▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան պետք է ներողություն խնդրեր Հայաստանից. Նրանց դուր գալու ձգտումն աններելի է. քաղաքագետ

Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 31-ին Կարսի բնակիչ 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերը  պետական սահմանը հատելիս  ռուս սահմանապահների կողմից վիրավորվել էր և հաջորդ օրը մահացել:

 Երկար սպասեցնել չտվեց դեպքի առնչությամբ  Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որտեղ մասնավորապես շեշտվում է,  որ «իրենց անմեղ քաղաքացուն հասարակ մի սահմանախախտության պատճառով կրակել և  սպանել են»:

Այսօր, սակայն, ИТАР-ТАСС գործակալության թղթակցին ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը հայտնել էր, որ Մուսթաֆա Ուլքերը կրակահերթ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ և փորձել է ներխուժել հայկական տարածք: Որից հետո միայն ռուս սահմանապահները կրակ են բացել:   

Ցավոք, չուշացավ նաև ՀՀ  արտգործնախարարության արձագանքը, որն այս պարագայում  մեղմ ասած անտրամաբանական է:

«ՀՀ  արտգործնախարարությունը հայտագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին գրանցված միջադեպի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հայտարարությունը բնականաբար միանշանակ չընդունվեց ու չընկալվեց:

ASEKOSE.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ.

-Պարոն Շաքարյանց, ինչպե՞ս եք գնահատում արտգործնախարարության քայլը: Այն դեպքերում, երբ այս  գերատեսչությունը պարտավոր էր հստակ դիրքորոշում արտահայտել, համառորեն լռում էր…  իսկ այսօր մեղայական հայատարարություն է ուղարկում մի երկրի, որի հետ Հայաստանի հարարաբերությունների մասին ավելորդ է անգամ հիշեցնել: Այն պարագայում, երբ մենք չճանաչված Ցեղասպանություն ունենք:

 -Ես չեմ հիշում, որ մեր արտգործնախարությունը երբևէ որևէ պաշտոնական նոտայով կամ մեկնաբանությամբ հանդես եկած լինի այն ժամանակ, երբ Թուրքիայում բազմաթիվ հայեր են սպանվել:  Խոսքս արդի Թուրքիայի մասին է: Ես չեմ հիշում, որ այս կառույցը երբևէ որևէ դիրքորոշում արտահայտած լինի այն ժամանակ, երբ դիցուք`  թուրքական կողմից ինչ-որ յուրօրինակ տարբերակով անասուններ են գողանում Հայաստանի տարածքից և այլն:  Նման դեպքերի մասին կարելի է անվերջ խոսել: Ես չեմ հիշում, որ մեր արտգործնախարարությունը որևէ շտապ փաստաթուղթ ձևակերպեր և ուղղեր Անկարային: Այս ֆոնին, իհարկե, բացասական է իմ վերաբերմունքը այդ հայտարարության վերաբերյալ: Չսպասելով,  թե հետաքննությունն ինչ արդյունքներ կտա, չսպասելով, թե սահմանապահ զորքերի հրամանատարությունը` ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, ինչ եզրակացություն կներկայացնեն հասարակությանը, գնալ այդպիսի քայլի, նշանակում է, որ Հայաստանում թուրքեր են ապրում, կամ թուրքամետներ և աջից ձախ աշխատում են թուրքերին դուր գալու համար: 

Ես այսպես եմ մեկնաբանում: Հակառակ պարագայում արտգործնախարարությունը պիտի սպասեր, մինչև հետաքննությունը պաշտոնապես ավարտվի և արդյունքները հայտարարվեն հրապարակավ, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե այդ միջադեպը տեղի է ունեցել այնպես,  ինչպես ձևակերպում էին թուրքական ԶԼՄ-ները:  Թե եղել են այլ հանգամանքներ: Հայ-թուրքական սահմանի տվյալ հատվածը  լիովին  վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից: Մենք գործ ունենք ոչ թե թուրք հովվի կողմից  սահմանը անզգուշաբար  հատելու, այլ միտումնավոր  ապօրինի խախտելու փաստի հետ:  Թե ինչ նպատակով, ես չեմ ուզում խորանալ:  Մի բան սակայն հստակ է` սահմանը խախտողին ե՞րբ են կրակում, երբ նա չի ենթարկվում հրանամանին` կանգնել, կամ առաջինը նա է կրակ բացում:  Եվ ահա այս պարագայում մեր արտգործնախարարության քայլը պետք է արժանանա միմիայն քննադատության:  Դա  բարոյազրկված հայտարարություն է:  Եթե միջադեպը հայկական կողմի մեղքով լիներ, միգուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ, բայց այս պարագայում Թուրքիայի քաղաքացին է մեղավոր:  

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее