Ասում են՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական Մոնտրյո քաղաքի «Ռոյալ Պլազա» հյուրանոցում հանդիպել է սիրիական ընդդիամդիր «Ազգային կոալիցիայի» պատվիրակության անդամներին:
Ընդ որում, Դավութօղլուն պահանջել է, որ հանդիպումը կայանա սիրիական ընդդիմության և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ ալ Ախդար ալ Իբրահիմիի հետ ծրագրված խորհրդակցությունից առաջ:
Ասում են նաև, որ Դավութօղլուն կոչ է արել «Ազգային կոալիցիայի» ներկայացուցիչներին՝ որևէ զիջման չգնալ սիրիական կառավարական պատվիրակության հետ սպասվող բանակցություններում:
Բացի դրանից, թուրք դիվանագետը պահանջել է, որպեսզի սիրիացի ընդդիմադիրները բոլոր հնարավոր միջոցներով պնդեն այն վարկածը, թե երկրի տարածքում գործող այնպիսի ծայրահեղական կառույցներն, ինչպես օրինակ՝ «Ջաբհաթ ալ Նուսրան», «Իրաքի և Շամի իսլամական պետությունը» ստեղծվել են սիրիական վարչակարգի կողմից:
Դավութօղլուն հաստատել է նաև այն գլխավոր պահանջը, որով պետք է հանդես գա սիրիական ընդդիմության պատվիրակությունն՝ այն է՝ նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:
Շարունակելով Անկարայի խաղի տրամաբանությունն՝ ի՞նչ է ստացվում. փաստորեն, թուրքական դիվանագիտությունը և նրա «անկրկնելի առաջնորդը» հին երգն են երգում:
Սիրիայի տարածքում ահաբեկչական կառույցների հիմնումը սիրիական իշխանություններին վերագրելու մեղադրանքը թուրքական մատուցմամբ բազմիցս է հնչել արտասիրիական ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Իսկ դրա մեկնաբանությունն էլ այն է, թե իբր Սիրիայի նախագահն, օրինականացնելու համար սեփական պայքարն ահաբեկչական տարրերի դեմ, ձեռնամուխ է եղել ծայրահեղական խմբավորումների ստեղծմանը:
Այսինքն, ստացվում է՝ նույն սիրիական ընդդիմությունն այսօր երկու ճակատով է պայքարում սիրիական իշխանությունների դեմ:
Եթե այդպես է, ապա՝ ինչպես ալ Ասադը ստեղծել է այդ կառույցներն, այնպես էլ կարող է վերացնել դրանք: Արդյունքում, ի՞նչ է ստացվում, որ եթե Ժնևում կայանա որևէ համաձայնություն հակամարտ կողմերի միջև, ապա դրա կենսագործումը հիմնականում ալ Ասադի ձեռքում է լինելու:
Իսկ այդ դեպքում, ինչու՞ է Դավութօղլուն ընդգծում՝ ալ Ասադի հրաժարականի պահանջը, չէ՞ որ, եթե Սիրիայի նախագահը հեռանա, ապա ո՞վ է վերահսկելու այդ կառույցների գործունեությունը, ոչ ոք: Ստացվում է՝ Թուրքիան չի ցանկանում սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը, և նորից ստացվում է՝ Անկարան հերթական երկդիմի խաղն է նախաձեռնել: