▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական պետությունն այսօր չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, որովհետև...

«15-20 տարվա  ընթացքում կունենանք դե յուրե ճանաչված քրդական պետություն: Այն, որ մինչ օրս չի ստեղծվել քրդական պետությունը, խնդիրն այն է, որ հիմնական դերակատարները դեռևս իրենց համար վերջնական որոշում չեն կայացրել: ԱՄՆ-ը, լինելով հարուստ երկիր, կարողանում է միաժամանակ իրարամերժ քաղաքականություն իրականացնել.մի կողմից Թուրքիան ՆԱՏՕ անդամ երկիր է, նրա հետ է, բայց մյուս կողմից զարգացնում է  քրդական գործոնը: Այսօր քրդերին ո՞վ է սիրում. ԱՄՆ-ը: Մյուս կողմից՝ Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը բերելու է նրան, որ Արևմուտքը փորձելու է խոչընդոտ ստեղծել: Այսօր և՛ թուրքերը և՛ ռուսները մեկուսացման մեջ են, հետևաբար Արևմուտքը կրկնակի զսպման քաղաքականություն է իրականացնում և, ստեղծելով քրդական պետություն՝ կզսպի և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին: Ստրատեգիական առումով Ռուսաստանի համար ամենամեծ վտանգը Արևմուտքը չէ, Չինաստանն ու իսլամական աշխարհն է:  Իսկ մեզ համար սա զուտ քաղաքագիտական հարց չէ, սա կենսական հարց է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Քրդստան պետության ստեղծման մասին՝ ասաց Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա մի կողմից շահագրգռված է քրդական պետության ստեղծումով, մյուս կողմից էլ ոչ այդքան:

«Թուրքիան որպես շուկա է օգտագործում, իսկ այսօր Ռուսաստանի տնտեսական վիճակը շատ վատ է և ավելի է վատանալու: Ռուսաստանը գնում է տակտիկական շահի հետևից, բայց կորցնում է ստրատեգիականը: Ակնհայտ է, որ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև հարաբեությունները գնալով խորանում են: Նյու Յորքի մակարդակով խմբագրականներ են սկսում գրել այն մասին, որ Թուրքիան այն դաշնակիցը չէր, որ կար: Սխալ հաշվարկների դեպքում Թուրքիան կարող է պատժվել և պատժի գործիքներից մեկը կլինի քրդական գործոնը»:

Անդրադառնալով Հայկական ու քրդական հարցերին՝ Արա Պապյանը նկատում է.

«Ի տարբերություն Հայկական հարցի՝ քրդականը երբեք միջազգային հարց չի եղել: Քրդերը մշտապես դիտարկվում էին որպես  թուրքական հանրության մաս: Քրդերը եղել են կոտորողները, մենք՝ կոտորվողները: Եթե այսօր համեմատենք, թե որ պետությունն է ավելի շատ շահել հայոց Ցեղասպանությունից, ապա դրանք քրդերն են, որովհետև նախ ձեռք են բերել հայրենիք, ապա՝ հարստություն,  որովհետև հայերի հողամասը, անասունները, ունեցվածքը, կանայք և երեխաները նրանց են բաժին հասել: Երբ Քեմալին հաջողվեց քրդերին հայերի դեմ տրամադրել՝ 1919-21թթ, այն պատճառով, որ ասաց, թե գիտեք, եթե մենք  չկռվենք հայերի դեմ,նրանք  կգան, հետ կվերցնեն իրենց տները: Պատկերացրեք՝ մի քուրդ, որը հյուղակի մեջ էր ապրում, 1915թ.-ից հետո ապրում է հարևանի երկհարկանի քարաշեն տանը և հանկարծ ասում են, որ կարող է գան ու ձեռքից խլեն: Դրա համար էլ, այսօր քրդերից շատերն են ճանաչում  Հայոց ցեղասպանությունը, բայց, երբ խոսում ես հատուցման մասին՝  իսկույն ասում են՝  չէ: Բայց այդպես չի լինում: Եթե ցեղասպանություն է, ուրեմն հանցագործություն է: Համոզված եմ՝ թուրքական պետությունն այսօր չի ընդունում Հայոց ցեղասպանությունը ոչ թե նրա համար, որ բարոյապես վատ է զգում իրեն, այլ նրա համար, որ վախենում է հատուցումից: Ցեղասպանության հարցը միայն բարոյական չէ.դրա մեջ կա ռազմական, տնտեսական անվտանգություն և այլն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее