▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիայի ազգային տոնին Բալայանի մասնակցելը ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցված էր». Վահան Կոստանյան

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը, դա համաձայնեցվա՞ծ է եղել ԱԳՆ-ի հետ, թե՞ սեփական նախաձեռնությամբ է եղել, նշեց․ «Համաձայնեցված է եղել։ Կարծում ենք, որ դիվանագիտական շփումները, տարբեր մակարդակներում, այդ թվում նաև դեսպանների մակարդակով նորմալ պրակտիկա է, եղել է ընդունելությանը մասնակցելու հրավեր, հրավերն ընդունվել է»։

Կոստանյանը հավելեց, որ թուրքական կողմից ներկայացուցիչներն էլ մասնակցում են ՀՀ տարբեր ընդունելությունների․ «Կարծում եմ սա նորմալ է՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, և այս պահին բավականին դինամիկ է»։

Անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի սպառնալիքներին՝ ուղղված ՀՀ դեսպանին՝ փոխարտգործնախարարը նշեց․ «Այդ միջադեպը մտահոգիչ է և տհաճ»։

Կոստանյանը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապ ունի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ, նշեց․ «Հույս ունենք, որ Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, այլ նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների ամբողջական բացման»:

 

«Ռազմագերիների հարցը մշտապես մեր օրակարգում է․․․ Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և մեզ փոխանցում են տեղեկատվություն նաև նրանց առողջական վիճակի մասին»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Բացի դրանից՝ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային իրավապահ կառույցների և տարբեր այլ գործընկերների հետ, օրինակ՝ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի հետ, որոնք հստակ մանդատ ունեն այս խնդիրներով զբաղվելու»,- նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով COP-29-ից առաջ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր վերադարձի հարցին, Վահան Կոստանյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ի առաջնահերթությունների թվում է մեր բոլոր հայրենակիցների վերադարձի հարցը»:
Նա նաև հայտնեց, որ աս պահի դրությամբ COP-29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում։

***

Ինչպես հայտնի է Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի 11-րդ խմբագրությունը։ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների շուրջ համաձայնություն դեռ չկա. «Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմ բանակցային գործընթացում: Կան հարցեր, որոնք շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Մեր առաջարկը նաև ուժի մեջ է մնում: Այնուամենայնիվ, մենք ստացել ենք 11-րդ խմբագրությունը և կմտածենք ժամկետներում պատասխանելու մասին»,- ասաց նա։
Կոստանյանը հայտնեց նաև, որ այս պահին նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումները հաճախակիացնել, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստը։ Փոխնախարարը հավաստացրեց, որ ՀՀ սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս․ «Հայաստանը ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ ևս քննարկում չկա»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее