«1468» ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր «1489»-ը Թայվանի շատ հայտնի ու պատվավոր Women Make Waves փառատոնի բացման ֆիլմն էր։
Երեկ գրեցի փառատոնին, տեքստ ուղարկեցի ու խնդրեցի իմ խոսքը կարդալ ֆիլմից առաջ, որով հիշեցնում եմ գերիների մասին, Արցախի էթնիկ զտումների մասին։ Տեքստը ավարտվում էր մեկ րոպե ոտնկայս լռություն խնդրելով, ի հիշատակ բոլոր զոհվածների ու բոլոր մարդկանց ովքեր հիմա զոհվում են աշխարհի տարբեր պատերազմներում։
Նոր իմացա, որ նաև կինոթատրոնի լույսերն են անջատել` որպես սգի նշան։ Չգիտեմ, գուցե Թայվանում սա սգալու նորմալ ակտ ա, եթե գիտեք սրա մասին ասեք։ Բայց ես տակնուվրա եմ եղել։ Մեծ փառատոնն իր բացումը սկսեց մեզ հետ ու աշխարհի պատերազմներում տառապողների հետ սգալով ու հիշատակ հարգելով։
Հա, բացման ֆիլմից հետո կգնան ֆուռշետի, բայց կխոսեն 1489-ի մասին ու մեր մասին։ Ու մի քիչ տխուր կուտեն սեղանի հացը, բայց չեն մոռանա այլևս փառատոնի էսքան տարբերվող բացումը։ Տխրությունն էլ թույլ կտա հիշել, որ մարդ են։
Մենք ամեն քայլով ուզում ենք մոռացության տալ մեր հետ պատահածը, որը հենց մեր մասնակցությամբ եղավ ու լինում ա։ Մոռացության ենք տալիս ու դրանով անդադար թույլ ենք տալիս, որ կրկնվի պատմությունը։
Մենք էդպես էլ չուզեցինք մեր ապրումների ու արարքների հետ պատվով հաշվի նստել, որ հետո կարողանանք մարսել ու առաջ շարժվել։
Համ սոլիդարություն եմ զգում, սիրտս տաքացել ա, համ ամոթից գետինն եմ ուզում մտնել մեր չարածների ու շատ արածների համար։
Ի դեպ, էդ տեքստը, որը խնդրեցի կարդան, երկար ժամանակ չի, որ սկսել եմ խնդրել փառատոններին կարդալ ֆիլմից առաջ կամ հետո, եթե ես փառատոնին ներկա չեմ լինում։ Երբ ես ներկա էի լինում նույնպես չէի անում։ Բառերից զուրկ էի։ Ֆիլմից հետո հարց ու պատասխանի ժամանակ միշտ խոսում էի գերիների ու Արցախի էթնիկ զտումների մասին։ Ֆիլմից առաջ ուղղակի բարևում էի մարդկանց ու լեզուս պապանձվում էր։ Մի ահագին ժամանակ խելքս չի կտրել մարդկանց ոտքի հանեմ զոհերի հիշատակը հարգելու ու մեկը չի եղել ասի, որ պիտի անեմ։ Սա էլ ցույց ա տալիս, թե ինչքան զուրկ ենք արարողակարգայնությունից, ինքներզ մեզ հարգելուց ու ինչքան դանդաղ ենք կողմնորոշվում էն պայմաններում ինչի մեջ գտնվում ենք։ Հետո հանկարծ հասկացա, որ պիտի սա անեմ, ու հետո հասկացա, որ պիտի նաև սոլիդարության ակտ դառնա բոլոր մարդկանց հետ ովքեր տառապում են պատերազմներում հենց էս պահին։ Բայց էս իմ չանելը նաև ցույց ա տալիս, որ անգամ մեկը, ով գործողությամբ մարսում ա տրավման (մարսելը, որպես ընթացք), միևնույն ա երկար ժամանակի կարիք ունի շատ բաներ հասկանալու համար։ Սա (նորից) նշանակում ա, որ նրանք ովքեր փախնում են տրավման մարսելուց՝ լռվում են ու ընկնում կրկնողության փակ ցիկլի մեջ մինչև իրենց թույլ կտան զգալ ու գիտակցել, վերապրել ու անցնել տրավմայի միջով։ Սա հեշտ բան չի, բայց պարտադիր ա։ Մենք դեռ 1915-ը չենք գիտակցել ու վերապրել ու պահել մեր պատիվը ու պատիվ պահանջել։
Շատ եմ լսում տարիներով, որ հայերը բողոքում են, թե մենք միայն տխուր բաների մասին ենք խոսում աշխարհի հետ։
Եթե չենք մարսել մեր հետ եղածը՝ չենք անցնի առաջ ու հա նույնը կլինի։ Մարդ խոսում ա նրանից ինչի մեջ գտնվում ա։ Մենք շատ դանդաղ ենք րեակցիա տալիս էն ամենին ինչ կատարվում ա մեզ հետ, ու լուծում փնտրելու փոխարեն լճանում ենք եղածի մեջ։ Էդպես, եթե անգամ լավ բանի մեջ լճանաս՝ կդառնա չարիք»։
|