հնարավորություն, համաշխարհային քաղաքակրթությունն ու մշակույթը ճանաչելու միջոց:
-Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել
մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
- Կարծում եմ` մայրս, իսկ եթե հնարավոր լիներ կյանքս տալ 2 հոգու փոխարեն, ապա երեխաներս կլինեին:
- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ
հիշողություն, ո՞րը դա կլիներ:
- Ապրածս կյանքից ոչ մի րոպե իր դժվարություններով և ուրախություններով հանդերձ չէի ջնջի հիշողությունիցս:
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
- Ծնողներս, երեխաներս, ընկերներս:
- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք.
Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
- Նրանք, ովքեր կան իմ կյանքում և եղել են, ահա այդ ամենն է իմ հարստությունը, կյանքի բեռը` վաստակված արյամբ և արցունքներով, ահա այդ ամենը ես կտանեի հետս մյուս կյանք:
- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից
ո՞րն եք նախընտրում:
- Մեկն առանց մյուսի արդյունավետության չի կարող հանգել. դա մեկ ամբողջական հասկացություն է:
- Կա՞ այնպիսի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք
ընտրել եք որպեսկյանքի ուղեցույց:
- Աստվածաշնչից. Մարդականց հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին:
- Եթե ռեփեր լինեիք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Ես կերգեի ազատության մասին, այն մասին, որ մարդը պետք է չլինի հանգամանքների ստրուկը: Մեզնից յուրաքնչյուրը ծնվում է նրա համար, որպեսզի իրեն և իր շրջապատող աշխարհը դարձնի ավելի լավը, մարդը չի կարող ծնվել միայն նրա համար, որ համեղ ուտի և փափուկ քնի, և թռչունների նման չձգտի բարձրության:
-Գիրք կամ ֆիլմ, որը հեղափոխել է Ձեր մտքերը:
- Дж.Лондон " Белый клык":
Հեղինակ` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ