▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիներ շարունակ տարածքներ ենք հանձնել և այդ պատճառով այս վիճակում ենք

«Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը չեմ կարծում, որ լավ բան տա: Ընդհանրապես, պատերազմից հետո շփումը լավ բան չի տա, բացի մեկ հանգամանքից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ՀՀ-ն չվիրավորեց: Եթե մի քիչ ավելի կենցաղային ասենք, չնեղացրեց նրանց»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով.

«ԵԱՀԿ գրասենյակը տեղեկացրեց, որ նախագահների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ հանդիպել հունիսին: Ըստ էության՝ խոսքը բանակցությունների վերսկսման մասին է: Մենք ի՞նչ ենք  քննարկելու: Ինձ հայտնի չէ Հայաստանի տեսակետը: Ի՞նչ փոխզիջումների ենք պատրաստ լինելու և, ընդհանրապես, մենք ինչո՞ւ պետք է ինչ-որ մի բան զիջենք: Նրա համար, որ մեր պարտված թշնամին մեզ կարգավիճա՞կ զիջի: Աշխարհում բազում տարածքներ առանց ճանաչման ապրում են, մենք ինչո՞ւ ենք անընդհատ թշնամուց ճանաչում աղերսում»:

Հայկ Մարտիրոսյանն ուզում է հասկանալ՝ մեզ պե՞տք է այսպես կոչված կարգավորում, թե՝ ոչ.

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար կարգավորված է, չկարգավորված է այն մասով, որ պետք է հետ բերենք կորցրած այն 800 հեկտարը, որի մասին հայտարարվեց: Փաստորեն, երկար ժամանակ խոսել ենք նրա մասին, որ հաղթող կողմ ենք, և եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք շահագրգռված, որ մեր հաղթանակը թշնամին իրավաբանորեն ընդունի: Կա հայկական երկրորդ պետություն, որը պետք է դարձնենք Հայաստանի վերջին մարզը: Ինչո՞ւ ենք մենք ուզում, որ պատերազմ չլինի: Պատերազմ լինելու է յուրաքանչյուր պարագայում: Քաղաքագետները շատ են ասում հետևյալ նախադասությունը, որին ես էլ եմ կողմ.տվե՛ք, նրանց Արցախը, կուզեն Երևանը: Այսինքն, մենք ի՞նչ ենք ակնկալում, փոքրիկ զիջումներ անելով խաղաղությա՞ն ենք հասնելու: Մենք տարիներ շարունակ տարածքներ ենք հանձնել և այդ պատճառով այս վիճակում ենք»,-նկատեց քաղաքագետը:

Հայկ Մարտիրոսյանի համար անհասկանալի է միջազգային  հանրությունից մեր սարսափելը.

«Չեմ կարողանում հասկանալ, թե հասարակությունն ինչպե՞ս կարող է չպահանջել, որ պետությունն ինքնապաշտպանական քայլեր կատարի: Եթե ինքնապաշտպանություն ասելով հասկանում ենք կանգնելը, սա տարօրինակ է: Լավագույն ինքնապաշտպանությունը հակահարձակումն է: Մեր խնդիրն այն է, որ ոչ մեր թշնամուն գիտենք, ոչ էլ մեր պատմությունը: Իսկ, եթե գիտենք, ապա ամոթ մեզ, որ դրանից դասեր չենք քաղում: Մոռանում ենք, որ թյուրքական տարրը մեկ սկզբունք ունի.գրավել, մնալ և տարածվել»: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее