Ես քառասուներկու տարեկան էի, երբ սկսեց ցավել մեջքս, դժվար էի շնչում և գնացի բժշկի: Նա նշանակություն չտվեց դրան:
-Նորմալ բան է ձեր տարիքի համար, - արձանագրեց նա:
-Այդ դեպքում, - առարկեցի ես, - իմ տարիքն է աննորմալ:
Բժիշկը ժպտաց խղճահարությամբ:
-Տեսնում եմ, որ փիլիսոփա եք, - ասաց նա:
Այն ժամանակ ես առաջին անգամ մտածեցի ծերության մասին իմ տարիքի առնչությամբ, բայց հետո բավական շուտ մոռացա այդ մասին: Ես ընտելացա ամեն օր ինչ-որ մի նոր ցավով արթնանալուն, տարիներն անցնում էին, և ամեն անգամ ցավում էր այլ կերպ և ուրիշ տեղս: Երբեմն թվում էր, թե այդ մահն է դուռս բախում, իսկ հաջորդ օրը ցավն ասես չէր էլ եղել: Հենց այդ ժամանակ ինչ-որ մեկն ասաց, որ ծերության առաջին նախանշանը մարդու` իր հորը նմանվել սկսելն է:
Ես, ուրեմն, դատապարտված եմ հավերժական երիտասարդության, այն ժամանակ անցավ մտքովս, որովհետև ձիու իմ կիսադեմը երբեք չի նմանվի ոչ իմ հոր կարիբյան կոպիտ-խիստ կիսադեմին, ոչ էլ մորս` հռոմեական կայսեր կիսադեմի նմանվող կիսադեմին: Բանն այն է, որ առաջին փոփոխություններն այնքան դանդաղ են ի հայտ գալիս, որ գրեթե աննկատ են լինում մարդու համար, նա շարունակում է ներսից իրեն դիտել այնպիսին, ինչպիսին եղել է, իսկ ուրիշները, նայելով նրան, նկատում են այդ փոփոխությունները:
.
Սեռական առումով տարիքս երբեք ինձ չի մտահոգել, որովհետև իմ հնարավորությունները կախված էին ոչ այնքան ինձնից, որքան կանանցից. նրանք գիտեն ինչն ու ինչպեսը, երբ ուզում են:
.
Կյանքի լիակատար հաղթանակը հենց այն է, որ ծերունիների հիշողությունը չի պահպանում ոչ էական մանրուքները և միայն խիստ հազվադեպ է մեզ դավաճանում որևէ իսկապես կարևոր հարցում: Ցիցերոնը դա արտահայտել է մեկ ասույթով. <<Չկա մի այնպիսի ծեր, որը մոռանար, թե որտեղ է թաքցրել գանձը>>:
.
Ես երբեք մոտ ընկերներ չեմ ունեցել, իսկ այն մի քանիսը, որոնց հետ հաջողվեց մտերմանալ, արդեն Նյու Յորքում էին: Այլ խոսքով` մահացել են, որովհետև, ենթադրում եմ, հենց այնտեղ են ուղևորվում վշտալի հոգիները, որպեսզի չորոճան իրենց անցած կյանքի ճշմարտությունը:
.
Քարտուղարուհիները դահլիճ բերեցին կարկանդակը` իննսուն վառվող մոմերով, որոնք առաջին անգամ ստիպեցին ինձ զգալ ապրած տարիներիս քանակը:
.
Ծերության հմայքներից մեկն այն քմայքներն են, որոնք իրենց թույլ են տալիս ջահել մտերմուհիները` համարելով, որ դուք արդեն խաղից դուրս եք:
.
Նա խոսում է նահանգապետի հետ, և դա դժվարին զրույց է, մտերիմ թշնամիների զրույց:
.
Ես նախազգուշացրի. թող աղջնակը լինի այն տեսքով, որով նրանց աշխարհ է բաց թողել Աստված, և ոչ մի ներկ դեմքին: Նա խուլ ծիծաղեց.
-Ինչպես կասես, բայց դու քեզ զրկում ես նրա հագուստը հանելու հաճույքից, շոր շորի ետևից, ինչպես պաշտում են անել ծերուկները, չգիտեմ, թե ինչու:
-Իսկ ես գիտեմ, - պատասխանեցի ես: - Նրանք յուրաքանչյուր անգամ այդպես անելով ավելի են ծերանում:
.
Արյունը տարածվում էր նրա երակներում, ինչպես խաղաղ երգ, հասնում էր մինչև նրա մարմնի ծածուկ տեղերը և, սիրով մաքրված, վերադառնում դեպի սիրտը:
.
Ես վախեցա. աղջնակն այնքան իրական է, որ ամեն տարի մեծանում է մեկ տարով:
.
Այդ նույն շաբաթ գրեցի ևս մի հանդուգն հոդված` Ինչպես երջանիկ լինել հեծանվի վրա իննսուն տարեկանում:
.
Արշալույսին հազիվ էի աչքերս փակել և հանկարծ զգացի, որ կարծես պայթեց ծովի ալիքների շառաչը, խուճապ տիրեց ծառերին և անցավ իմ սրտի միջով: Եվ այդժամ ես մտա լոգասենյակ ու հայելու վրա գրեցի. Դելգադինա-Նիհարիկ, իմ սեր, ահա և սկսվեցին Ծննդյան տոների քամիները:
Իմ ամենաերջանիկ հիշողություններից մեկը հոգեկան շփոթիս մասին հիշողությունն է, որն զգացի մի անգամ, ահա այսպիսի մի առավոտ` դպրոցից դուրս գալիս: Ինչ էր պատահել ինձ:
Ուսուցչուհին ցրված ասաց ինձ.
-Ախ, որդիս, ախր քամիներն են:
Ութսուն տարի անց ես ունեցա այդ նույն զգացողությունը, երբ արթնացա Դելգադինայի անկողնում, և դարձյալ դեկտեմբերն էր, որ եկել էր ճիշտ իր ժամանակին, դեկտեմբերն էր` իր թափանցիկ, մաքուր երկնքով, ավազաբքերով և տների տանիքները քշող ու փողոցներում աշակերտուհիների կիսաշրջազգեստները բարձրացնող պտտահողմերով:
.
Լուսանկարներում մարդիկ ավելի շատ և ավելի վատ են ծերանում, քան իրականում:
.
Ես միշտ ասել եմ` խանդն ավելին գիտի, քան ճշմարտությունը:
.
-Ծերանում եմ, - խոստովանեցի ես:
-Մենք արդեն ծեր ենք, - հոգոց հանեց նա:
- Պարզապես դա ներսից չես զգում, իսկ քեզ դրսից նայողները տեսնում են:
Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին (վիպակ)
ռուսերենից թարգմանեց Հովհաննես Այվազյանը
Հատվածները` Հասմիկ Սիմոնյանի բլոգից