Ուշադիր կարդացի aravot.am կայքում հրապարակված ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված նամակը՝ ենթադրյալ ոսկեվանցիների անորոշ ստորագրությամբ: Ինչու ենթադրյալ, որովհետև նամակում որևէ անուն ազգանուն գրված չէր: Կարծում եմ, որ ազատ խոսքի և քաղաքացիական կեցվածքի ցուցադրման բացառիկ զարթոնքի ֆոնին հարիր չէ հրապարակել նամակներ՝ ստալինյան մատնագրերի տեսքով: Նամակը այնքան նեղ անձնականի ցցուն դրսևորումներով է գրված, որ ակամայից հարց է ծագում, թե արդյոք լրատվական կայքը կրթության և գիտության նախարարի հետ նամակագրության լավագույն փոստային ուղին է...
Այժմ ցանկանում եմ կենտրոնանալ մի քանի ակնհայտ փաստերի վրա...
Նամակում նշված է, որ Գարիկ Ռաֆիկի Մամյանը 2000թ. մարտի 3-ին աշխատանքի է անցել որպես աշխարհագրության ուսուցիչ, սակայն նրա մանկավարժական գործունեությունը առաջացրել է աշակերտների ծնողների վրդովմունքը: Ախր ինչու այդ մասին հիշեցիք այսօր, երբ մյուս թեկնածուն՝ այդ դպրոցի 16 տարվա փոխտնօրենը, 13 տարի շարունակ աշխատել է այդ մարդու հետ կողք կողքի, չի փորձել ընթացք տալ ծնողների բողոքին, և Գարիկ Մամյանը շարունակել է վատ կատարել իր պարտականությունները: Արդյոք դա չի խոսում այն մասին, որ նույն փոխտնօրենը իր դիրքերում չի եղել՝ չկանխելով իր ենթակայի թերի մանկավարժական գործունեությունը... Արդյոք այդ մասին հիմա բարձրաձայնելը պաշտոնից կառչելու պատրվակ չէ...
Նամակում նշված է, որ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված առաջին մրցույթում ձայների հարաբերությունը եղել է 4:3` հօգուտ տնօրենի թեկնածու Տիրացվյանի, իսկ երկրորդ մրցույթում արձանագրվել է ճիշտ հակառակ պատկերը: Նամակի այս հատվածում հետաքրքիր գրառում կա՝ Գ. Տիրացվյանի 5-րդ ձայնը նրա 30 տարվա գործընկերը, որը չի ներկայացել քվեարկության՝ ինչ-ինչ ճնշումներից ելնելով: Այստեղ ստոպ, դուք նախարարից պահանջում եք անաչառ նշանակում, սակայն խախտում եք գաղտնի քվեարկության իրավունքը: Իսկ ինչ գիտեիք, թե ընտրության չներկայացած անդամը ում օգտին էր քվեարկելու: Վստահ լինելու համար, որ նա հենց քեզ է ընտրելու՝ պետք է տիրապետել մարդկությանն անհայտ գուշակության տարատեսակի կամ խիստ շահագրգռել քվեարկողին: Երկու դեպքում էլ երևույթը հարիր չէ ապագա տնօրենին:
Ուշադրություն դարձրեք նամակի վերջին տողերին. նամակագիրները սպառնում են, որ Գարիկ Մամյանի՝ տնօրեն նշանակվելու դեպքում համախմբված Ոսկեվանում պառակտում կառաջանա: ՞Չենք ուզում կորցնել մեր հույսն ու հավատը, որ կհաղթի արդարությունը, եւ խնդրում ենք կայացնել արդար որոշում՞- աղերսում են արդարության առաջամարտիկները: Նախ ձեր անձնական հարցերը մի փաթաթեք ոսկեվանցիների վզին, որովհետև Գ. Տիրացվյանի պայքարը արդարության համար պայքար չէ, այլ ընդամենը դպրոցի տնօրեն դառնալու մրցավազք: Այդ պաթետիկ, սովետիզմի հոտ փչող որակումները վաղուց արդեն ազդեցություն չեն գործում: Ներկայացրեք ձեր թեկնածության հիմնավորման առավել հասկանալի փաստարկներ: Եթե որևէ հարցում փաստերի բացակայության պարագայում սկսում են հղում անել արդարությանը կամ գյուղի միասնությանը՝ նշանակում է, որ մնացած փաստարկները սին են: Ի վերջո՝ նույն Գարիկ Մամյանը ինքը կարող է հավաքել մի շարք ոսկեվանցիների ստորագրություններ, սակայն դա կդառնա ներանձնական հակասություններում գյուղացիների անհարկի շահագործման լկտի օրինակ...
Ավարտելով՝ ուզում եմ ընդգծել, անձամբ ինձ համար բացարձակապես միևնույնն է, թե ով ինչ պաշտոնում է նշանակվում: Սակայն անձնական ամբիցիաների բավարարումը՝ գյուղացիների ներանձնային համակրանքների կամ հակակրանքների օգտագործմամբ՝ ուղղակի անընդունելի է:
Վարուժան Բաբաջանյանի գրառումը
Ֆեյսբուք