«Դավադրությունների տեսության» ուժը
Գիտե՞ք քանի անգամ են տարբեր մարդիկ ինձ «ստույգ» պատմել, որ երեկ տեսել են Վանո Սիրադեղյանին՝ սիգարետ գնելիս կամ «Նիվայի» ղեկին:
Ամեն անգամ նման պատմություն լսելիս՝ ուզել եմ առարկել, բայց չեմ անում, որովհետև անմիջապես հարցնելու էին՝ բա որ ինքը չէի, ո՞ւր է...
Նույն կերպ, վրացի քաղաքական գործիչ Զուրաբ Խուբուլաշվիլին հայտարարում է, որ նախկին նախգահ Միխեիլ Սահակաշվիլին հեղաշրջում է նախապատրաստում՝ Ուկրաինայի նոր իշխանությունների միջոցով: Այս մարդուն էլ է անիմաստ առարկելն, որովհետև նա էլ խուճուճ հարցեր կսկսի տալ:
Դավադրությունների տեսությունների հեղինակները սիրում են լեգենդներ հորինել, հավատալ դրանց ու դրանցով օրակարգ ձևավորել: Ու հաճախ այդ «տեսություններին» ավելի շատ մարդ է հավատում, քան՝ իրականությանը, որովհետև մարդիկ ուզում են հավատալ, որ իրենց պրոբլեմները ստեղծվել են նրանից, որ Վանոյի տեղը չգիտեն կամ էլ, որ Վրաստանի նոր կառավարությունը չի հաջողում՝ Միշայի արևմտյան հովանավորների պատճառով:
Իրականում՝ այնքան էլ կարևոր չէ՝ որտե՞ղ է Վանոն. նա, որպես քաղաքական գործոն, վաղուց չկա ու չի կարող խանգարել իշխանություններին:Սահակաշվիլին էլ երբեք հեղաշրջում չի կարող անել, եթե Վրաստանի նոր իշխանություններն արդյունավետ կառավարեն երկրիը: Ըստ այդմ, սերիալ բեմադրելու փոխարեն, երևակայությունն անհրաժեշտ է օգտագործել՝ երկիրն ավելի լավ կառավարելու համար...