Սահմանադրական դատարանը շարունակում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կետերի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննությունը: Այս պահին կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով:
Անդրադառնալով պատասխանող կողմի հնչեցրած փաստարկներին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց.
«Հնչում են փաստարկներ, թե իբր մեր քաղաքացիները երիտասարդ տարիներին չեն մտածում իրենց ծերության մասին, դրա համար պարտադրում ենք, որ քաղաքացիները կատարեն այդ կուտակումները: Սրա վերաբերյալ միջազգային իրավունքում գոյություն ունի հստակ հակափաստարկ: Եթե մեր քաղաքացիները չեն մտածում և չեն պատկերացնում, որ իրենք կարող են ծերանալ, ինչպե՞ս ենք նրանց պարտադրում, որ չունենալով նվազագույն մասնագիտական գիտելիքներ՝ կատարեն ընտրություն այս կամ այն ֆինանսական գործիքների հարցում: Ո՞րն է տրամաբանությունը»:
Պատգամավորը նշեց, որ մասնագետների կողմից ԿԲ-ի համացանցային ռեսուրսում տեղադրված տվյալների հիման վրա հաշվարկ է կատարվել, թե որքան կենսաթոշակ է ստանալու անձը, ով ծնվել է 1974 թվականին՝ 23 տարի կուտակելու դեպքում, եթե ներկա չհարկված աշխատավարձը 150 հազար դրամ է, ակնկալվող տարեկան աճը 5%, ակնկալվող եկամտաբեությունը 5%, կենսաթոշակային կյանքի տևողույթունը10 տարի, սպասվող գնաճը՝ տարեկան 5%: Այս հաշվարկով՝ ամսական ստացվող կենսաթոշակի ներկա արժեքով ստացվում է 41. 483 դրամ:
«Այս ցուցանիշներով ակնհայտ է, որ հնարավոր չէ ապահովել բարեկեցիկ ծերությություն: Սա ընդամենը 10 տարի հետթոշակային տարիներն են: Իսկ եթե «ի հեճուկս» այս հաշվարկների քաղաքացին ապրում է 20 տարի, որքա՞ն թոշակ է ստանալու: Սրա կեսը: Այն պնդումները, թե հաշվարկները ցույց են տալիս, որ իբր բարեկեցիկ կյանք են ունենալու, բոլորը թվային մանիպուլիացիաներ են և իրականության հետ առնչություն չունեն»,- հավելեց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝
«Պետական մարմինների պահվածքն այս հարցում մեղադրողական է: Մեղադրում են 50-80-ական թվականների բուռն ծնունդները: Ստացվում է՝ սխալ է եղել, որ երկրում շատ մարդ է ծնվել: Ստացվում է, որ նրանք բեռ են դարձել մեզ համար: Այս տրամաբանությունը կապ չունի սոցիալական պետության հետ: Մենք խոսում ենք ծնունդների խրախուսման մասին, մյուս կողմից մեզ հակափաստարկ է բերվում, որ քանի որ այդ թվականներին եղել են շատ ծնունդներ, դրանք այսօր գնում են կենսաթոշակային համակարգ և բեռ են դառնում մեզ համար: Այդ դեպքում ինչու՞ ենք խրախուսում ծնունդները, որ բեռ դառնա՞ն»: