▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի անվստահության հարցը դրսի՞ց է ուղղորդվում

 

Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովն, ով հայտնի է որպես Կրեմլի «արտահաստիքային» քաղաքագետ, այսօր հարցազրույց է տվել՝ մասնավորապես ասելով. «Ես չեմ կարող դատել, թե ինչ է նա(Տիգրան Սարգսյանը) անում այս ուղղությամբ(Մաքսային միության) երկու պատճառով: Առաջին՝ քննարկումներ ՀՀ-ում չկան, երկրորդ՝ վարչապետը չի պատասխանել քաղաքականապես իր ոչ մեկ անգամ մեծ հակասություններով հայտարարություններին այն մասին, որ ՀՀ-ն չի կարող միանալ ՄՄ-ին, քանի որ չունի ընդհանուր սահման: Այս մակարդակի անձը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր յուրաքանչյուր հայտարարության համար»։
Կարելի էր Կոլերովի այս ասածին առանձնապես լուրջ չվերաբերել, մանավանդ որ՝ նա չունի իր երբեմնի ազդեցությունն ու ասում են՝ ժամանակի մի մասն Երևանում է անցկացնում։
Սակայն կան հարակից փաստեր, որոք անուղղակիորեն կարևոր են դարձնում Կոլերովի խոսքը։
Խնդիրն այն է, որ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն համաձայնության են հանգել՝ խորհրդարանում վարչապետի անվստահության հարցը բարձրացնելու խնդրում։
Բնավ չի բացառվում, որ այս կուսակցություններին վերոհիշյալ թեման «հուշվել» է հենց մոսկովյան շրջանակներից։ Գաղտինք չէ, որ թե ԲՀԿ–ն ու թե ՀԱԿ–ը մեծ տեղ են տալիս մոսկովյան գործոնին, նույնիսկ կարծիք կա, որ այս կուսակցությունների մերձեցման գաղափարն ու տերպետրոսյանական բուրժուադեմոկրատական հեղափոխության թեզը նույնպես մոսկովյան «կոնսուլտացիաների» արդյունք են։ Այս վարկածը գոյության իրավունք ունի, քանի որ՝ մերձեցվողների առաջնորդները՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն երբևէ չեն հանդիպել։
Ահավասիկ, անուղղակի կապ է երևում զույգ կուսակցությունների նախաձեռնության և Կոլերովի հարցազրույցի միջև։
Եթե ընդունենք, որ վարչապետի խնդրում առկա է մոսկովյան հետք, ապա ո՞րն է Կրեմլի խաղի իմաստը, հատկապես որ՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին։
Մարտավարական իմաստով՝ Մոսկվան փորձում է կաշկանդել Երևանի գործողությունները՝ դրանք ավելի «եվրասիականացված», կախատեսելի դարձնելու համար։ Սա հատկապես արդիական է դառնում այն բանից հետո, երբ Բրյուսելում մշակվել է «Եվրոպական փաթեթը»։
Կա նաև ռազմավարական խնդիր. գուցե Մոսկվայում համարում են, որ «եվրասիականացված» Հայաստանում իրենց է պատկանում վարչապետի պաշտոնը՝ ճիշտ այնպես, ինչպես սովետական հարապետությունների կոմկուսների երկրորդ քարտուղարները գործուղվում էին Մոսկվայից։
Կարող է ակամայից այնպես ստացվել, որ վարչապետի հրաժարականը պահանջող հայաստանյան ուժերը նպաստում են Մոսկվայի կայսերական հերթական նախագծի իրականացմանը…

 

Սուրեն Սուրենյանց

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее